- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Զորավար Սեպուհի աճյունն ամփոփեցինք հայրենի հողում

Hraparak [1]Հայաստանում քչերը գիտեին, որ այսպիսի ձեռնարկ է հասունանում, որ պատրաստվում են հեռավոր Ամերիկայից Հայաստան բերել եւ հայրենի հողին հանձնել մեծ հայի, իր ազգի երախտավորի աճյունասափորը: Դա էլ 1940-ին վախճանված Սեպուհի վերջին կամքն է եղել` ամփոփվել իր անկախ հայրենիքում:

Եվ արարողությունը, որ երեկ կազմակերպվել էր Եռաբլուր պանթեոնում, հիրավի հպարտություն էր ներշնչում: Կատարում էինք մեր պարտքը եւ այն էլ պետական բարձր մակարդակով` ՀՀ պաշտպանության նախարար, համազգեստի թեւքին սգո արարողության սեւ-կարմիր ժապավեններով զինվորական պահակ, երաժշտախումբ, ՀՀ պետական օրհներգի կատարում, ելույթներ… սգո հանդիսավարը խոսքն առաջինը փոխանցում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանին` «Զորավար Սեպուհ» մենագրության հեղինակին, խոսք է ասում Սեպուհի հարազատներից մեկը, ապա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է կարեւորում այս ձեռնարկն ու ընդգծում նրա անգերագնահատելի դերը հայրենիքի այսօրվա պաշտպանների դաստիարակության գործում: Նա նույնիսկ զուգահեռներ տարավ ազգային-ազատագրական պայքարի եւ այս տարվա ամռանը հայ-ադրբեջանական շփման գծում մեր զինվորների ցուցաբերած արիության միջեւ, նշելով, որ ինչպես մեր արի զինվորները, այնպես էլ Սեպուհն այսօր վերագտնում է իր անկախ հայրենիքը: Արարողությունն ավարտվեց հրազենային համազարկերի ներքո զորավարի աճյունասափորը նախապես պատրաստված հուշակոթողի մեջ բացված խորշում տեղադրելով:

Ինչպես ասում են` մեր հոգու այս պարտքն էլ տվեցինք: Սգո հանդիսության մասնակիցները լռելյայն մոտեցան հուշակոթողին, մեկական ծաղիկ դրեցին, ապա ցրվեցին Եռաբլուրով մեկ` որն իր բարեկամի, որն իր ընկերոջ, որն իր որդու շիրիմի մոտ առանձնանալու:

Զորավար Սեպուհի աճյունասափորի ամփոփման արարողությունը, սակայն, թերի մնաց մի շատ կարեւոր բացթողման պատճառով: Կդժվարանամ ասել` հատուկ էր արվել, բայց դա անթույլատրելի, կասեի` ամոթալի բացթողում էր արարողության կազմակերպիչների, ելույթները համակարգողների, բոլոր նրանց կողմից, ովքեր շատ էին ցանկանում, որ այդ արարողությունը դառնար հայրենասիրական դաստիարակության վառ իրողություն: Սեպուհի կյանքին ու գործունեությանը նվիրված բարձրագոչ, որոշ դեպքերում՝ վերամբարձ այդ ելույթներում գոնե մեկ անգամ չնշվեց, որ Զորավար Սեպուհը եղել է դաշնակցական:

Բոլոր ելույթները դնելով մի կողմ` կցանկանայինք անդրադառնալ դրանցից երկուսին` նախարար Սեյրան Օհանյանի եւ պատմաբան Աշոտ Ներսիսյանի խոսքին:

Ումի՞ց վախեցավ կամ ո՞ւմ ցուցումով Սեյրան Օհանյանը զլացավ նշել Սեպուհի` դաշնակցական եւ այդ կուսակցության շարքերում լինելու փաստը: Սա ի՞նչ անհասկանալի մոտեցում է, երբ նորանկախ Հայաստանում մեծ շուքով են նշում 1918-1920թթ. Հանրապետության տարեդարձներն ու տոները, բայց, հանիրավի, իր կուսակցությունից առանձնացվում է, կասեինք՝ աղքատացվում եւ միայն դրանից հետո է հայրենի հողին հանձնվում Զորավար Սեպուհի աճյունասափորը: Սեյրան Օհանյանը, եթե ոչ անցյալում, ապա գոնե այս արարողության հետ կապված, վստահ ենք, որոշակի տեղեկություններ քաղել է Սեպուհի մասին:

Իսկ ամենահարուստն էլ, տեղեկությունների իմաստով, հենց դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի մենագրությունն է, որի հենց առաջին էջում` գրքի մասին պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Խուրշուդյանի «Երկու խոսք»-ի մեջ ասվում է. «Սեպուհը դաշնակցական գործիչ էր, ՀՅԴ երդվյալ անդամ, որը, հավատարիմ լինելով կուսակցության ծրագրին եւ կանոնադրությանը… անշեղորեն կենսագործում էր ՀՅԴ քաղաքական ուղեգիծը, նույնիսկ երբ ներքուստ համաձայն չէր դրա հետ: Հնարավոր չէ տարանջատել Սեպուհի կյանքը եւ ՀՅԴ պատմությունը»: Մի՞թե Սեպուհը, ծնված լինելով 40-50 տուն ունեցող հայ-թուրքական խառը բնակչությամբ գյուղում, կարող էր հանկարծ, առանց քաղաքական դպրոց անցնելու, դառնալ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի եւ Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ.) մեծ գործիչ եւ զորավար:

Դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը, մեր կարծիքով, պետք է լիներ այդ արարողության մասնակիցների շարքում ամենահպարտը: Ի վերջո, հենց իր աշխատասիրության շնորհիվ են Սեպուհի կենսագրության մանրամասներն ամփոփվել մեկ գրքի մեջ եւ դրվել սերունդների դաստիարակության գործի ակունքներում: Փառք ու պատիվ իրեն: Բայց ինչպե՞ս հասկանալ մի գիտնականի, ով իր 400 էջանոց մենագրության մեջ 1400 անգամ նշել է Սեպուհի դաշնակցական լինելու հանգամանքը, երկար խոսել Հրայր Դժոխք-Սեպուհ կապի մասին, իսկ Եռաբլուրում կարկամում է: Այսինքն ի՞նչ: Սկսել ենք նաեւ Եռաբլուրո՞ւմ պատմություն կեղծել: Ո՞վ է թույլ տվել կամ հրահանգել քեզ, պարոն պատմաբան:

Ստացվեց, որ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի եւ Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ.) մեծ գործիչ եւ զորավար Սեպուհի աճյունասափորն այսպես` ՀՀ պաշտպանության նախարարի, բազմաթիվ գեներալների, հայ պատմագրության նշանավոր դեմքերի, հոգեւոր դասի, հարյուրավոր երիտասարդների ու զինվորների մասնակցությամբ մի կիսաթաքուն եւ կիսատ-պռատ միջոցառմամբ ամփոփեցինք հայրենի հողում` վերջնահաշվարկում PR-ելով ոմանց ու նրանց ծրագրերը:

Էդիկ Անդրեասյան

hraparak.am