- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մենք էլ Արցախի և Հայաստանի միացյալ դրոշներով կհակազդենք թուրքերին

«Նոր Յառաջ»-ի հարցազրույցը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (Բրյուսել) հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյան-Քյուրքճյանի հետ

Պետօ [1]-Կցանկանայինք ունենալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների համայնապատկերը:

-Այդ ուղղությամբ մեր գրասենյակը աշխատանքներ է տանում ոչ թե անհատների, այլ Եվրոպական Միության հաստատությունների հետ` նաև օժանդակելով 100-ամյա տարելիցի միացյալ հանձնախմբերին, որոնք յուրաքանչյուր երկրում կազմավորվել են Հայաստանի դեսպանության հովանավորությամբ: Եվրոպայում գործում է 13 հանձնախումբ, որոնց քաղաքական աշխատանքը համադրում է Բրյուսելի գրասենյակը:

-Ո՞ր երկրներում են գործում Հայ Դատի հանձնախմբերը:

-Անգլիա, Ֆրանսիա, Կիպրոս, Բուլղարիա, Հունաստան, Հոլանդիա, Ռումինիա, Ավստրիա, Շվեյցարիա, Իսպանիա, Գերմանիա, Լեհաստան և Բելգիա: Եվրոպայի այլ երկրներում ևս կազմավորվելու են հանձնախմբեր:

-Ձեր թված 13 երկրներում գործող հանձնախմբերի աշխատանքն ինչպե՞ս եք համադրում, որո՞նք են ձեր աջակցության միջոցները:

-Ասեմ, որ Հայ Դատի հանձնախմբերը գործում են ապակենտրոնացված, և յուրաքանչյուր հանձնախումբ աշխատում է ըստ տվյալ երկրի պարագաների: Օրինակ՝ Կիպրոսի կամ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը չի կարելի համեմատել Շվեյցարիայինի կամ Գերմանիայինի հետ, կամ` Ռումինիայի հանձնախումբը՝ Իսպանիայինի հետ: Իսկ ինչ վերաբերում է համադրմանը, մենք, գտնվելով Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ հաստատված են Եվրախորհրդարանը, Եվրախորհուրդն ու եվրոպական բարձրագույն ատյանները, և որտեղ, բնականաբար, յուրաքանչյուր երկրից ներկայացուցիչներ կան, կարող ենք հայկական որևէ հարց մեր հանձնախմբերի միջոցով ներկայացնել երեսփոխաններին, իսկ մեր գրասենյակը համադրում է ընդհանուր քաղաքական գործունեությունը: Անցած նոյեմբերի 28-30-ին Աթենքում կայացավ Հայ Դատի հանձնախմբերի համագումարը, որի ընթացքում քննարկվեցին 2015 թվականին իրագործվելիք ծրագրերը:

-Ո՞րտեղ են կայանալու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հիմնական նախաձեռնությունները:

-Մենք՝ որպես Հայ Դատի գրասենյակ, կենտրոնացած ենք քաղաքական միտք պատրաստելու ուղու վրա, որն ընդգրկում է իրավական պահանջներ (հատուցումներ): 100-ամյակի` Հայաստանի կենտրոնական հանձնախմբի խոսքը «Հիշում եմ և պահանջում» է, որը նաև ճանաչում է նշանակում: Իսկ Հայ Դատի ցանցերը ճանաչումից մի քայլ առաջ են գնում՝ քաղաքական հատուցում պահանջելով: Այդ կապակցությամբ մենք դիմել ենք միջազգային իրավաբանների աջակցությանը: Հայության շրջանում պետք է հասունացնել հատուցման կարևորության գաղափարը: Անցած տարի ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Կոնգրեսը որդեգրեց մի բանաձև, որի համաձայն` ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող փոքրամասնությունների եկեղեցական կալվածքները պետք է վերադարձվեն իրենց տերերին: Իսկ այդ տարածքները բավական շատ են: Իսկ ինչ վերաբերում է 100-ամյա տարելիցի միջոցառումներին, ամեն կերպ օժանդակում ենք բոլոր ծրագրերին: Համագործակցում ենք նաև Թուրքիայում ցեղասպանության ենթարկված այլ փոքրամասնությունների (հույներ, ասուրիներ, և այլն) հետ: Անցած տարի Պոլսում միջոցառում ձեռնարկեցինք, որին մասնակցեցին նաև քրդերը: Նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայկական հարցի դեմ պայքարում են միասնաբար, Սեմիրճյանն ասել է. «Ադրբեջանցիները, ինչպես ասում են՝ թուրքից ավելի թուրք են և անում են ամեն ինչ Հայկական հարցի դեմ: Նրանք քաղաքական դաշտում հային ներկայացնում են որպես «ջարդարար», իսկ թուրքին՝ որպես «զոհ»: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Թուրքիան Ցեղասպանության որոշծրագրեր հանձնել է Ադրբեջանին: Օրինակ՝ Փերինչեքի հարցով թուրքերն սկսել են համաեվրոպական շարժում: Այլ կերպ ասած՝ Թուրքիան և Ադրբեջանը, դրոշները միացրած, պայքարում են մեր դեմ: Այս դեպքում մենք էլ Արցախի և Հայաստանի միացյալ դրոշներով կհակազդենք: Մեր աշխատանքները շարունակվելու են 100-ամյակի տարելիցից հետո էլ»:

-Եվրախորհրդարանի կամ Եվրախորհրդի մակարդակով միջոցառումներ կազմակերպվե՞լ են:

-Եթե մենք հետևողական չլինենք, եվրոպական բարձրագույն ատյաններն առանձնապես որևէ քայլ չեն անելու՝ Թուրքիային չնեղացնելու մտահոգությամբ: Բուն խնդիրն այն է, որ կան զանազան կարծիքներ Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին: Պետությունները չեն ցանկանում հավելյալ դժվարություններ և խոչընդոտներ ստեղծել Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում: Իսկ մեր պարտականությունն է միշտ և միշտ հիշեցնել ու պահանջել, որ սեղանի վրա բերվի Հայ­ոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը։

-Այսօր ինչպե՞ս է ընկալվում Հայ Դատ հասկացությունը:

-Եվրոպայում Հայ Դատ հասկացությունն ընդգրկում է Հայաստանի պետականության հզորացումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ապահովելը, Հայոց ցեղասպանության ճանաչում-հատուցում պահանջելը, Սփյուռքում հայության ձայնը լսելի դարձնելն ու Վրաստանի և Թուրքիայի հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանությունը: Եվ չնայած մեր նյութական և մարդուժի սահմանափակ լինելուն՝ շարունակելու ենք վերոնշյալ հարցերի լուծման գծով մեր կարևոր աշխատանքները: Մենք հավատում ենք մեր գործին: