Ադրբեջանի ԱԳՆ սեւ ցուցակը կհամալրվի


«Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հետաքննում է Եվրոպական Խորհրդարանի մի քանի անդամների Լեռնային Ղարաբաղ կատարած այցը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը և հավելել.- «Համապատասխան դեսպանատները հանձնարարություն կստանան քննել այս փաստը և եթե դա հաստատվի, ապա այդ պատգամավորները կընդգրկվեն նախարարության սև ցուցակում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանձնախմբի ջանքերով Եվրոպական Խորհրդարանի անդամներ Դամիեն Աբադը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն), Միշել Ռևազը (Եվրոպայի կանաչների կուսակցություն) և փորձագետ Նիկոլաս Զիլբերգլեյդը` (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) այցելել էին Հայաստան և Արցախ, հանդիպումներ ունեցել ԱԺ խորհրդարանում, նրանց ընդունել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Պաշտոնական բազմաթիվ հանդիպումներից բացի, պատվիրակությունը հանդիպում էր ունեցել նաև փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարների հետ:

Դեռևս նոյեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյին անդամ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կանխատեսել էր Ադրբեջանի նման արձագանքը: «Դուք, հավանաբար, նկատել եք, թե որքան ցավագին է Ադրբեջանն ընդունում որևէ պատգամավորի կամ հայտնի անձի այցը Արցախ,- ասել էր նա և ավելացրել,- Բաքվին այդքան չի մտահոգում Արցախին զենք մատակարարելը, որքան եթե Ստեփանակերտ է այցելում արտասահմանցի որևէ պատգամավոր: Նման յուրաքանչյուր այց օրինականացնում է Ղարաբաղը, ուստի, բոլոր նրանց, ով Արցախ է այցելում, Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարում՝ փորձելով կանխել այդ գործընթացը» :

Փաստը, որ Եվրախորհրդի պատվիրակները հաստատ այցելել են Արցախ, կարելի է ասել, որ Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակը» մոտ օրերս կհամալրվի:

Տպել Տպել