Սոցինտերնի զինաթափման հանձնախմբի ժողով՝ Մոսկվայում


ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը մասնակցել է Պետդումայում կազմակերպված Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) Զինաթափման հանձնախմբի ժողովին:

Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված նիստին քննարկվել են ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությանը, հակահրթիռային պաշտպանությանը, միջուկային զինաթափմանն ու ռազմավարական նշանակության հարձակողական նշանակության սպառազինության կրճատմանը վերաբերող հարցեր:

Քննարկումներին մասնակցել են Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան, Սոցինտերնի Զինաթափման հանձնախմբի նախագահ, Բուդեսթագի պատգամավոր Ռուդոլֆ Մյուտցենիխը, Համահունական սոցիալիստական շարժման ներկայացուցիչ Պաուլինա Լամպսան, Ռուսաստանում պաղեստինյան ՖԱԹՀ կուսակցության նախագահ Նաբիլ Բորչալին, Պետդումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Նիկոլայ Լավիչևը, Պետդումայի փոխնախագահ Ալեքսանդր Բաբակովը, Պետդումայի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարովը, Արտաքին քաղաքականության գերմանական միության ներկայացուցիչ Օլիվեր Շմիդտը և այլք:

Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլին Բեռլինում գումարված Սոցինտերնի Զինաթափման հանձնախմբի առաջին ժողովում, որի թեման էր «Անվտանգություն` զինաթափման միջոցով», քննարկումներին մասնակցել էին նաև արտաքին գործերի նախարար, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված կանցլերի թեկնածու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆրանց Մյունտերֆերինգը:

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանն իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների ազդեցությանը Հարավային Կովկասի վրա: «Հետխորհրդային տարածքը, հատկապես Հարավային Կովկասը, համարվում է սուր հակամարտությունների շրջան: Կովկասում են խաչաձևվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի, արևմտյան և արևելյան անդրազգային էներգետիկ ընկերությունների շահերը: Խիստ հրատապ է մնում ուժերի հավասարակշռության պահպանումը տարածաշրջանում: Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի շարքում` հետխորհրդային տարածքը մնում է միջազգային հակասությունների գլխավոր արենաներից մեկը»,- իր ելույթում հայտարարել է Յուրի Նավոյանը:

Սոցինտերնի մոսկովյան ժողովում ընդունված բանաձևում նշվում է, որ նոյեմբեր ամիսը շրջադարձային է լինելու ԱՄՆ-ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում: Նախատեսվում է, որ ԱՄՆ Սենատը և Պետդուման նոյեմբերին կվավերացնեն Սպառազինությունների հետագա կրճատման նոր համաձայնագիրը: Նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում գումարվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Միջուկային սպառազինության և հակահրթիռային պաշտպանության հարցեր: Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքում ՆԱՏՕ-ն կարող է վերանայել միջուկային իր քաղաքականությունը:

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրի ՆԱՎՈՅԱՆԸ Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) Զինաթափման հանձնախմբի ժողովում հանդես է եկել զեկույցով:

Ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ:

ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Սոցինտերնի հարգելի’ գլխավոր քարտուղար,

Հանձնախմբի հարգելի’ նախագահ,

Հարգելի’ գործընկերներ,

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հանդիսանում են ժամանակակից միջազգային հարաբերությունների ամենահրատապ ու բարդ խնդիրներից մեկը: Նրանց միջև համագործակցությունը կամ հակադրությունը տարբեր հետևանքներ է ունենում նաև հետխորհրդային տարածքում, հատկապես բախումների բարձր հավանականություն ունեցող Կովկասում: Այս աշխարհաքաղաքական բարդ հանգույցում խաչաձևում են մի շարք երկրների շահեր, առանձին դեպքերում վերածվելով միջպետական սուր հակասությունների:
Կովկասում խաչաձևում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի, անդրազգային էներգետիկ և տրանսպորտային ընկերությունների շահերը:
Կովկասյան անվտանգության գոտու վրա անմիջականորեն ազդում են Հարավային Կովկասի երկրներում, Ռուսաստանի հարավում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Աֆղանստանում, Սև և Կասպից ծովերի ավազանում ընթացող գործընթացները:
Տարածաշրջանում ձևավորման ընթացքում են գտնվում անվտանգության մի քանի համակարգեր, ինչը չի կարող նպաստել համընդհանուր կայունության հաստատմանը: Այս տարածաշրջանում տարբեր ուղղութուններով գործում են ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ կառույցներ: Հարավային Կովկասի երկրներում առկա են լուրջ համակարգային տարբերություններ սեփական ազգային անվտանգության ապահովման պատկերացումներում:
Վրաստանն ու Ադրբեջանը իրենց անվտանգության ապահովման տրամաբանությունը կապում են ՆԱՏՕ-ի հետ և այդ իրավիճակում Թուրքիան հանդես է գալիս իբրևմիջնորդ և ազդեցիկ գործոն:
Հայաստանն իր անվտանգության հիմնական ձևաչափը որոշել է ՀԱՊԿ պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համագործակցությամբ:
Ռուսաստանը ՀԱՊԿ և ՇՀԿ առանցքային անդամներից է:
Իրանն առայժմ դիրորդ է ՇՀԿ-ում, առաջիկայում կարող է անդամ դառնալ:
Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչված են մասնակիորեն, ԼՂՀ-ն ճանաչված չէ միջազգային հանրության կողմից:
Մի շարք երկրներ միմյանց նկատմամբ գտնվում են ՙսառը պատերազմի» դրության մեջ. Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ, Վրաստանը` Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ:

ՙՊատային», ոչ պատերազմ, ոչ էլ խաղաղություն իրավիճակում են գտնվում Հայաստանն ու Ադրբեջանը: Առանց խաղաղության պայմանագրի ստորագրման պահպանվում է հրադադարը ղարաբաղյան հակամարտության գոտում: Գլխավոր շահագրգիռ կողմը` ԼՂՀ-ն առայժմ չի մասնակցում բանակցություններին, թեև այդպիսի միջազգային մանդատ ունի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները չեն արժանանում ո’չ Երևանի, ո’չ Բաքվի և ո’չ էլ Ստեփանակերտի լիարժեք աջակցությանը: Բանակցություններում էական առաջընթացի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ հաշվի չի առնվում ԼՂՀ տեսակետը, առանց որի հնարավոր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Միջնորդների առաջարկությունները հիմնականում վերաբերում են հակամարտության հետևանքներին, երաշխավորված կերպով չեն լուծում հակամարտության պատճառը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային այլ կառույցներ շարունակում են անտեսել երեք կողմերի` Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի միջև 1995թ. փետրվարի սկզբին ստորագրված համաձայնագիրը հրադադարի ամրապնդման վերաբերյալ: Այս համաձայնագիրը գրանցված է ԵԱՀԿ-ում, դրա տրամաբանության կիրառումը և ամրապնդումը կկանխի վերջին շրջանում հաճախակի դարձած միջադեպերը հակամարտության շփման գծում:
Տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքներից մեկն էլ հանդիսանում է սպառազինությունների ընդլայնումը և Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափկման պայմանագրի խախտումը: Այսպես, հետխորհրդային պետությունները, բաժանելով խորհրդային սպառազինությունը, համաձայն պայմանագրի քվոտաներ են ստացել: Դրա համաձայն, Հարավային Կովկասի ամեն երկրի թույլատրվում է ունենալ 220 տանկ, 220 զինվորական զրահամեքենա (այդ թվում 135 հետևակի զրահամեքենա), 285 հրանոթային համակարգ, 100 մարտական ինքնաթիռ և 50 հարվածային ուղղաթիռ:
Իրականում Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո ստացել է 436 տանկ, 558 հետևակի զրահամեքենա, 388 հրանոթային համակարգ, 63 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ: Հայաստանը 1993թ. սկզբին ուներ ընդամենը 77 տանկ: 150 հետևակի բրոնեմեքենա, 160 հրանոթային համակարգ, 3 ինքնաթիռ և 13 ուղղաթիռ:
Ռազմատենչ քաղաքականության և նավթային եկամուտների հաշվին այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն չորս անգամ գերազանցում է հայկականին: Զենքի հիմնական մատակարարի է վերածվել Ուկրաինան:

Արդյունքում, Ադրբեջանը պայմանագրի անդամ 30 երկրներից միակն է, որ էականորեն դուրս է եկել պայմանագրային քվոտայի շրջանակներից միանգամից ռազմական տեխնիկայի մի քանի կարգերում: Այսպես, 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի տանկերի քանակը 385 էր: Դա ավելին է, քան, օրինակ, Մեծ Բրիտանիայինը: Հրանոթային համակարգերը նույն ժամանակ կազմել 404 միավոր:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա տարիներ շարունակ զինված ուժերը կայուն են մնում:
Վերջին տարիներին տարածաշրջանում ուշադրության առարկա է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրքիան հրաժարվում է առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց, շարունակում է Հայաստանի շրջափակման և Հայերի Ցեղասպանության ուրացման քաղաքականությունը:
Կովկասում իրավիճակի սրմանը նպաստեց նաև վրաց-օսական պատերազը և դրանից հետո ռուս-վրացական հարաբերությունների խզումը:
Վերջին տարիներին Վրաստանը պնդում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմա-ծովային ՙԱկտիվ ջանքեր» զորավարժությունները Միջերկրականից Սև ծովի արևելյան ափ տեղափոխելու վրա, ինչին դեմ են հանդես գալիս Ռուսաստանն ու Թուրքիան:
Առաջիկա տարիներին ԱՄՆ-ը, իրանական հրթիռներից պաշտպանվելու պատրվակով ձգտելու է Սև ծովում սեփական Հակահրթիռային խումբ ստեղծել: Դրանով հսկողություն կսահմանվի Միջին Ասիայից և Կովկասից ծովային ուղիով էներգակիրների արտահանման վրա:
Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են Կասպից ծովի բաժանման հետ: Դրանք կապված են ծովի ընդերքի և ջրային տարածության բաժանման, ծովի ավազանի ռազմականացման, ծովագնացության, էներգակիրների ուղիների վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարբեր մոտեցումների հետ:
Այսօր յուրօրինակ իրավիճակ է ներկայացնում Կովկասի տարածքում միաժամանակ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական բազաների կամ զինվորական հաստատությունների առկայությունը: Դրա օրինակներն են Աֆղանստան բեռնափոխադրումների համար ՆԱՏՕ-ի ավիացիայի և Իրանին հնարավոր հարվածի համար ԱՄՆ և Իսրայելի ավիացիաների համար Ադրբեջանում և Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական թռիչքուղիների առկայությունը:
Ռուսաստանի ռազմական բազաները տեղակայված են և Հայաստանում և Ադրբեջանում: Վերջինիս տարածքում, Գաբալայում է գտնվում Ռուսաստանի տիեզերական զորքերի առանձին ռադիո-տեխնիկական հանգույցը:

Հայաստանում տեղակայված է ռուսական բանակի 102-րդ բազան, որն արդեն Հայաստանի անվտանգության համակարգի մաս է կազմում: Օգոստոսին ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրում փոփոխությունները Երևանին անվտանգության նոր երաշխիքներ տվեցին, միաժամանակ ազդանշան հանդիսանալով Բաքվին, որ վերջինս ձեռնպահ մնա հակամարտության ուժային լուծումներից:

Բայց Կրեմլը Երևանի և Բաքվի հետ իր հարաբերություններում փորձում է պահպանել առկա ռազմա-քաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում: Օրինակ, վերջերս հայտնի դարձավ Ադրդեջանին «S-300» երկու դիվիզիոնների մատակարարման մասին: Մոսկվան մանևրում է Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան եռանկյունում:
Հարավային Օսիայում տեղակայված է Ռուսաստանի 4-րդ, իսկ Աբխազիայում` 7-րդ ռազմական բազան:
Տարածաշրջանի անվտանգության վրա ազդող գործոն է հանդիսանում նաև իսլամական արմատականությունն ու ծայրահեղությունը:
Վտանգ կա, որ Մերձավոր Արևելքի և Հարավայի Ասիայի հետ մեկտեղ կովկասյան տարածաշրջանը կվերածվի միջազգային հակասությունների թատերաբեմի, ինչը լրջորեն կվնասի միջազգային անվտանգությանը: Տագնապ է հարուցում այն, որ մրցակցությունն այստեղ այսուհետ ոչ միայն քաղաքական ու տնտեսական կլինի, այլ կվերածվի ռազմական բախումների:
Դաշնակցության համար կովկասյան տարածաշրջանային անվտանգության ապահովումը հանդիսանում է կարևոր ու միևնույն ժամանակ բարդ խնդիրներից մեկը:
Մենք հանդս ենք գալիս քաղաքական երկխոսության օգտին, համարում ենք, որ տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրները հնարավոր է լուծել փոխադարձ ընդունելի կոմպրոմիսների հիման վրա:

Դաշնակցությունը քաղաքական երկխոսության ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում նաև Սոցինտերնի շրջանակներում, հատկապես ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի ավազանի հանձնախմբի միջոցով:

Կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ապահովման փաթեթ է ներկայացնելու Սոցինտերնի Խորհրդի` նոյեմբերի կեսերին Փարիզում կայանալիք նիստին:

Մոսկվա« 3 նոյեմբերի« 2010 թ.

ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Տպել Տպել