- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Իշխանությունները չպետք է նույնանան պետության հետ և չօգտագործեն պետությունն իրենց համար

FotorCreated [1]Հայաստանը միշտ էլ պատերազմի մեջ էր, ինչու այն ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգին կողմ էին այդ նույն մարդիկ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով` ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, ապա չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել և պատճառ դառնալ հասարակական քաղաքական ցնցումների:

«Մեր ասածն ամեն տեղ է՝ 27 ԵՄ անդամ երկրներից 19-ը խորհրդարանական համակարգ ունեն և պետք չէ հիմա հիշել, որ պատերազմի մեջ է Հայաստանը»,- ասաց նա և նշեց, որ կարևորում է ընտրական օրենսգրքում փոփոխությունները:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ 25 տարի է, ինչ Դաշնակցությունն առաջարկում է անցնել ներկայացված խորհրդարանական համակարգին, ինչպես նաև անել փոփոխություններ ընտրական համակարգում, որոնք իրարից անջատելը թուլացնում է մյուսի ուժը։

«Մենք ասում ենք՝ ինքնին միայն լավ ընտրությունների անցկացումը բավարար չէ։ Դա տեսել ենք 90-91թթ-ին, երբ լավ ընտրություններ եղան, բայց ժողովրդավարությունն այդպես էլ անշեղ չընթացավ, դրա համար էլ պետք է համակարգն այնպիսին լինի, որ այդ լավ ընտրություններով եկող իշխանությունները չայլասերվեն»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ցանկացած իշխանություն հակված է այլասերվելու և հակված է իր եղած հզորությունը, լծակներն օգտագործել նախևառաջ իր հատվածական կամ անձնական շահերի համար։

«Մենք սա բացառելու համար ենք ասում, որ համակարգային փոփոխություն է պետք։ Սա չեն անում ու չգիտես ինչու մեզ աշխարհից կտրված, բաներ են բացատրում, որոնք բացարձակապես որևէ միջազգային պրակտիկայում չեն արձանագրվել»,-ասաց նա։

Արմեն Ռուստամյանն ընդունում է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որ պետք չէ ընտրությունները կեղծել, որ իշխանությունները չպետք է նույնանան պետության հետ և չօգտագործեն պետությունն իրենց համար:

«Այդ նույն բաները ես ընդունում եմ և դրանց բոլորի տակ կարող եմ ստորագրել: Այո՛, դրանք պետք են, բայց ինչպե՞ս դրան հասնել՝ բարի կամքո՞վ, ինչ-որ մեկի ոտքերն ամպոտ բարի հրեշտակ լինելու հանգամանքո՞վ, չեմ հավատում ես դրան, եթե որևէ մեկը հավատում է, թող հերթական անգամ գնա և խաբվի»,- ասաց նա և կոչ արեց գնալ Դաշնակցության առաջարկած ճանապարհով` համակարգային, խորքային փոփոխություններ իրականացնելով:

«Մենք ասում ենք` եկեք այնպես անենք, որ որևէ մեկը իշխանության մեջ լինելով կաշկանդվի, զսպվի, հակակշռվի, որ չկարողանա անգամ ուզենա պետությունն օգտագործել ի շահ իրեն, քանի որ համակարգի մյուս բաղկացուցիչ մասերը թույլ չտան։ Այդպես է երկիրը երկիր դառնում»,– ասաց նա:

«Ձեզ թվում է, թե սարկոզիները, օլանդները արդքան շատ լա՞վն են, և միայն կամքո՞վ են առաջնորդվում, ո՛չ, իրենք չեն կարող այլ բան անել, համակարգը թույլ չի տա: Եթե օրինակ՝ ուզենան ինչ-որ բան ի վնաս ֆրանսիացի ժողովրդի համար անեն, չեն կարող, ֆրանսիական ժողովուրդը 4 փուլերով հասել է այս համակարգի ձևին»,-ասաց նա:

tert.am