[1]Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք քաղաքական-հասարակական գործիչ, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ:
– Տիկին Գալստյան, ներքաղաքական վերջին զարգացումները մի տեսակ անորոշություն, տագնապ ու հիասթափություն են առաջացրել հանրության շրջանում` էլ ավելի խորացնելով երկրում առկա սոցիալ-հոգեբանական ճգնաժամը: Մարդիկ չգիտեն ում հավատալ` իշխանությա՞նը, թե ընդդիմությանը, որտե՞ղ փնտրել իրենց հուզող հարցերի պատասխանները: Ի՞նչ տեղի ունեցավ այս օրերին մեր քաղաքական դաշտում և ո՞վ պետք է լցնի մարդկանց սպասելիքների դատարկ դաշտը:
– Վերջին օրերին ժամանակը մի տեսակ խտացել էր, լիցքավորվել. բոլորս սկսեցինք վերարժևորել իրականությունը: Ցավով եմ արձանագրում՝ շատ խորքային ճգնաժամի մեջ ենք, գնալով ժողովրդի ու պետության միջև վիհ է խորանում: Ժողովուրդն իրեն օտարված է զգում իշխանությունից, իշխանությունն էլ կարծես զուտ իր համար գոյություն ունենա։ Այս ամենի արանքում կորել է մարդը` հայ մարդը: Միշտ ինձ հարց էի տալիս. երբ խորհրդարանում էի, 4-5 տարվա ընթացքում հարյուրավոր օրենքներ դակեցինք, բայց հայ մարդու կյանքում ի՞նչ փոխվեց: Միգուցե փոփոխություններ եղան, բայց այնքան չնչին, որ մեր կյանքը, իրականությունը բոլորովին չբարեփոխվեց, ընդհակառակը` մեր բոլոր ցուցանիշները նահանջի ցուցանիշներ են:
Հիմա էլ` ներքաղաքական խնդիրներ: Մենք առճակատման և արնահեղության իրավունք պարզապես չունենք: Այս մի քանի օրերին օդում ճոճվող թուրը դրդում է խոհեմության ու հնարավորությունների վերջին փշուրները հավաքել: Երեկ քաղաքականության մեջ «short track» տեղի ունեցավ, այսինքն` կարճ դիստանցիա: Մենք կարկատեցինք հնարավոր առճակատումն ու արնահեղությունը, որը կարող էր ծնվել տաքգլխության, տգիտության, անզսպության, իրավիճակային որոշումներ ընդունելու հետևանքով: Բայց մենք պարտավոր ենք անաչառ, խորքային ու անկողմնակալ քաղաքական գնահատականներ տալ մեր իրականությանը` արտագաղթին, կոռուպցիային, տնտեսական վատագույն ցուցանիշներին, բարոյահոգեբանական ճգնաժամին…և ամենակարևորը` չմոռանալ, որ 18 տարեկան հայ տղան այսօր սահման-երկիր է պահում, իսկ մենք իր թիկունքում իրար ենք ուտում։ Պետության բանաձևն արդեն չի գործում, պետության ռեսուրսը, որը նաև բնակչությունն է, հասարակության բարոյահոգեբանական վիճակը, սպասելիքը, երազանքը, տեսլականը, հյուծվել, փսորել է։
Հաշտվեցին, լավ է, խուսափեցինք առճակատումից, բայց սա քիչ է, անբավարար, ո՞ւր է իմ երկրի 25 տարվա զարգացման ռազմավարությունը, ո՞ւր է իմ պետության տեսլականը: Հաշտվելու գործընթացին պիտի հաջորդի քաղաքական բովանդակությունը՝ ուր ենք գնում, ինչպես, որոնք ենք մեր ազգային, պետական առաջնահերթությունները։ Կգտնվի՞ արդյոք քաղաքական բովանդակությունը… Ես հավատում եմ մեր տեսակին, հավատում եմ, որ հնարավոր է երկիրը փոխելու բանաձև մեջտեղ բերել` ազգային համախոհության, ըմբռնումի և հավատի միջավայրում, իսկ մեր երկրում ամենամեծ դեֆիցիտը հավատի դեֆիցիտն է:
– Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո հանրապետականները հայտարարում էին, որ երկրում իրավիճակ է փոխվել, և ուրվագծվել է նոր օրակարգ: Դուք հավատո՞ւմ եք, որ իշխանություններն իսկապես հակված են համակարգային փոփոխությունների, մանավանդ որ ներքաղաքական խնդիրը կարծես թե հարթվում է:
– Հայաստանն ասօր վերածվել է կուսակցապետության, բայց որևէ առանձին կուսակցություն չի կարող որոշել ամբողջ պետության, ժողովրդի ճակատագիրը, որևէ մեկ կուսակցության օրակարգ չի կարող դառնալ պետության բոլոր քաղաքացիների օրակարգը։ Եթե մենք խոսում ենք բարոյական ճգնաժամը հաղթահարելու, քաղաքական ինստիտուտներն արժևորելու, տգետներից քաղաքական դաշտը մաքրելու, անձնավորած (պատրիմոնիկ) քաղաքական հասարակական միջավայրը փոխելու մասին և խուսափելու ենք մականուններով իրար թրատելու քաղաքականությունից, ապա այդ բովանդակության մեջ պիտի դերակատարում ունենան քաղաքական պատասխանատվություն ունեցող այն բոլոր կուսակցությունները, որոնք հանրային հենարան ունեն:
– Ա՞յդ նկատառումով Դաշնակցությունն իր վրա վերցրեց քաղաքական հաշտարարի դերը:
– Դաշնակցությունը, որը ծնվել է պետություն կերտելու հանձնառությամբ և ուղերձով, կարո՞ղ էր արդյոք հանգիստ նայել, թե ինչպես է առանց այն էլ արյունաքամվող երկրում առճակատում հասունանում ապրիլի 24-ի նախօրեին, երբ հայ զինվորը կանգած է թուրքի բերանին: Վերջապես, երկու քաղաքական ուժերն էլ մեր գործընկերներն են, այս մի բուռ Հայաստանում ներքին բաժանարարներն ու ատելության, մաղձի հերթական վիհը խորացնելն աններելի է, պատմությունը մեզ չէր ների: Դաշնակցության նպատակը նախ երկրում կայունությունը պահելն է, զանգը գուժելը, երկրորդը` երկու կողմերին, որոնք քաղաքական պատասխանատվություն կրող երկու խոշոր քաղաքական ուժերն են, դրդել անաչառ, մաշկազերծ ախտորոշում անելու, խոստովանելու, վերլուծելու, թե ինչու է երկիրը հասել հյուծումի, ներտեսակային ագրեսիայի, սոցիալական, տնտեսական ու բարոյական ճգնաժամի մի իրավիճակի, որը մշակութային ու սոցիալական վերականգնման, շինարարության խնդիր է պարտադրում։
Առաջին քայլն արվեց` կանխվեց առճակատումը, հիմա պետք է արվի հաջորդ՝ ամենակարևոր` քաղաքական բովանդակության քայլը։ Դաշնակցությունն այստեղ մեծ անելիք ունի: Մենք ներկայացնելու ենք բովանդակային այն փոփոխությունները, որոնք, մեր համոզմամբ, կարող են երկրում քաղաքական, բարոյահոգեբանական, մշակութային, սոցիալական արժեքների վերափոխում բերել, որակական նոր Հայաստան կերտել:
– Այսինքն, եթե Դաշնակցությանն առաջարկվի իշխանության մաս կազմել` խոստանալով հաշվի նստել ձեր ծրագրերի հետ, ընդառաջ կգնա՞ք այդ առաջարկին:
– Դաշնակցության համար երբեք իշխանությունն ինքնանպատակ չի եղել։ Այո, ես ուզում եմ իշխանություն, որովհետև իշխանությունն է ինձ տալիս այն գործիքները, որոնցով կկարողանամ իրականացնել իմ հղացումները: Սա իմ երկիրն է, իմ հայրենիքն է, իմ երեխան է, ես չեմ կարող ապտակել, դուռը փակել ու գնալ, պետք է փորձեմ ներսից բարեփոխել: Եվ բոլոր նրանք, որ պիտի շահարկեն, թե իշխանության համար ենք անում, խոցելի են։ Հիմա Հայաստանն այն վիճակում է, որ բարեփոխումներն անխուսափելի են, որովհետև վիհը գնալով խորանում է: Եվ եթե իշխանություններն ունենան կամք, փոփոխություններ անելու գիտակցում, մեր ծրագրերն ընդունվեն և Հայաստանում ստեղծվի համախոհության և քաղաքական պատասխանատվության միջավայր, որտեղ կարող ենք կաթիլ-կաթիլ նոր որակներ բերել, ապա ինչո՞ւ ոչ:
– Ի՞նչ է մեզ անհրաժեշտ, որպեսզի մեր երկիրն ի վերջո դուրս գա այս ճգնաժամային վիճակից և առաջ գնա, լավ իշխանությո՞ւն, ուժեղ ընդդիմությո՞ւն, թե մեկ այլ բան: Ելքը ո՞րն է:
– Մեզ նախ լավ հասարակություն է անհրաժեշտ, որովհետև առանց լավ հասարակության մենք չենք կարող ունենալ ո’չ լավ իշխանություն, ո’չ էլ լավ ընդդիմություն: Քաղաքացիական հասարակության վրա պետք է կառուցվեն պետականության ինստիտուտները: Հիմա պիտի սկսենք նախ սոցիալական շինարարությունից, որպեսզի կարողնանք մշակութային-արժեքային մի շերտ ստեղծել, որի վրա կառուցվում են պետականության ինստիտուտները: Ամեն մեկս դրանում մեր դերակատարությունն ունի: Նախ պետք է հավատանք ու սիրենք, սիրենք Հայաստանը և լինենք քաղաքացի, պահանջատեր ու տեր: Մենք անընդհատ մեզ տեր ենք փնտրում, բայց մեր տերը մենք ենք:
Մեզ պետք է հանրային շինարարություն, այլապես, վերջին օրերի այս ամբողջ գզվռտուքը, այդ բոլոր գնահատականները, որոնք տրվեցին, այս իրականության քաղաքական գնահատականները չէին, որի կարիքը մենք ունեինք, այդ ողջ մարտահրավերի վեկտորը, թիրախը անձերն էին: Ընդհանրապես մենք շատ անձնավորված հասարակական-քաղաքական միջավայրում ենք ապրում: Մեզ պետք է արժեքային հեղափոխություն: Այսօր մենք այբ-ից մինչև ֆե փոխելու խնդիր ունենք:
Զրույցը վարեց Անի Գասպարյանը
ankakh.com