[1] Այսօր ՀՅԴ ԳՄ պատվիրակությունը` Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան ու Պետրոս Մեղրյան կազմով, հանդիպեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեցին երկու երկրների միջև տարածաշրջանային կայունությանն ուղղված խորքային հարաբերությունները, տնտեսական խնդիրները, անդրադարձ եղավ հոգևոր կապերին և դրանց խորացմանն ուղղված գործողություններին:
ՀՅԴ ԳՄ Ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ընդգծեց այն հանգամանքը, որ երկրների միջև տարածաշրջանային և քաղաքական հետաքրքրություններն ու կողմնորոշումները չպետք է խանգարեն երկրների միջև փոխադարձ ըմբռնմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը:
Անդրադառնալով ջավախահայության հոգևոր մշակութային իրավունքների պաշտպանության խնդրին` Լիլիթ Գալստյանը կարևորեց այնպիսի ընթացակարգերի սահմանումը, որոնք կնպաստեն Ջավախքում հայ ինքնության պահպանության ու հայեցի կրթական ծրագրերի իրականացմանը:
Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների վրացական փորձը: Կարևորելով երկկողմ հարաբերությունների անհրաժեշտությունը` քննարկվեց նաև ՀՅԴ պատվիրակության` առաջիկայում Վրաստան այցելության հնարավորությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել սերտ աշխատելու և պարբերաբար տեսակետներ փոխանակելու վերաբերյալ: