[1]Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Արա Նռանյանը Մոսկվայում «Իտեգրում. Ճգնաժամից դուրս գալու նոր ելքեր ու ճանապարհներ» թեմայով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» առանցքով տրանսպորտային հաղորդակցման հեռանկարներին՝ հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու փաստը։
Ֆորումի կազմակերպիչը ԱՊՀ տնտեսական զարգացման Գործնական կենտրոնն է։
Իր ելույթում Արա Նռանյանը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելը նոր աշխարհաքաղաքական իրողություններ է ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման փոխշահավետ սխեմաներ մշակել։ «Հայաստանի անդամակցությամբ ԵՏՄ-ն լուրջ առաջընթաց է կատարում հարավային ուղղությամբ եւ հայտարարում է կարեւոր տրանսպորտային հանգույց դառնալու մասին, որը միավորում է Եվրամիությունը Պարսից ծոցի երկրների, Հարավարեւելյան Ասիայի եւ Հնդկաստանի հետ։ Նույնիսկ քարտեզին նետած թռուցիկ հայացքը բավական է գնահատելու համար այն հեռանկարները, որոնք բացվում են ԵՏՄ-ի համար Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան առանցքով կայուն, արագ եւ հասանելի տրանսպորտային հաղորդակցություն ստեղծելու համար»։
Նռանյանի խոսքով՝ Հայաստանն արդեն այսօր իրականացնում է «Հյուսիս-Հարավ» ավտոմեքենային ճանապարհի շինարարության նախագիծը, որը միավորում է հայ-իրանական սահմանը հայ-վրացականին։ 556 կմ ձգվող միջանցքը ելք է ապահովում դեպի Սեւ ծով եւ գնում է 2.5 դոլար տնտեսել ամեն ուղեւորի մեկ ժամ ճանապարհի վրա եւ 1 դոլար՝ 1 տոննա բեռի տեղափոխման համար։ Նախագիծը պլանավորվում է լիովին իրականացվել 2019թ.։
«Մյուս կարեւոր նախագիծը, որը հիմա քննարկվում է, դա Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան երկաթուղին է։ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը ոչ միայն 2 անգամ ավելի կարճ է, քան Սուեզի ջրանցքով ծովային ճանապարհը, այլ նաեւ բեռնափոխադրումների ժամանակ տնտեսում է գումար եւ ժամանակ, իսկ եթե հաշվի ենք առնում ԵՏՄ գործունեության արդյունքում բեռնափոխադրումների հոսքի աճի հեռանկարները, ԵՏՄ-ն կարող է ավելի մեծ եւ արագ վերադարձ ունեցալ, քան պլանավորվում էր նախքան Հայաստանի անդամակցության գործոնը հաշվի առնել»,- ընդգծեց Նռանյանը։
news.am