- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Աղվան Վարդանյան. Միասնական թեկնածուի նախանշաններ չեմ տեսնում

[1]
ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւս մեկ անգամ հիշեցրեց ՀՅԴ-ի հստակ դիրքորոշումը` քաղաքական ենթատեքստ ակնհայտ էր, ակնհայտ են նաեւ քաղաքական հետապնդման նշանները:

«Եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, դատախազը չէր մտնի ԱԺ»,- հյատարարեց նա:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք սխալ չէր այդ օրը Ծառուկյանի բացակայությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ Ծառուկյանի բացակայության պատճառը չգիտի, բայցեւ նշեց, որ նրա ներկայությունը տրամաբանական կլիներ:

Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Աղվան Վարդանյանը չմեկնաբանեց: Հայտարարությունում, ըստ նրա, ամեն ինչ ասված էր: Իսկ այն, որ, հայտարարության հետ կապված, զանգվածային մեկնաբանություններ եղան, Աղվան Վարդանյանը մեկ կենտրոնից ուղղորդված է համարում: Իսկ այն, որ Գալուստ Սահակյանը չի հավատում, որ հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, «այն եզակի դեպքն է, երբ Գալուստ Սահակյանը սխալվում է»:

Լուրերը, թե այս կամ այն կուսակցությունները գաղտնի հանդիպումներ են ունենում, Աղվան Վարդանյանը դարձյալ մեկ կենտրոնից ուղղորդվող նույն օպերան է համարում: Ինքն անձամբ տեղեկություններ չունի: Խոսելով նախագահական ընտրությունների մասին` նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՅԴ-ն իր մոտեցումները հստակ շարադրել է` անձերի խնդիր չեն քննարկում: Միասնական թեկնածուի նախանշաններ այս պահին Աղվան Վարդանյանը չի տեսնում, բայց կարծում է, որ իրադրությունը կարող է փոխվել: