- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն հենց այնպես կոալիցիա չի մտնելու

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

FotorCreated [1]-Վերջին շրջանում ներքաղաքական զարգացումները կարծես թե բավական ակտիվացել են։ Եռյակի մաս կազմող ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համաժողով էր հրավիրել, որտեղ շեշտադրումներ եղան, որոնք և կարծես պայմանավորելու են առաջիկա քաղաքական հիմնական գործընթացները: Խոսքը հատկապես վերաբերում է սահմանադրական փոփոխությունների այն փաթեթին, որի մասին առաջիկայում Սերժ Սարգսյանը անպայման իր որոշումը պետք է հայտնի: Դրանով է նաև պայմանավորված լինելու ՀՅԴ-ի հիմնական անելիքը առաջիկայում:

-ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովի տեսակետները մեզ համար նոր չէին։ Այն, ինչ վերաբերում է իրավիճակի գնահատմանը, մեր խնդիրներին, մենք դրանք բազմիցս արտահայտել ենք: Մեր դիրքորոշումը պայմանավորված չի լինելու ո́չ այդտեղ հնչած տեսակետներով, ո́չ էլ ՀՀ նախագահի վերաբերմունքով, բայց որ սահմանադրական բարեփոխումները մեր այսօրվա քաղաքական օրակարգի հիմնական խնդիրն են՝ ակնհայտ է, և սա մենք սկսել էինք վաղուց, երբ որ մեր իշխանությունները դեմ էին կառավարման խորհրդարանական համակարգին: Այնպես որ, չեմ ուզում ասել, թե Դաշնակցությունն է այս օրակարգը դրել ու պարտադրել, բայց մեր մոտեցումները կարծես թե նաև ժամանակի ընթացքում դարձել են դոմինանտ, և արդեն շատերն են հասկանում, որ առանց արմատական բարեփոխումների մեր երկիրը չի կարող լուրջ հեռանկարներ ունենալ: Այնպես որ, մեր քայլերը համապատասխանելու են այս մոտեցումներին:

-Համաժողովի ժամանակ առաջարկ եղավ իշխանություններին, թե՝ ետ կանչեք սահմանադրական փոփոխությունների առաջարկը, և մենք ձեզ հանգիստ կթողնենք մինչև 2017 թ.: Այս առևտրին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ես մանրամասն ծանոթացել եմ պարոն Ծառուկյանի և հարակից ելույթներին. իհարկե, այստեղ շեշտադրության տարբերություն կար, ինչը բնական է պարոն Ծառուկյանի պարագայում: Բայց հստակ անելիքների առումով չեմ կարող ասել, թե հստակ պայմաններ կային այնտեղ, կամ իրավիճակի հստակ գնահատականներ, մոտեցումների շարադրանք։ Իսկ թե ինչ են անելու հետո՝ պարոն Ծառուկյանի մոտեցումներում այնքան էլ հստակ չէ: Մենք մշտապես խոսել ենք՝ արդեն վեց ամիս, ամենավատը կլինի, եթե այս ինչ-որ տեղ, ասենք, հակամարտությունը վերածվի զուտ սահմանադրական բարեփոխումներ չանելու հակամարտության, որովհետև այդ պարագայում որևէ մեկը չի շահի, առավել ևս չի շահի երկիրը: Ես կարծում եմ, որ այստեղ դեռևս քննարկելու, խորհրդակցելու, մտածելու, միմյանց լրացուցիչ փաստարկներ բերելու հնարավորություն կա, և, բացի սահմանադրական բարեփոխումներից, մենք ունենք նաև զուգահեռ ընտրական համակարգի արմատական բարեփոխման օրակարգ, որն առանց մեկը մյուսի չի լինի, և ես կարծում եմ, որ այս երկուսի համադրության մեջ դեռևս կարելի է ավելի լայն կոնսոլիդացիայի հույս ունենալ ու քննարկել հարցերը ոչ միայն իշխանության, այլև մյուս քաղաքական ուժերի հետ:

-Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իշխանությունները, ԲՀԿ-ն, նրան սատարող ուժերը կարծես թե դեմ չեն քննարկումներ անելու, գնալու լուրջ կոմպրոմիսների:

-Չեմ կարծում, որովհետև ընտրականի հետ կապված մենք լրջագույն խնդիրներ ունենք: Ես չգիտեմ՝ իշխանություններն այսօր պատրաստ են անցնելու 100% համամասնականի…

-Բայց զիջումների կարծես թե պատրաստ է իշխանությունը ոչ 100% համամասնականի հարցում:

-Զիջումները լինում են որոշակի սահմաններում, սա էլ քննարկելու խնդիր է: Գուցե նոր մեխանիզմներ են անհրաժեշտ, այնպես, որ համամասնականը շատ ավելի ռեալ դառնա՝ թեկուզ մեծամասնականի որոշ բաները պահպանելով: Ես չգիտեմ՝ իշխանություններն արդյոք պատրա՞ստ են այնպիսի արմատական բարեփոխումներ անելու, որ մեր հասարակության մեջ փարատի կասկածները ընտրության մասնակիցների վերաբերյալ: Այստեղ մենք ևս լուրջ խնդիր ունենք։ Պատրա՞ստ է արդյոք իշխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տալ օրենքով, սահմանադրորեն այնպիսի լիազորություններ, որ հնարավոր լինի անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ:

-Այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, որքանո՞վ է Հայաստանի ներսում քաղաքական ուժերի դասավորությունը համարժեք մարտահրավերներին:

-Բավական բարդ է, իդեալական կլիներ, եթե մենք ունենային իսկապես պատասխանատու իշխանություն, իշխանությունն իրենից կախված ամեն ինչ արած լիներ, որպեսզի երկրում մենք ունենային և́սոցիալական, և́տնտեսական հաջողություններ, ունենայինք 60-70% միջին խավ, ովքեր պետության միջուկը պետք է լինեին: Չունենալով այս ամեն ինչը, բայց նաև ունենալով կենտրոնախույս տարբեր ուժեր՝ մենք պետք է եղածով կարողանանք գործել: ՀՅԴ-ն միշտ է ասել, որ սահման կա, և այդ սահմանը չպետք է անցնել, բայց դա չի նշանակում, որ քաղաքական ուժերը, այսինքն՝ Դաշնակցությունը չպետք է քննադատեն, չպետք է հարցեր բարձրացնեն, չպետք է մեղադրեն չարածների համար: Մինչև առարկայական վտանգը, մինչև այն սահմանը, երբ վախ է առաջանում, որ դու դրանով կարող ես կորցնել ամեն ինչ, մենք պարտավոր ենք մեր դերակատարությունն ունենալ և իբրև քաղաքական ուժեր գործել: Բայց կա մի սահման, դա Ղարաբաղյան խնդիրն է հիմա, որ եթե հարցը հասավ այդտեղ, պետք է կանգնել: Չենք կարող այս ներքաղաքական պայքարն արգելել, փակել. բանավեճերի, քննարկումների ընթացքում է ձևավորվում ոսկե միջինը:

1in.am