- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արցախի ՀՅԴ-ի և «Ազատ հայրենիք»-ի ներկայացուցիչները կողմ են ԱԺ 100%-անոց համամասնական ընտրակարգին

FotorCreated [1]Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, որին մասնակցելու համար հայտերն ընդունվելու են մարտի 9-ից մինչև մարտի 19-ը ներառյալ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Ընտրություններին մասնակցելու համար գրանցումները կլինեն մինչև մարտի 29-ը: Քարոզարշավը կլինի մարտի 30-ից մինչև մայիսի 1-ը՝ ժամը 24:00-ն»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ ավելացնելով նաև, որ բնականաբար այս պահին չեն կարող ասել, թե որ կուսակցություններն են մասնակցելու:

Tert.am-ի հետ զրույցում, սակայն, կուսակցություններից երկուսի ներկայացուցիչները հաստատեցին իրենց հետագա մասնակցությունը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն ասաց, որ որպես քաղաքական ուժ անպայման մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին:

«Մենք կունենանք ընդհանուր քննարկումներ, որից հետո արդեն կներկայացնենք մեր թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական մասնակցությունը»,-ասաց Դավիթ Իշխանյանը:

Նրա խոսքով՝ վերջին 7-8 տարիների ընթացքում Արցախում տեղի ունեցող համապետական ընտրություններում բավական դրական տեղաշարժեր, միտումներ են արձանագրվել՝ ժողովրդական սկզբունքների արմատավորում, մասնակցության տոկոսի բարձրացում, վարչական ռեսուրսների միջամտության կտրուկ նվազում:

«Այդ ամենը դրական տեղաշարժեր են, որի գնահատականը նաև տվել են դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր երկրների ներկայացուցիչներ: Այս առումով ակնկալիքները դրական են լինելու, և ամեն ինչ արվում է, հատկապես վերջերս ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները դրական հույսեր են ներշնչում համամասնական և մեծամասնական քվոտաների փոփոխության առումով»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

«Դաշնակցության Արցախի կառույցը 100%-անոց համամասնական ընտրակարգի կողմնակից է, և թեև մեր տեսակետն ու մեր առաջարկը չընդունվեց, այնուհանդերձ, առաջընթացը փաստ է, կարծում եմ, որ միտումները դրական են»,-նկատեց Դավիթ Իշխանյանը:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Պետրոսյանն էլ ասաց, որ փետրվարի 24-ին «Ազատ հայրենիք» կուսակցության խորհրդի նիստ է լինելու, որը որոշելու է համագումարի օրը:

«Չենք կարող ասել, թե ինչ է որոշելու համագումարը, բայց որ ակտիվ մասնակցություն ենք ունենալու, դա միանշանակ է: Որպես ԼՂՀ առաջատար քաղաքական ուժ, բնականաբար, մենք ձգտելու ենք պահել մեր դիրքը»,-ասաց պատգամավորի:

Ինչպես ՀՅԴ ներկայացուցիչը, այնպես էլ Գագիկ Պետրոսյանը նշեց, որ սկսած 2000 թվականից առ այսօր Արցախում չի եղել մի ընտրություն, որը կարելի է կասկածի տակ դնել:

«Սրանք միայն իմ խոսքերը չեն, այլ նաև եվրոպական միջազգային կազմակերպությունների, դիտորդների, որոնք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ ԼՂՀ ընտրությունները տարածաշրջանում ամենաժողովրդավարն են»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ փոփոխությունների, 2015 թվականի ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգին տրված է 22 տեղ, 11-ը՝ մեծամասնական: Ներկայում համամասնական ընտրակարգով 17, մեծամասնականով՝ 16 պատգամավորական մանդատներ կան:

«Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչն ասաց, թե այս փոփոխություններին միանշանակ կողմ են եղել երկու ուժ՝ «Ազատ հայրենիքը» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

«Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ քայլ առ քայլ պետք է գնանք 100%-անոց համամասնական ընտրակարգի: Ինձ թվում է, որ 2020 թվականին ունենալու ենք 100%-անոց համամասնական խորհրդարան»,-ընդգծեց պատգամավորը:

Ավելի վաղ ԼՂՀ վարչապետն ասել էր, թե ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, պետական պատասխանատու մարմիններն ու կուսակցությունները հանգիստ կերպով նախապատրաստվում են ընտրություններին:

tert.am