[1]Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չի հերքում, որ քառյակում (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն») գաղափարական տարաձայնություններ կան, եւ չշտապելով հայտարարել քառյակի պառակտման կամ քառյակից դուրս գալու մասին, Դաշնակցությունտը պատրաստակամությունէ հայտնում համագործակցել իշխանության հետ:
Քառյակում տարաձայնությունների, պառակտման, իշխանության հետ համագործակցության եւ Քոչարյանի վերադարձի շուրջ զրուցել ենք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
-Պարոն Մինասյան, լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ քննարկումներ են ընթանում եւ իշխանությունները Դաշնակցությանը Կառավարությունում պաշտոններ են առաջարկում:
-Նախ, տեղեկատվությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլեւ բացարձակ անհեթեթություն է: Կառավարությունում պաշտոններ ունենալը երբեւէ մեզ համար ինքնանպատակ չի եղել, քանի դեռ որեւէ լծակ չի ծառայում երկրում իրական փոփոխություններ իրականացնելուն, ժողովրդի, հասարակության բարեկեցությունը բարձրացնելուն, որեւէ նման լծակի հավակնություններ չենք ունեցել եւ չենք էլ ուզում ունենալ: Ինչ վերաբերում է ընդհանուր փոփոխություների համատեքստում, ապա մենք որեւէ ձեւաչափ կիրառելուց առաջ նախ փորձում ենք ճշտել այդ ձեւաչափի միջոցով երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը: Եթե կօգտագործվի այդ ձեւաչափը երկրում կուտակված խնդիրները լուծելու նպատակով, ուրեմն՝ մենք դեմ չենք այդ ձեւաչափով համգործակցության: Ի դեպ, նման օրինակներից մեկն էլ քառյակն է: Այն հարցերը, որոնք որ հնարավոր են քառյակի մեր գործընկերների հետ համատեղ առաջ քաշել առաջ ենք գնում այդ կետերով, այնտեղ, որտեղ որ համընկնում չկա, տարբեր կերպ ենք մոտենում, ամեն մեկը ինքն է որոշում իր գործողությունները կամ իր ծրագրերի առաջմղման ձեւերը: Հետեւաբար՝ խոսել տարբեր ձեւաչափերի փոփոխության մասին, առնվազն նշանակում է կամ չհասկանալ Դաշնակցության նպատականերն ու ծրագրերը կամ փորձել կույր ձեւանալ:
-Անընդհատ խոսվում է քառյակում հակասությունների եւ պառակտման մասին, որի համար հիմք կարող է հանդիսանալ հենց այն, որ քառյակից միայն ՀՅԴ-ն է կողմ սահմանադրական բարեփոխումներին:
-Մինչեւ քառյակի փլուզման մասին խոսելը նախ պետք է փորձել հասկանալ՝ արդյոք սահմանադրական փոփոխությունները պահի ազդեցությամբ պաշտպանվող կամ մերժվող գործընթացներ են, թե ոչ: Սահմանադրական փոփոխությունները 20 տարուց ավելի պահանջվող հարցադրումներ են, դրանք առաջադրել ենք մինչեւ քառյակի ծնվելը, քառյակի ծնվելուց հետո էլ եւ հիմա էլ: Մենք վստահ ենք, որ իրական փոփոխությունների հիմքը սահմանադրական փոփոխություններն են, որովհետեւ սահմանադրությունը ժողովրդի կամքն է, իսկ անհատի կամքը պետք է հիմնված լինի ժողովրդի կամքի վրա եւ չշեղվի ժողովրդի կամքից: Այն անձինք, ովքեր մերժում են սահմանադրական փոփոխությունները՝ պատճառաբանելով՝ կարեւոր չէ, թե ինչ է գրված սահմանադրության մեջ, կարեւոր է, թե ինչպես ես իրականցնում, նշանակում է՝ ժողովրդի կամքը անտեսում են: Եւ եթե մենք ժողովրդի կամքը անտեսելով՝ փորձում ենք անձին կարեւորել, նշանակում է՝ անձի որակական հատկանիշներից է կախված լինելու մի ողջ ժողովրդի եւ պետության ապագան:
ՀՅԴ-ն չի գնալու այդ մոտեցմամբ: Յուրաքանչյուր իշխանավոր պարտավոր է շարժվել սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում, այդ անձի գործողություննրի հիմքը պետք է լինի սահմանադրական կարգը, ոչ թե տվյալ պահին իշխող ռեժիմը: Սա այն սկզբունքային տարբերությունն է. որ գերիշխում է քառյակի մյուս ուժերի եւ մեր միջեւ: Մենք գտնում ենք նաեւ, որ համակարգային իշխանափոխության ակունքը՝ ընտրական համակարգը, պետք է փոփոխության ենթարկվի եւ ապահովի ժողովրդի կամքի, ցանկությունների իշխանության ձեւավորում: Ի տարբերություն մյուս ուժերի, որոնց մի մասը գտնում է, որ ոչ, հարկավոր է այսօր անձանց հեռացնել, հետո գնալ սահմանադրական փոփոխությունների, մեզ համար դա ընդունելի փաստարկ չէ, որովհետեւ երբեք իշխանությունից հեռացնողը իշխանության բլիթներից հենց այնպես չի հրաժարվում, դա նաեւ պատմական իրողություն է: Դրա համար էլ ասում ենք, որ համակարգային փոփոխությունների ակունքը սահմանադրական փոփոխություններն են:
-Արդյոք ձեր նշած գաղափարական տարաձայնությունները պատճառ չեն հանդիսանա՞ քառյակում հակասությունների խորացման եւ պառակտման:
-Քառյակը ոչ կոալիցիա է, ոչ դաշինք է, ոչ ամուսնություն է, քառյակը որոշակի հարցերի շուրջ համագործակցության ձեւաչափ է: Այդ հարցում չկա միատեսակ մոտեցում, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս, երբ պահանջում էինք կուտակային կենսաթոշակային համակարգը փոփոխությունների ենթարկվի, մոռացանք իրար կամ կարմիր գծերի, արագաչափերի հարցերը դուրս են գալիս մեր օրակարգից, իհարկե, ոչ: Բայց նաեւ պետք է երկկողմանի գիտակցություն լինի, որ եթե մենք կողմ ենք սահմանադրական փոփոխություններին եւ փաստարկում ենք, թե ինչու ենք կողմ, դա չպետք է բերի անվանարկումների եւ վիրավորական արտահայտության հրապարակման: Երբ մարդիկ փորձում են անվանարկել կամ վիրավորել սահմանադրական փոփոխություները պաշտպանող անձանց, նշանակում է՝ այդ մարդիկ որեւէ օրգանական կապ չունեն երկրում իրական փոփոխությունների հետ, նրանք պարզապես այդ փոփոխություններում չեն տեսնում իրենց, այսինքն՝ անձինք, ում մանկության երազանքն է երկրի նախագահ դառնալ եւ եթե անցնենք խորհրդարանական համակարգի ու նախագահի պոստը չլինի, դա նշանակում է իր մանկության երազանքի փլուզում: Բյաց մի ամբողջ երկիր, ժողովուրդ չի կարող ծառայել իր մանկության երազանքին:: Հարկավոր է հասարակական կամքը առաջնորդի, ոչ թե որեւէ անձի ցանկությունը: Ես վստահ եմ, որ եթե մյուս քաղաքական ուժերը հանրության շահը առաջնորդողի դերում լինեն, անպայման կգտնեն եւ կհամարեն, որ մեր տեսակետը ճիշտ է եւ սահմանադրական փոփոխություննրը անհրաժեշտ են մեր երկրում, օր առաջ պետք է, որ մեր կառավարման համակարգը փոխվի, որպեսզի քաղաքական ուժերը կրեն պատասխանատվություն իրենց գործողությունների համար: Այսօրվա կառավարման ձեւում ոչ միայն քաղաքական ուժերը չեն կրում պատասխանատվությունը, այլեւ երկրի նախագահը չի կրում պատասախանատվություն:
-Եթե այդպես էլ համաձայնության չգաք քառյակի շրջանականերում սահմանադրական բարեփոխումների հետ կապված, ի՞նչ պետք է անեք՝ միայնա՞կ առաջ տանել ձեր գաղափարը, թե՞ այլ համախոհներ գտնել:
-Մենք միշտ ասել ենք, որ մեր համար նպատակներն ու գաղափարները առաջնային են: Բոլոր այն ուժերը, ովքեր կիսում են մեր մոտեցումները, մենք իրենց հետ ոչ միայն համագործակցելու ենք, այլեւ իրականացնելու ենք փոփոխություններ, ամենեւին կարեւոր չէ այդ փոփոխությունների մասնակիցները, մեր համախոհները որ շրջանակից կլինեն, կարեւորը, որ փոփոխություններ լինեն: Եթե այսօր իշխանությունները գիտակցում են, որ այդ փոփոխությունները միակ ճանապարհն են երկիրը այս վիճակից դուրս բերելու համար, ուրեմն այդ իշխանության հետ պետք է համագործակցել: Եթե ընդդիմությունը չի ցանկանում համախմբվել այդ փոփոխությունների շուրջ, ուրեմն մենք ընդդիմության մեջ չենք կարող ունենալ համախոհներ:
-Այսինքն՝ հնարավոր համարո՞ւմ եք քառյակից դուրս գալը եւ իշխանության հետ համագործակցությունը:
-Դա ամենեւին էլ չի նշանակում, որ մենք քառյակից դուրս ենք գալիս: Դա նշանակում է, որ կոնկրետ խնդրի շուրջ մենք համագործակցում ենք կոնկրետ ուժերի հետ, մենք ամենեւին հակված չենք քառյակից դուրս գալուն կամ քառյակը փլուզելուն: Մեր համար քառյակը ձեւաչափ է մեր հարցադրումները առաջ մղելու համար, որտեղ մենք կունենանք կոնսենսուս:
-Եւ վերջին հարցը, ի՞նչ կապ կա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարրյանի եւ քառյակի միջեւ՝ հաշվի առնելով նրա վերջին հարցազրույցից հետո ձեր գործընկերների արձագանքը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուսատընկերությամբ նրա մասին քարողչական ֆիլմի ցուցադրումը: Հնարավոր համարո՞ւմ եք Քոչարյանի վերադարձը քռայակի միջոցով:
-Նախ, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է եղել 10 տարի եւ անշուշտ ես չէ, որ պետք է գնահատեմ նրա նախագահ եղած ժամանակահատվածում ձեռքբերումներն ու սխալները, բայց ակնհայտորեն մենք ունեցել ենք ձեռքբերումներ եւ անտեսել դրանք՝ ճիշտ չէ: Մյուս կողմից ամեն ինչ կապել անձի քաղաքականություն վերադառնալու կամ քաղաքականությունից դուրս գալու հետ, սա միամտություն է, որովհետեւ երբեւէ երկրի նախագահի պաշտոն զբաղեցրած անձը պարզապես չի կարող քաղաքականության մեջ չլինել, այլ բան է, թե ինչ ձեւով է իրականացնում դա: Քառյակում նման քննարկում տեղի չի ունեցել, նման շահեր հետապնդող առաջարկ չի եղել եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ քառյակը յուրաքանչյուր քաղաքական ուժի առանձին ներկայացված հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման ներկայացումն է: Մյուս կողմից, կա հստակ նմանություն քննադատությունների միջեւ, որոնք հնչեցնում են քառյակի անունից եւ նախագահ Քոչարյանի կողմից: Այդ նմանությունը նշանակում է ոչ թե համագործակցություն, այլ ընդամենը տեսակետների համընկնում, սա շփոթել համագործակցության հետ, առնվազն միամտություն է, եթե չասեմ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ: Եւ վերջինը, նախագահ Քոչարյանը, եթե ցանկանա դերակատարություն ունենալ քաղաքական կյանքում, կարծում եմ՝ 10 տարի հանրապետություն նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը ունի թե այդ համարձակությունը, թե այդ հնարավորությունը, որ հայտարարի այդ մասին: Ավելորդ մեկնաբանությունները տարբեր կողմերից առնվազն ճիշտ չեն:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը
news.am