[1]Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը կկայանա երեքշաբթի` սեպտեմբերի 9-ին Հունաստանի ժամանակով 19:00-ին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրապարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ սեպտեմբերի 5-ին խորհրդարանում կայացել է բուռն քննարկում, հնչել են տասնյակ ելույթներ եւ փաստարկներ: «Վերջնական քվեարկությունը նախատեսված է երեքշաբթի երեկոյան ժամը 7-ին Հունաստանի ժամանակով: Հույս ունենք, որ այս անգամ հետաձգումներ չեն լինի եւ օրենքը կընդունվի»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը:
Շուրջ մեկ շաբաթ Հունաստանի խորհրդարանը քննարկում է «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը, որը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի:
Հարությունյանի գնահատմամբ, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարզվել է, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է օրենքի ընդունմանը:
armenpress.am