[1]Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն է՝ իշխանության բնույթն ու վարքագիծը կարող են թերահավատության պատճառ դառնալ, մտածելու տեղիք տալ, թե ինչ մոտիվացիա ունի իշխանությունը՝ գնալով սահմանադրական բարեփոխումների և հրաժարվելով իշխանության մենաշնորհից։
Tert.am-ի հետ զրույցում, սակայն, ՀՅԴ պատգամավորը նշում է, թե չի կարելի ասել, որ իշխանությունում չկան մարդիկ, ովքեր մտածում են երկրի ապագայի մասին։
«Ես հակված չեմ, որ իշխանության մեջ պետք է տեսնել միայն թշնամի, վատ կամեցող և երկրի կամ ապագայի մասին մտածելու անընդունակ մարդիկ։ Ես կարծում եմ, որ իսկապես այն մասնագիտական հանձնախումբը, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակել է, իսկապես պրոֆեսիոնալ աշխատանք է կատարել, և երբ պրոֆեսիոնալները ներկայացնում են առկա խնդիրները և դրանից դուրս գալու ուղիները, սա կարող է տարածվել նաև իշխանության ներկայացուցիչների վրա։ Բազմաթիվ մարդիկ նաև մտածում են, տեսնում են, թե էս ընթացքում երկիրն ուր է գնում։ Մենք տեսնում ենք, թե երկիրն ուր է գնում, և այդտեղ հնարավոր է, որ մարդիկ մտածեն նաև երկրի մասին»,-ասաց նա։
Աղվան Վարդանյանը չի բացառում, որ նույն իշխանությունը նման քայլի գնալով, հնարավոր է, ունենա նաև իր խնդիրներն ու նպատակները։ «Ես դա չեմ բացառում, բայց եթե ընդհանուր ուղղությունը երկրի համար դրական է, ինչո՞ւ ոչ։ Ես ասել եմ, որ չեմ բացառում, որ ի վերջո իշխանության բնույթն ու տեսակը փորձի մեկ-երկու տարի շարունակել աշխատել, օգտվել այդ հնարավորություններից, դա կլինի միայն ժամանակի խնդիր. երբ համակարգը կսկսի աշխատել, օրենքները կսկսեն աշխատել, անձերի դերակատարությունը, մենիշխանությունը կամաց-կամաց կվերանա»,-ասաց նա և հավելեց, թե իշխանություն ասվածն այսօր հարաբերական է։
«Կարող ենք ասել ՀՀԿ-ն միանձնյա ղեկավարվող կուսակցություն է, և մեկ անձ է որոշում կուսակցության և՛ քվեարկությունները, և՛ ուղղվածությունը, և այլն, և այլն, և ես չեմ բացառում, որ այնտեղ մարդիկ կան, որ համարում են երկրի ապագան այսպես չի կարող շարունակվել»,-ասաց նա։
Պատգամավորը Վրաստանի օրինակը բերեց, որտեղ նմանատիպ փոփոխությունների գնաց նախկին նախագահ Սաակաշվիլին։ «Սաակաշվիլին արեց նույն նպատակներով, ենթադրում էր, որ ինքը կմնա իշխանության մեջ, վարչապետ կդառնա և այլն, և այլն, բայց չաշխատեց այդ համակարգը, փոխվեց։ Նոր իշխանությունը փորձեց ստվերից կառավարել երկիրը, Իվանիշվիլին, ով ոչինչ չէր ներկայացնում, բայց ինքն էր ներկայացնում՝ ով որտեղ պետք է լինի, բայց երբ ստվերային աշխատաոճը դարձավ բացահայտ, այս աշխատաոճը, կոալիցիան քանդվեց, և արդեն մեխանիզմները սկսեցին աշխատել։ Նույնը, վստահ եմ, կլինի մեր մոտ, եթե լինի մեր պատկերացրած լավ սահմանադրությունը սա շատ արագ այդ հարցերի պատասխանը կտա»,-նշեց նա:
tert.am