- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի առաջարկած գրեթե բոլոր կետերն ընդունել է

Արծվիկ Մինասյանը՝ նախագահի հետ հանդիպման մասին

FotorCreated [1]Այսօր նախագահականից հայտնել են , որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ ՀՅԴ-ի:

Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է քննարկվել նախագահի հետ այդ հանդիպման ընթացքում:

Նա պատասխանեց. «Մենք հրապարակել ենք հայեցակարգի վերաբերյալ մեր առաջարկությունները: Մինչեւ նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տալը անհրաժեշտ էր, որպեսզի մեր տեսակետները քննարկվեին նախագահի հետ: Այս պահի դրությամբ արձանագրենք, որ գրեթե բոլոր կետերում կա փոխադարձ ընկալում, եւ մեր աաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են: Ճանապարհային քարտեզը եւ ժամկետները բոլոր կետերով դեռեւս քննարկման փուլում են: Այն մասով, որ այստեղ սահմանադական բարեփոխումների անհրաժեշտություն կա, լիակատար համաձայնություն է, երկրորդ՝ շեշտադրումները տնտեսական, քաղաքական, մարդու իրավունքների, ՏԻՄ համակարգում, դատական համակարգում, իշխանությունների թեւերի հավասաակշռման եւ փոխադարձ զսպումների ոլորտներում, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ ունենալու հարցում մեծամասամբ համընկնում են մեր մոտեցումները: Կոնկրետ տեքստերը մասնագիտական հանձնաժողովը պետք է անի: Կախված նրանից, թե մյուս քաղաքական ուժերի տեսակետներն ինչպեսի՞ն կլինեն, եւ ՀՀ նախագահի արձագանքը ինչպես կլինի, արդեն դրանից հետո պարզ կլինեն թե՛ ժամկետները, թե՛ սահմանադրական փոփոխությունների բուն տեքստի մշակման փուլայնությունը»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ հաճախ Սահմանադրական փոփոխությունները ներկայացվում են մի ամբողջություն, առանց մանրամասների. «Այն, որ ՀՀ պառլամենտի ընտրությունների հիմքը 100 տոկոս համամասնական ընտրակարգն է, այստեղ տարաձայնություն չկա: Ժամկետների առւմով կան քննարկումներ,թե քանի փուլերով եւ ինչ ժամկետներում պետք է լինի: Դեռեւս վերջնականացված չեն: Սահմանադրական փոփոխությունների հստակ ազդակը վերաբերում է քաղաքական համակարգի առողջացմանը: Ցավում եմ, որ հաճախ շատ պրիմիտիվ մակարդակի վրա է դրվում սահմանադրական փփոխությունների հարցը՝ կառավարման փոփոխությունների հարց: Դա մեր առօրյան է, մեր կյանքն է: Մարդիկ չեն պատկերացնում սահմանադրական փոփոխությունների դրական ազդեցությունը մեր կյանքի վրա: Մենք չենք պնդում, որ հանրաքվեի հաջորդ օրը քաղաքացին սկսելու է լավ, հարուստ ապրել, չէ: Բայց սկսվում է պրոցես, գործընթաց, որտեղ քաղաքացին ինքն իրեն իրացված է զգալու: Դրա երաշխավորը հենց կառավարման խորհրդարանական համակարգն է լինելու»: Հարցին՝ ասացիք, որ գրեթե բոլոր կետերի շուրջ նախագահի հետ համաձայնության եք եկել, կոնկրետ ո՞ր կետի շուրջ համաձայնության չեք եկել՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չեմ ասի, որովհետեւ քննարկումները դեռեւս շարւնակվում են: ժամանակից շուտ հրապարակել այդ ամենը, չեմ կարծում, որ ճիշտ է, արդյունավետ է: Մենք շարունակում ենք քաղաքական քննարկումները, նախագահը շարունակում է կոնսուլտացիաները այլ քաղաքական ուժերի հետ: Մենք կունենանք լիարժեք պատկեր, դրա մասին հստակ կխոսենք բոլոր կետերի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Չեխիան և Հայաստանը փոխադարձ ըմբռնում ունեն Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում

Արծվիկ-Ազատություն [2]

Հայաստանի և Չեխիայի միջև փոխադարձ ըմբռնում կա Հայոց ցեղասպանության ճանաչման շրջանակում Չեխիայի դիվանագիտական գործողությունների մասով, որոնք պետք է իրականացվեն Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը հասնելու համար:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով եղել է Չեխիա այց կատարած Հայաստանի պատգամավորական պատվիրակության կազմում:

«Մենք հանդիպումներ ենք ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի, ինչպես նաև Սենատի փոխնախագահի հետ: Հետաքրքիր քննարկումների արդյունքում, ըստ էության, փոխադարձ ըմբռնում կա Ցեղասպանության ճանաչման շրջանակում Չեխիայի դիվանագիտական գործողությունների մասով, որ պետք է նպաստեն Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի հետ սերտ բարեկամական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Մինասյանը:

Նա ընդգծեց, որ նման հաջողության առաջին գաղտնիքը հայկական դիվանագիտական կորպուսի հստակ և թիրախավորված աշխատանքի արդյունքն է: «Մենք ակնկալում ենք, որ Չեխիայի այս դրական օրինակը կտարածվի այն երկրների վրա, որտեղ դեռևս նման առաջընթաց չկա»,- նշեց Մինասյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Չեխիան մինչև ապրիլի 24-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե իրատեսական լինենք, ապա քիչ հավանական է՝ ավելացնելով, որ դրա համար որոշակի պատեհ առիթ է պետք։ «Մենք պետք է իրատես լինենք. դա քիչ հավանական է: Սակայն այն, որ գործընթացն ընդգրկել է հասարակական շատ ավելի մեծ մասշտաբներ, իսկ քաղաքական բոլոր ուժերն այդ առումով տարակարծություններ չունեն, փաստ է: Այլ բան է, որ այս դեպքում որոշակի հարմար պահ կամ առիթ է պետք, որպեսզի նրանք կարողանան այդ գործընթացին ընթացք հաղորդել: Սակայն մեզ համար կարևոր է, որպեսզի այս գործընթացի վերջնական արդյունքը լինի ոչ թե ձևական ճանաչումը, այլ դրանում հստակ արտահայտված լինի մեր պահանջատիրությունը: Սա մենք ավելի ենք կարևորում, և այդ ընկալումը, ըմբռնումը կա»,- ընդգծեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Չեխիայից Հայաստան կայցելի պատկառելի պատվիրակություն:

armenpress.am