ԵՐԵՔ ՄՈՏԵՑՈՒՄ
[1] Այն բանից հետո, երբ նախօրեին Դաշնակցությունը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն ու հայտարարեց իշխանության հետ երկխոսության գնալու պատրաստակամության մասին, նրա վրա մեղադրանքների տարափ տեղաց։
Ըստ որում, իրավիճակի սրամտությունն ամփոփված է նրանում, որ հնչող մեղադրանքներում ուշագրավ է ոչ այնքան ծայրահեղ թեժությունը, որքան դրանց ծնած հարցը. իսկ ընդհանրապես ստորին սահմանագիծ ունի՞ արդյոք մարդու մտավոր լիարժեքության աստիճանը։
Ճիշտ է, հույս է պահպանվում, որ Դաշնակցության քննադատները բանականության լոկ ժամանակավոր մթագնման վիճակում էին։ Բայց վախենանք, որ հույսն այդ, ավա՜ղ, չի իրականանա։ Ուստի փորձենք գլուխ հանել, թե ինչ է այնուամենայնիվ կատարվում։
Մեզանում ստեղծված իրավիճակի պատճառները սքողված են ոչ այնքան հայրենի տնտեսության ողբալի կացության, որքան հակադարձ կապի քաղաքական մեխանիզմների շատ ավելի ողբալի վիճակի մեջ։ Տեղեկատվության տեսությունից հայտնի օգտակար ազդանշանի եւ տեղեկատվությունը խլացնող աղմուկի հարաբերակցությունը հասարակական ու քաղաքական կյանքում, կուսակցություններում եւ խորհրդարանում այնպիսին է, որ «համընդհանուր հաշտության եւ համագործակցության պայմանագիր» մշակելը այդ պայմաններում նույնն է, թե գործնական բանակցություններ վարել փչացած հեռախոսով։
Քաղաքական բիզնեսի նկատմամբ կիրառված տեղեկատվության տեսության տեսանկյունից, իշխանությունների ներկայիս գործողությունները նման են առկա տեխնիկական հնարավորությունների հիման վրա գոնե ինչ-որ հասարակական կապ հաստատելու փորձերի՝ չգործող կապերի փոխարեն։
Առանձնացնելով հասարակական երեք հիմնական խմբերը՝ իշխանություն ու իր կողմնակիցներ, ամեն գնով այդ իշխանության ոչնչացում տենչացող «անհաշտ ընդդիմություն» եւ իշխանությունների քաղաքականության մեջ էական շտկումներ մտցնել ձգտող «կառուցողական ընդդիմություն», կարելի է առանձնացնել նաեւ ընթացիկ խնդիրների լուծման նկատմամբ մարտավարական երեք մոտեցում։
Առաջինը, որ կապվում է հիմնականում «անհաշտ ընդդիմության» կերպարի հետ, հանգում է «հացը կուտենք, իսկ հացի փռերը կվառենք» անմահ սկզբունքին։
Երկրորդը, որ վերագրվում է իշխանությանը, մեկնաբանվում է որպես սեփական ծրագրերը համառորեն իրականացնելու փորձ, չնայած ընդդիմության եւ հասարակության մի մասի դիմադրությանը։
Երրորդ մոտեցումը, որ շահավետորեն տարբերվում է առաջին երկուսից, երկխոսության հիման վրա խորքային փոփոխությունների հասնելն է։ Հենց դա էլ այսօր փորձում է անել Դաշնակցությունը, եւ անհեթեթ է մեղադրել նրան ծախվածության, իշխանությունների հետ գաղտնի պայմանավորվածության համար։
Կրկնում ենք, դա փորձ է իշխանությունների հետ երկխոսության միջոցով հասնելու նրան, որ «բարեփոխված սահմանադրությունում ամրագրվեն դրույթներ, որոնք կապահովեն ոչ միայն կառավարման համակարգի փոփոխություն դեպի խորհրդարանական համակարգ, այլեւ ավելի լիարժեք կդարձնեն իշխանությունների հակակշռման եւ զսպման մեխանիզմները… Եթե այս ամենը չամրագրվի սահմանադրությամբ, չստեղծվեն համապատասխան օրենսդրական հիմքեր, անիմաստ է ակնկալել, որ երկրում կլինեն խորքային փոփոխություններ»։
Կարծում ենք, սա ազնիվ եւ հարգանքի արժանի դիրքորոշում է։ Ի տարբերություն, օրինակ, ԲՀԿ պահվածքի։
Վերջինս եռյակի կազմում մերթ գործում է «յուրաքանչյուրն՝ իր համար, միայն Աստված՝ բոլորի» սկզբունքով եւ սեպարատ փոխզիջումներ փնտրում իշխանության հետ։ Մերթ էլ հանկարծ վրա հասնող հաղթանակի կանխավայելումը ԲՀԿ-ի մոտ առաջացնում է հաղթական ավարը նախապես իրենով անելու ոչ պակաս բուռն ցանկություն եւ մտածելու դաշնակիցների ճակատագրի մասին, որոնք շուտով կարող են միայն խանգարել։
Գործում է մեր ճանապարհներից հայտնի էֆեկտը. ցերեկային հալոցքի ընթացքում կուտակված ջուրը, լցվելով ասֆալտի ճեղքերի մեջ, գիշերը սառչում է ու պատռում ճանապարհի պաստառը, այնուհետ կրկին հալչում, ապա սառչում, մինչեւ որ վերածում է ճեղքը հակատանկային խրամափոսի։ Եվ արժե՞ զարմանալ, որ եռյակը այդչափ ողբալի վիճակում է։
Ի դեպ, եռյակի կատաղի դիմադրությունը սահմանադրական բարեփոխումներին կարող է հանգեցնել միանգամայն անսպասելի արդյունքի, ինչի մասին վկայում է գեներալ դը Գոլի փորձը։
1962 թվականի օգոստոսի 22-ին Փարիզի Պտի-Կլամար արվարձանում նախագահի «Սիտրոենը» գնդակոծեցին ավտոմատներից, լիմուզինին կպավ 6 գնդակ՝ 150-ից (հիշեցնենք, ընդհանուր առմամբ դը Գոլի դեմ իրականացվել է տասնհինգ մահափորձ)։ «Սիտրոենը» հեռացավ ամենաբարձր արագությամբ, իսկ գեներալը հեգնանքով նկատեց. «Այս պարոնայք կրակել բացարձակապես չգիտեն»։
Մահափորձի պահին դը Գոլի սահմանադրական բարեփոխումը կես ճանապարհին էր, եւ, գեներալի կարծիքով, սահմանադրության մեջ դեռեւս չափազանց շատ բան էր մնում խորհրդարանական հանրապետությունից ու իր համար ատելի «կուսակցությունների ռեժիմից»։ Եզրակացնելով, որ՝ «Կուսակցությունները ուզում են իմ վերջը տալ։ Դե ինչ, ես առաջինը կանցնեմ գրոհի», նա նույն թվականի հոկտեմբերի 28-ին նշանակեց սահմանադրական հանրաքվե ու հաղթեց։
Պատմությունը կարող է կրկնվել մեզանում, բայց ճիշտ հակառակ ընթացքով։ Այսինքն՝ եռյակի խիստ մերժողական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ կարող է դրդել իշխանությանը վճռական գործողությունների եւ հանգեցնել վերջինիս հաղթանակին։ Տարբերությունը լոկ այն է, որ դը Գոլը խորհրդարանական հանրապետությունից անցավ նախագահականի, իսկ մենք նախագահականից կանցնենք խորհրդարանականի։
Եթե դա է սահմանադրական բարեփոխումների հակառակորդների ուզածը, ապա կարող են շարունակել դրսեւորել նույնքան առույգ ու անզիջում պահվածք։ Եթե ոչ, ապա ավելի լավ է հրաժարվեն այսուհետ բախտը փորձելուց։
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ