Ժխտումն իր իրավական հետեւանքը պետք է ունենա
[1]Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակությունն այսօր առավոտյան այցեցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հիշեցնենք, որ պատվիրակությունը Երեւանում է Դաշնակցության եւ Ազգային ժողովի հրավերով։ Պատվիրակության ղեկավար Բրյունո Լը Ռունը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատմական փաստերն են վկայում՝ հայերի նկատմամբ իրագործվածը Ցեղասպանություն էր։
[2]
«Մինչդեռ այսօր դեռ կան պետություններ եւ անհատներ, որոնք ժխտում են այդ փաստը։ Այս իսկ պատճառով առաջիկայում մենք դարձյալ փորձելու ենք օրենքով ամրագրել, որ որեւէ ժխտում իր իրավական հետեւանքը պետք է ունենա»,- ասել է պատվիրակության ղեկավար Բրյունո Լը Ռունը։
Հարցին, թե արդյո՞ք նոր նախագծի ընդունման ժամանակ դժվարություներ չեն լինի, պատվիրակության ղեկավարը պատասխանել է, որ դրանք միշտ կան, եւ պետք է հաղթահարել։ «Խոսքի ազատությունը մեզ համար չի կարող Հայոց ցեղասպանության ժխտման համար արդարացում լինել։ Պետք է այնպես անել, որպեսզի իրավական հարթություն բերվի խնդիրը։ Ժխտողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Լը Ռունը։
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ժխտման համար քրեական պատիժ սահմանող նոր օրինագիծ է նախաձեռնել: