[1]Հայաստանն ավանդաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը ներկայացված երկրների և մասնակիցների թվով խոշորագույնն է աշխարհում:
Այս տարի ևս հոկտեմբերի 8-12-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանյան տաղավարում ներկայացված են ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշները:
Առանձին հատվածով ներկայացված են նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը:
Այդ կապակցությամբ հեղինակն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հենց նոր ներկայացրեցի «Մանդիլիոնի» անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակներն աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսեում:
Ամեն տարի, ցուցահանդեսն հյուրընկալում է ավելի քան 7000 ցուցադրող ավելի քան 100 երկրներից, ինչպես նաև հարյուր հազարավոր այցելուներ ու գրական բնագավառի մասնագետներ»: