ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի Հայտարարությունը

ARF_Logo-coloredՀայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց 2015 թվականի հունվարի 16-24-ին՝ Դիլիջանում։ Ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։

Ժողովը քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։

Ժողովը արձանագրեց որ՝

ա) Հայաստանն ու հայությունը դիմագրավում են լուրջ մարտահրավերներ՝ Հայաստանի եւ Արցախի անկախ հանրապետությունները ամրապնդելու, արդյունավետ կառավարում ապահովելու, համահավաք ուժերով գործելու, մեր ժողովրդի ինքնադրսեւորման համար բարենպաստ, ազատ պայմաններ երաշխավորելու առումով։

բ) Հայաստանի քաղաքական համակարգի անկատարությունը, ժողովրդավարության արմատավորման դժվարությունները, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, անարդարությունները խարխլում են հայ հասարակության վստահությունը սեփական պետության հանդեպ։ Մեծ չափերի հասնող գործազրկությունն ու աղքատությունը, արտագաղթը պարտադրում են վարվող տնտեսական քաղաքականության արմատական փոփոխություն։

գ) Հայաստանի ներքաղաքական հիմնական հարցերն են` իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգի կայացումը, բիզնեսի եւ քաղաքականության իրական տարանջատումը, ժողովրդի ազատ կամարտահայտությամբ նոր որակի իշխանության ձեւավորումը, ընկերային արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը։

դ) Հարավային Կովկասում եւ ընդհանրապես տարածաշրջանում, սաստկացել է մեծապետական ուժերի մրցապայքարը՝ ազդեցության գոտիների ընդլայնման կամ ամրապնդման նպատակով։

ե) Եւրասիական Տնտեսական Միությանն անդամակցությունը Հայաստանին կանգնեցրել է ռազմավարական նոր մարտահրավերների առջեւ։

զ) Ադրբեջանը նոր թափ է հաղորդել իր ռազմապաշտ քաղաքականությանը, զինադադարի գրեթե ամենօրյա խախտումներ կատարելով եւ լայն ծավալի առճակատման վտանգ ստեղծելով։

է) Թուրքիան կիրարկում է ագրեսիվ քաղաքականութուն իր երբեմնի կայսերապետական դիրքերը վերականգնելու նպատակով, որի թիրախներից են հայրենամերձ գոտիների հայկական գաղութների կազմալուծումն ու ֆիզիկական վտանգի ենթարկելը։

Ընդհանուր ժողովը որոշեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հետամուտ պետք է լինի՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի արմատական փոփոխությանը՝ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով եւ ընկերային արդարության հաստատումով.

բ) Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ջանքերը շարունակելով, հայության ուժերի մեկտեղման միջոցով` դիմակայել Հայրենիքի անվտանգությանը սպառնացող վտանգներին.

գ) Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը նկատելով որպես Հայ Դատի պայքարի վերանորոգման հանգրվան՝ Հայ Դատի ռազմավարական նպատակ նկատել Թուրքիայից հողային պահանջատիրութունը. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը հետապնդել համազգային համակարգված ծրագրով.

դ) Պաշտպանել Ջավախքի հայության իրավունքները. Ջավախքի հայկական ինքնության պահպանումը համարել հայ-վրացական հարաբերությունների սերտացման գրավական.

ե) Ամբողջական զորակցություն եւ հետեւողական օժանդակութուն ցուցաբերել սիրիահայության ինքնապահպանման պայքարին՝ քաղաքական, նյութական եւ բարոյական բոլոր ուղղություններով.

զ) Համախմբել Սփյուռքի ուժերը` ի խնդիր հայկական գաղթօջախների կենսունակության եւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության ընդլայնման։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր ամբողջական զորակցութունն է հայտնում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության գլխավոր երաշխավոր հայոց բանակին, զինված ուժերի ողջ անձնակազմին, որոնք օրնիբուն, հակառակ բոլոր վտանգների, պաշպանում են Հայրենիքի անվտանգությունն ու մեր ժողովրդի անդորրն ու խաղաղությունը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր 125-ամյակի առիթով վերանորոգում է հանձնառությունը՝ բոլոր ուժերով նվիրվելու Հայաստանի ու հայության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, տարածաշրջանում ազդեցիկ գործոն դառնալու, մեր ազգային արժանապատությունը պահպանելու, ինքնիշխանութունը ամրապնդելու եւ համահայկական ներուժի ամբողջական կազմակերպումն ու հզորացումը իրականացնելու համար։

ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողով
24 Հունվար 2015

Հ.Յ.Դ. 32ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 32-րդ Ընդհանուր ժողովը գումարուեցաւ Դիլիջանի մէջ, 16-24 Յունուար 2015-ին։ Ժողովին մասնակցեցան կուսակցութեան կազմակերպական շրջաններու պատգամաւորներ եւ խորհրդակցական ձայնով հրաւիրեալներ։

Ժողովը քննարկեց եւ արժեւորեց կուսակցութեան անցնող հաշուետու ժամանակաշրջանի գործունէութիւնը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց յառաջիկայ քառամեակին համար Հ.Յ.Դ. քաղաքական ուղեգիծն ու ռազմավարութիւնը եւ արտաքին ու ներազգային ճակատներու վրայ գործունէութիւնն ու դիրքորոշումները, իր համահայկական եւ Հայաստանակեդրոն աշխարհահայեացքի հիման վրայ։

Ժողովը արձանագրեց որ՝

ա) Հայաստանն ու հայութիւնը կը դիմագրաւեն լուրջ մարտահրաւէրներ Հայաստանի եւ Արցախի անկախ հանրապետութիւնները ամրապնդելու, արդիւնաւէտ կառավարում ապահովելու, համահաւաք ուժերով գործելու, մեր ժողովուրդի ինքնադրսեւորման համար բարենպաստ, ազատ պայմաններ երաշխաւորելու առումով։

բ) Հայաստանի քաղաքական համակարգի անկատարութիւնը, ժողովրդավարութեան արմատաւորման դժուարութիւնները, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, անարդարութիւնները կը խարխլեն հայ հասարակութեան վստահութիւնը սեփական պետութեան հանդէպ։ Մեծ չափերու գործազրկութիւնն ու աղքատութիւնը, արտագաղթը կը պարտադրեն վարուող տնտեսական քաղաքականութեան արմատական փոփոխութիւն։

գ) Հայաստանեան ներքաղաքական հիմնական հարցերն են իշխանութիւն-ընդդիմութիւն միասնական քաղաքական համակարգի կայացումը, գործարարութեան (բիզնեսի) եւ քաղաքականութեան իրական տարանջատումը, ժողովուրդի ազատ կամարտայայտութեամբ նոր որակի իշխանութեան ձեւաւորումը, ընկերային արդարութեան հաստատումը, քաղաքացիներու իրաւունքներու լիարժէք պաշտպանութիւնը։

դ) Հարաւային Կովկասի եւ ընդհանրապէս տարածաշրջանին մէջ, սաստկացած է մեծապետական ուժերու մրցապայքարը՝ ազդեցութեան գօտիներու ընդլայնման կամ ամրապնդման նպատակով։

ե) Եւրասիական Տնտեսական Միութեան անդամակցութիւնը Հայաստանը դրած է ռազմավարական նոր մարտահրաւէրներու դիմաց։

զ) Ազրպէյճան թափ հաղորդած է իր ռազմապաշտ քաղաքականութեան, զինադադարի գրեթէ ամենօրեայ խախտումներ կատարելով եւ լայն ծաւալի առճակատման վտանգ ստեղծելով։
է) Թուրքիա յարձակողական քաղաքականութիւն կը կիրարկէ իր երբեմնի կայսերապետական դիրքերը վերականգնելու նպատակով, որու թիրախներէն է հայրենամերձ գօտիներու հայկական գաղութներու կազմալուծման եւ ֆիզիքական վտանգի ենթարկելը։

Ընդհանուր ժողովը որոշեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հետամուտ պիտի ըլլայ՝
ա) Հայաստանի Հանրապետութեան քաղաքական համակարգի արմատական փոփոխութեան՝ սահմանադրական բարեփոխումներու ճանապարհով եւ ընկերային արդարութեան հաստատումով.

բ) Արցախեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման եւ Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման ճիգերը շարունակելով՝ հայութեան ուժերու մէկտեղումի միջոցով դիմակայել Հայրենիքի անվտանգութեան սպառնացող վտանգները.

գ) Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը նկատելով Հայ Դատի պայքարի վերանորոգման հանգրուան՝ Հայ Դատի ռազմավարական նպատակ նկատել Թուրքիայէն հողային պահանջատիրութիւնը. Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու հատուցումը հետապնդել համազգային համակարգուած ծրագրով.

դ) Պաշտպանել Ջաւախքի հայութեան իրաւունքները. Ջաւախքի հայկական ինքնութեան պահպանումը համարել հայ-վրացական յարաբերութիւններու սերտացման գրաւական.
ե) Ամբողջական զօրակցութիւն եւ հետեւողական օժանդակութիւն ցուցաբերել Սուրիոյ հայութեան ինքնապահպանման պայքարին՝ քաղաքական, նիւթական եւ բարոյական բոլոր ուղղութիւններով.

զ) Համախմբել Սփիւռքի ուժերը ի խնդիր հայկական գաղթօճախներու կենսունակութեան եւ Հայրենիք-Սփիւռք համագործակցութեան ընդլայնումին։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններու անկախութեան գլխաւոր երաշխաւոր հայոց բանակին, զինուած ուժերու ողջ անձնակազմին, որոնք օրնիբուն հակառակ բոլոր վտանգներուն կը պաշպանեն Հայրենիքի անվտանգութիւնն ու մեր ժողովուրդի անդորրն ու խաղաղութիւնը։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր 125-ամեակի առիթով կը վերանորոգէ յանձնառութիւնը՝ բոլոր ուժերով նուիրուելու Հայաստանի ու հայութեան առջեւ ծառացած խնդիրներու լուծման, տարածաշրջանին մէջ ազդեցիկ գործօն դառնալու, մեր ազգային արժանապատուութիւնը պահպանելու, ինքնիշխանութիւնը ամրապնդելու եւ համահայկական ներուժի ամբողջական կազմակերպումն ու հզօրացումը իրականացնելու։

Հ.Յ.Դ. 32րդ Ընդհանուր Ժողով
24 Յունուար 2015

Տպել Տպել