- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Երկու Հայաստանների գաղափարը

[1]
Օսմանյան կայսրության կազմում Արեւմտյան Հայաստանի ինքնավարությանը հասնելու քաղաքական նպատակի (1892թ.) զուգորդումը ֆեդերատիվ (դաշնակցային) Ռուսաստանի կազմում Անդրկովկասի ինքնավարության պահանջի եւԱնդրկովկասում հայկական կանտոն ստեղծելու առաջադրանքի հետ (1907թ.) քայլ առ քայլ հասունացրեց 1919-ին նվիրագործված` «Միացյալ եւ Անկախ Հայաստան» ծրագրային հիմնադրույթը

Ռուսական առաջին հեղափոխության արդյունքում ՀՅԴ-ն վերածվեց սոցիալապես բազմաշերտ քաղաքական կազմակերպության, ինչն անխուսափելի դարձրեց ներքին տարաձայնությունների խորացումը` 1905թ. ՀՅԴ խորհրդի ընդունած «Կովկասյան նախագծի» առանցքային թեզերի` Անդրկովկասում հեղափոխական պայքար ծավալելու եւ սոցիալիզմն իբրեւ քաղաքական նպատակ դիտարկելու առաջադրանքների շուրջ:Այս հանգամանքն օգտագործվեց ցարական Օխրանայի կողմից, որի հրահրած Միհրանական շարժումը արեւմտահայ ծագում ունեցող խմբապետների դժգոհությունը փորձեց օգտագործել ՀՅԴ-ն պառակտելու համար:

Սակայն, 1907թ. Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովը կարողացավ համախմբել կուսակցությանը նոր ծրագրի շուրջ, որի «Նվազագույն պահանջների» քաղաքական ենթաբաժինը սահմանում էր, որ «Հ. Յ. Դաշնակցութիւնը իբրեւ յեղափոխական եւ սոցիալիստական մի կուսակցութիւն, ձգտում է պաշտպանել հայ աշխատաւոր մասսաների բովանդակ շահերը, թէ° տնտեսական-դասակարգային, թէ’ մարդկային-քաղաքական եւ թէ’ ազգային-կուլտուրական, նպատակ ունենալով ժողովրդի ձեռքը տալ կառավարութեան ղեկը եւ այժմեան միապետական ու կապիտալիստական կարգերը փոխարինել լայն ռամկավարութեամբ ու արդիւնաբերութեան միջոցների համայնացումով»:

ՀՅ Դաշնակցության 1907 թվականին ընդունված ծրագիրը հիմնվում էր «երկու Հայաստանների» գաղափարի վրա. Արեւմտյան Հայաստանը` Օսմանյան պետության սահմաններում եւ լայն ինքնավարությամբ, իսկ Անդրկովկասի դեմոկրատական հանրապետությունը Ռուսաստանի ֆեդերատիվ հանրապետության կազմում` բաժանվելով առանձին կանտոնների, որոնց սահմանները որոշելիս «…պետք է նկատի առնել ազգաբնակչութեան տեղագրական եւ կուլտուրական առանձայատկութիւնները, ըստ կարելւոյն միաձոյլ համախմբումներ կազմելու համար»:

Օսմանյան կայսրության կազմում Արեւմտյան Հայաստանի ինքնավարությանը հասնելու քաղաքական նպատակի (1892թ.) զուգորդումը ֆեդերատիվ (դաշնակցային) Ռուսաստանի կազմում Անդրկովկասի ինքնավարության պահանջի եւԱնդրկովկասում հայկական կանտոն ստեղծելու առաջադրանքի հետ (1907թ.) քայլ առ քայլ հասունացրեց 1919-ին նվիրագործված` «Միացյալ եւ Անկախ Հայաստան» ծրագրային հիմնադրույթը:
4-րդ Ընդհանուր ժողովի որոշումների հիման վրա 1907-ին` Սոցիալիստական ինտերնացիոնալի Շտուտգարտի համաժողովում (կոնգրեսում) ՀՅԴ-ն անդամագրվեց այդ միջազգային կազմակերպությանը` սկզբում իր ռուսաստանյան հատվածով (Ռուսաստանի սոցիալիստ-հեղափոխականների` էսէռեների ‎ ֆրակցիայի կազմում):Քիչ անց` նաեւ Օսմանյան կայսրության մեջ գործող իր կառույցի անդամագրման արդյունքում, ՀՅԴ-ն ստացավ հայկական ընկերվարական (սոցիալիստական) հոսանքը ներկայացնող լիիրավ անդամի կարգավիճակ:

ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցեց 1905-1911թթ. Իրանական հեղափոխությանը:Այդ նպատակով 1908թ. հոկտեմբերին Թավրիզ ժամանեց ՀՅԴ մարտիկների 25 հոգանոց խումբը, որը Ռոստոմի ու Քեռու (Արշակ Գավաֆ‎յան) գլխավորությամբ մարտնչեց Ատրպատականի մայրաքաղաքի փողոցներում ընդհուպ մինչեւ 1909թ. ապրիլի 16-ը` ռուսական զորքերի ժամանումը:Սակայն, անգամ այդ հանգամանքը չկանխեց 1908 վերջերի ու 1909թ. առաջին ամիսների արյունահեղ կռիվներից հետո Ռաշտ քաղաքից սրընթաց արշավով Թեհրան մտած եւ Մուհամեդ Ալի շահին փախուստի մատնած` Եփրեմ խանի ջոկատի փայլուն հաղթանակներին, որոնց արդյունքում դաշնակցական Եփրեմ Դավթյանը դարձավ Իրանական հեղափոխության գլխավոր հերոսը: