- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սերժ Սարգսյանը չի հանձնարարել աշխատել Սահմանադրության երկու տարբեր նախագծերի վրա

FotorCreated [1]-Պարո՛ն Վարդանյան, օրերս ՀՅԴ խմբակցության ղեկավարը բավական կոշտ գնահատեց «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության քայլերը՝ անթույլատրելի համարելով ապրիլի 24-ին մոբիլիզացիայի կոչերը: Ժիրայր Սեֆիլյանը մեր լրատվականի հետ զրույցում նշեց, որ Արմեն Ռուստամյանը գիտակցել է, որ սխալ է, և չի կարծում, թե նա մնացել է իր կարծիքին: Սփյուռքի տարբեր կենտրոններից արձագանքներ եղան, հիմնականում` մեղադրեցին ՀՅԴ-ին: Ինչպե՞ս եք գնահատում:

-Նախ՝ որքան հիշում եմ ձեր լրատվամիջոցին պարոն Սեֆիլյանն ասել էր՝ ես կարծում եմ, որ պարոն Ռուստամյանը նույն կարծիքին չէ: Վստահ եմ՝ պարոն Սեֆիլյանը սխալվում է, Ռուստամյանը նույն կարծիքին է, և մենք նրա գործողությունների վերաբերյալ նույն կարծիքին ենք: Ինչ վերաբերում է վերջին հրապարակմանը, իհարկե, ես խոստացել էի լրատվամիջոցներից մեկին, որ այս թեմային չեմ անդրադառնա, բայց դուք ստիպում եք: Գիտեք, «Հայկական վերածնունդ» անունով կազմակերպությունն իր մասնաճյուղերով եթե նման տեքստ է հրապարակում, և այդ տեքստը շարահյուսական, կետադրական, ուղղագրական սխալներով է, դրա մեջ ո՛չ հայկական կա, ո՛չ վերածնունդ: Ես էլի կհասկանայի, եթե այդ թվարկված արտասահմանյան մասնաճյուղերի շարքում լիներ նաև Ապարանի մասնաճյուղը, ապա ամեն ինչ իր տեղը կընկներ: Տեքստը դա թելադրում է:

Ինչ վերաբերում է նրանց գործողություններին, ապա ապրիլի 24-ին շատ ժամանակ չի մնացել, ապրիլի 24-ից հետո մեկ շաբաթ էլ կսպասենք և հետո արդյունքների մասին կխոսենք: Այլևս չեմ ուզում այս թեմային անդրադառնալ, փակեցինք այս խնդիրը:

-Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկման երկրորդ փուլն է մեկնարկել: Այս օրերին ամենաշատը խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի գնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, կամ նրա խոսքերից առնվազն ենթադրվում է, որ կանցնի կիսանախագահական տարբերակին, մի բան, որն անընդունելի է ՀՅԴ-ի համար: Դուք միշտ խորհրդարանական մոդելի կողմնակից եք եղել: Եթե հանկարծ որոշվեց, որ խորհրդարանական մոդելի չանցնեն, ի՞նչ կանի ՀՅԴ-ն:

-Եկեք մեր պատասխանները չպայմանավորենք «եթե»-ներով: Ինձ համար զարմանալի է, որ նաև ՀՀԿ պատգամավորներն են խոսում երկու հնարավոր տարբերակների մասին՝ մեկը` խորհրդարանականի, մյուսը` կիսանախագահականի բարելավման: Հանրապետության նախագահը հավանություն է տվել հայեցակարգին, այն հայեցակարգին, որն ուղղակիորեն խորհրդարանական համակարգ է ենթադրում, և հանձնարարել է աշխատել Սահմանադրության տեքստի վրա: Հանրապետության նախագահը չի հանձնարարել աշխատել երկու տարբեր նախագծերի վրա: Նախագահը որոշ մտահոգություններ է հայտնել, բայց ես վստահ եմ, որ այդ երկու խնդիրները, որոնք հարցեր են առաջացնում, պրոֆեսիոնալները, մասնագետները լուծումներ կգտնեն Սահմանադրության տեքստում: Այնպես որ` այդ մտահոգությունները կվերանան: Մնացածը ենթադրություններ են և այլ օպերայից են: Ես խորապես համոզված եմ, որ աշխատանքային խումբը քաղաքական ուժերի, առաջին հերթին` ՀՅԴ-ի աջակցությամբ կգտնի այնպիսի իրավական պատասխաններ, որոնք ուղղակի այդ հարցերը կհանեն: Մանավանդ` այդ ենթադրություններն անողները պետք է հասկանան, որ իրավականորեն հնարավոր չէ երկու նախագիծ ունենալ:

1in.am