- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Տգեղ տեսարաններ

FotorCreated [1]Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ում եւ նրա շուրջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Խմբակցությունից դուրս են եկել մի շարք պատգամավորներ, սակայն վայր չեն դրել մանդատները եւ մտադիր են պատգամավորական խումբ ձեւավորել: Տարածքային կառույցները լքում են կուսակցությունը, շատ պաշտոնյաներ տեղերում նույնպես դուրս են գալիս ԲՀԿ-ից:

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Գագիկ Ծառուկյանը պահանջել է իրեն վերադարձնել գրասենյակների գույքը, սակայն պարզվում է այդ գույքի մի մասը ձեռք է բերվել տվյալ տարածքի պատգամավորի փողերով, եւ առաջացել է դժգոհություն:

Մարդիկ, կազմակերպությունները մամուլում իրենց հիասթափությունն ու դժգոհությունն են հայտնում Ծառուկյանից, ով իրենց «անտեր» է թողել:

Այսօր տեղեկություն է տարածվել, թե մի խումբ ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ հանդիպել են Սերժ Սարգսյանին եւ ասել, որ ընդդիմություն են դառնալու: Սերժ Սարգսյանը համաձայնվել է եւ ասել, որ նրանց «տիրություն» է անելու Հովիկ Աբրահամյանը:

Վերջինս էլ ասել է, որ ԲՀԿ բոլոր որոշումները պետք է համաձայնեցվեն իր հետ: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա ստացվում է հետեւյալ պատկերը՝ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի գիտությամբ եւ Հովիկ Աբրահամյանի հետ ճշտած ընդդիմադիր գործունեություն է վարելու:

Ավելի քան տգեղ պատկեր է բացվում, այն դեպքում, երբ այս կուսակցությունը գլխավորում էր «համաժողովրդական շարժումն» ու «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»: Պարզվում է՝ այս ամենի տակ ընդամենը մերկանտիլ նպատակների շուրջ մի համախումբ էր, որը փոշիացավ առաջին իսկ հարվածից:

Հայաստանում կուսակցությունները կազմալուծելու կամ պառակտելու փորձեր շատ են եղել: Օրինակ, 1990-ականներին Ռամկավար-ազատական կուսակցությունն այնքան մասնատվեց, որ ոչ ոք չէր կարողանում ստույգ ասել դրանց թիվը: Պառակտվեցին նաեւ ՍԴՀԿ-ն, ՀՀՇ-ն, ՀԺԿ-ն, ՕԵԿ-ը: Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց պառակտել ՀՅԴ-ն, ստեղծելով Էյդամի «կոոպերատիվ դաշնակցությունը», որը սակայն շատ կարճ կյանք ունեցավ: ՀՅԴ ապակենտրոն, ցանցային ուժեղ կառուցվածքն ու գաղափարական ամուր հիմքերը թույլ չտվեցին պառակտել այդ կուսակցությունը:

ՀՅԴ-ն մնաց բացառություն, սակայն մյուս կուսակցությունները հեշտությամբ պառակտվում էին մի պարզ պատճառով՝ դրանք գաղափարազուրկ, քաղաքական սկզբունքներ չունեցող խմբավորումներ են, ուր մարդիկ մտնում են անձնական խնդիրներ լուծելու համար: ԲՀԿ-ն այդ առումով բացառություն չէ: Սակայն, այս երեւույթներն առավել տգեղ երեւակվեցին հենց ԲՀԿ-ի դեպքում, նկատի ունենալով նրա ռեսուրսների ու հավակնությունների մեծությունը:

Դա հաշվի առնելով, առաջիկայում պետք է սպասել առավել տգեղ տեսարանների, որոնց մոտ սեղան-աթոռը հետ պահանջելը կթվա փոքր մի բան: Քանի որ այդ կուսակցության հռչակած նպատակների ու նրա բուն էության միջեւ չափազանց խոր մի անդունդ է:

Ներկայում այն նույն տեսարանն է ԲՀԿ-ի շուրջ, ինչ Աբովյանի եկեղեցին բացելուց հետո հյուրասիրության սեղանների մոտ կատարվածը:

lragir.am