Կիրո Մանոյան. Հայ-թուրքական արձանագրությունները պետք է սպանել


Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մտահոգություն հայտնեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վերաբերյալ. մի պահ պատկերացրեք, որ 2014-ին հանկարծ Թուրքիան որոշում է վավերացնել դրանք, եւ Հայաստանի իշխանությունները, որ նույն իշխանություններն են, ինչ այսօր, ի պատասխան` իրենք էլ վավերացնեն, ի՞նչ կլինի:

Նաեւ նշեց, որ այդ արձանագրությունները պետք է ընդմիշտ սպանել: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ մինչեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Մանոյանը ասաց, որ ԶԼՄ-ները, հատկապես` կայքերը, 2014թ. սկսած, պետք է Ցեղասպանության մասին պատմող նյութերը վերահրատարակեն:

«Հստակ է, որ տարբեր լրատվամիջոցներում կա խմբագրական քաղաքականություն, որոնք, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին սկսել են չժխտել Ցեղասպանության հարցը, սակայն սա որոշ դեպքերում արհեստական բնույթ է կրում: Չնայած անցած 20 տարիների ընթացքում որոշ դրական քայլեր կան, որ կարեւոր լրատվամիջոցներն իրենց քաղաքականությունը փոխել են»,- ասաց Մանոյանը եւ հավելեց, որ Ադրբեջանի կողմից տարվող լոբբիստական աշխատանքը փորձում է հարցականի տակ դնել Ցեղասպանությանն առնչվող յուրաքանչյուր ակնարկ. «Մյուս կողմից` ադրբեջանցիները սկսել են բարձրացնել Խոջալուի «ցեղասպանության» հարցը` փորձելով հավասարակշռություն մտցնել»:

Անհրաժեշտ է՝ լրագրողների, խմբագիրների հետ մշտական աշխատանք տանել եւ ծանոթացնել Ցեղասպանության բոլոր շերտերին, այլապես հարցը կշարունակվի ներկայացվել որպես հայերի եւ թուրքերի միջեւ վեճի խնդիր: Այս առումով, ըստ Մանոյանի, լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ի կեցվածքը, որն այդպես էլ չի որակում Ցեղասպանությունը` հնարավորություն տալով տարբեր ԶԼՄ-ներին որդեգրել նույն կեցվածքը:

«Պետք է ներկայացնել, որ Ցեղասպանության խնդիրը ոչ թե պատմական հարց է, այլ այսօր տակավին իր հետեւանքներն ունեցող խնդիր է: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումը նախ կնպաստի նրան, որպեսզի ցեղասպանությունները նվազեն եւ հետո` Հայաստանը եւ հայությունն ապահով ապրեն»,- խոսքն ամփոփեց Կիրո Մանոյանը:

Տպել Տպել