[1]Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես պահել է ինքնուրույն քաղաքական գիծ:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ն իր վարած քաղաքականությամբ տարբերվում է մյուս ոչ իշխանական քաղաքական ուժերից:
«Մենք տարբերվում ենք նաև իշխանական քաղաքական ուժից: Մենք միշտ որդեգրել ենք ինքնուրույն քաղաքական գիծ: Դա բոլորին է հայտնի, և բոլոր այն դեպքերում, եթե որևէ տեսակետ համընկնում է այս կամ այն դաշտի կարծիքի հետ, մենք ունենում ենք նույն քվեարկությունը կամ նույն մոտեցումը: Սա է իրականում տեղի ունենում: Որևէ արտառոց բան այստեղ պետք չէ փնտրել»:
Արմեն Ռուստամյանը օրինակ բերեց նախօրեին խորհրդարանում քննարկված ՎՊ-ի հաշվետվության առիթով ոչ իշխանական ուժերի տարածած հայտարարությունը, որին ՀՅԴ-ն էլ էր միացել ու նկատեց. «Եթե ճիշտ բան է ասվում, այդ ճիշտ բանը մենք միշտ պաշտպանում ենք: Եղել է խախտում: Հաշվետվությունը պիտի ներկայացնի ՎՊ նախագահը: Դա կանոնակարգի իմպերատիվ պահանջն է: Բնականաբար, մենք այնտեղ ենք, որտեղ ճշմարտությունն է»:
Դիտարկմանը, թե հասարակությունը չգիտի՝ ՀՅԴ-ն իշխանության, թե ընդդիմության կողքին է, Ռուստամյանը պատասխանեց, որ հասարակությունը պետք է իմանա, որ Դաշնակցությունը միշտ իր կողքին է: «Արդեն 125 տարի դա ապացուցվում է: Մնացածները թող դրա կեսի կեսի չափ ժողովրդի կողքին լինեն, նոր միայն մեզ դասեր տան»: