ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 30-րդ Ընդհանուր Ժողովին

Վճռական, պատասխանատու, հաղթական
Յ.Դաշնակցության ամեն մի Ընդհանուր ժողով ինչ-որ առումով անկյունադարձային է:

Մենք գնահատում ենք անցած քառամյակը, գնահատում ենք խիստ, քննադատաբար եւ հավատքով, պատասխանատ վությամբ ճշտում անելիքը:

Այս 30-րդ Ընդհանուր ժողովը ճիշտ ժամանակին է.Մենք համապետական երկու ընտրություն ենք անցել:Նախագահական ընտրությունները դեռ մեր կյանքն են:Այնպես որ` արվածը հետահայաց քննելը, ներկան պատասխանատվությամբ արժեւորելը, վճռականորեն առաջ շարժվելու հիմքեր ստեղծելը մեր պարտավորությունն է: Ինչպես միշտ պետք է այդ անենք հրապարակավ, անկեղծ, պարտքի գիտակցումով:

Այս ժողովը, մեր կամքից անկախ, ընթանալու է ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների, հաջորդած իրադարձությունների ազդեցության ներքո: Մեր այլ կարեւոր հարցերի հարաբերության մեջ` բնական ու արդարացված է այս. մեր հարցերի հարցը Հայաստանի Հանրապետությունն է եւ մեր դերակատարությունը ազգային պետականության մեջ: Ուստի շատ կարեւոր է առարկայորեն վերլուծել անցած ուղին:
Ազգային Ժողովի ընտրություններից հետո, մենք լի էինք վճռականությամբ:

Գոհ էինք ոչ այնքան արդյունքներից, որքան նախընտրական արդյունավետ մրցապայքարից:

Մենք կարողացել էինք հստակ ասելիքով ներկայանալ եւ այն տեղ հասցնել: Մեծաթիվ համակիրներ էին մեր շուրջը համախմբվել: Հասարակությունն էլ նոր լույսի տակ էր տեսնում դաշնակցությունը, ընկալում էր մեր մոտեցումները եւ արձագանքում: Շատ կարեւոր էր նաեւ այն, որ մայիսից հետո, լավ ընտրությունների արդյունքում, մենք կայուն, թռիչքաձեւ զարգացում էինք նախատեսում մեր երկրի համար :

Նախագահական ընտրությունների մասնակցեցինք սեփական թեկնածուով: Մասնակցեցինք, չբացառելով հաղթանակի հավանականությունը, բայց մեզ համար կարեւոր էր հենց մասնակցությունը: Մենք մի քանի նպատակ էինք հետապնդում. թեպետ 1998-2008 թվականներին եղել էինք իշխանության կողքին եւ կարողացել էինք մեր չափով մասնակից լինել առաջընթացին, ազգային ուղղվածության ձեւավորման հուժ կարեւոր գործին, սակայն, օրը օրին նաեւ հայտնել էինք մեր տարակարծությունները. համաձայն չէինք տնտեսական քաղաքականության հետ, դժգոհ էինք որ երկրում ծրագրված պայքար չկար կոռուպցիայի դեմ, անհանդուրժելի էինք համարում արտոնյալ խավի, քրեական, կիսաքրեական տարրերի անօրինական պահվածքը հասարակության մեջ: Գտնում էինք, որ այս ամբողջը երկրը տանում է միահեծանության կամ ցնցումների:

Ուստի ասպարեզ եկանք իբրեւ իրական այլընտրանք, լուրջ ախտաճանաչումով ու լուծումներ առաջարկող ծրագրով: Մենք այլընտրանք էինք թե ընդդիմությանը, թե իշխանությանը: Ընդունենք` նախկին, ներկա իշխանությունները հրապարակի վրա գտնվող աղմկող ընդդիմադիր ուժերը այս հարցերում չէին զանազանվում միմյանցից:

Ասպարեզ եկանք, որպեսզի մեր պայքարով, քաղաքական խոսքով ու գնահատականներով նպաստենք ժողովրդի քաղաքականացմանը եւ կազմակերպվածությանը:
Հավատացած էինք, որ մեր մասնակցությունը հավելյալ խթան է դառնալու երկրի ժողովրդավարացման, արդար ընտրությունների կատարելագործման համար: Նախագահական ընտրապայքարով մենք վերջակետ էինք դնում իշխանությունների հետ նախկին համագործակցությանը եւ համենայնդեպս նոր սկիզբի կարելիություն ստեղծում մեզ համար:

Մենք իրատես էինք: Մեր իրատեսությունը ծնվել էր խորհրդարանական ընտրություններից, ուր վկա էինք կուսակցության ժողովրդական նոր ընկալման: Մաքսիմալիստ չէինք մեր ակնկալիքների մեջ, սակայն ունեինք գեթ համեմատական հաջողության հույս:

Թեպետ որոշներն այն կարծիքի են, որ եթե մայիսից հետո կուսակցությունը համագործակցություն չկայացներ ձեւավորվող կուալիցիայի հետ, նախագահական ընտրություններին կհայտնվեր առավել նպաստավոր դիրքերում:

Մենք այլ կերպ էինք մտածում. գտնում էինք, որ խորհրդարանականից նախագահական ժամանակը այնքան կարճ է, որ չէինք կարողանա կտրուկ փոփոխություն արձանագրել: Նաեւ` նախագահական ընտրություններում ինչ- որ առավելություն ունենալու համար մենք իրավունք չունեինք պատեհապաշտություն դրսեւորել` վերջին վայրկյանին լքելով մեր երեկվա գործընկերներին: Նույն իրատեսությունը մեզ մղեց նոր ընտրական դաշինքի ձեւավորման փորձերի, ուր հրապարակ եկանք բավականին լուրջ առաջարկություններով: Սակայն մեզ եւ հավանաբար նաեւ իրենց` ում ուղղված էր ընտրական դաշինքի ձեւավորման առաջարկը, անհասկանալի եւ անբացատրելի մնաց, թե ինչու նոր բեւեռ չձեւավորվեց:

Նախագահական ընտրություններում, մեղմ ասած, հաջողություն չենք ունեցել, մենք ձախողել ենք: Չեմ ընկճվում եւ չեմ վարանում խոստովանել: Խոստովանելով` վերջնական եմ համարում մեր գործունեության մասին իմ գնահատականը, սակայն, անմիջապես ավելացնում եմ` պարտությունը մեր սխալ քաղաքականության եւ թերի գործունեության հետեւանքը չէր եւ այն չի կարող մեզ ընկճել, մեր տեսակի համար պարտությունը կարող է միայն հավելյալ աշխատանքի, ուժերի լարման պատճառ դառնալ:

Այդուհանդերձ, մենք պարտավոր ենք հասկանալ նախագահական ընտրությունների ամբողջ ընթացքը:

Ազգային Ժողովի ընտրություններում ի հայտ եկած նոր որակը հույս էր ներշնչում, որ նախագահական ընտրությունները եւս կանցնեն քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում, ուր այլեւս ընտրությունը չի կայանա ընդդեմի հասկացողությամբ, կույր ու համրերի միջավայրում: Բայց այդպես չեղավ:

ՀՀ-ում վերջին չորս նախագահական ընտրությունները գերլարված մթնոլորտում են անցել: Հիշենք 1996, 1998, 2003, 2008 թվականների ընտրությունները: Երկու դեպքում` 1996 եւ 2008, արյունալի բախումներ են եղել: Արդյո՞ք պատահական է, որ այդ երկու ընտրություններում էլ գլխավոր դերակատար-մասնակից եղել է նույն անձը. առաջին դեպքում` իբրեւ իշխանություն, երկրորդ դեպքում` իբրեւ ընդդիմություն: Պատահականությու՞ն է. դուք եզրակացրեք: Սակայն փաստ է` այս բոլոր ընտրություններն էլ տեղի են ունեցել բեւեռացած մթնոլորտում, ընդդեմի տրամաբանությամբ:

Հետխորհրդային տարածքներին հատուկ սոցիալ-տնտեսական իրավիճակը, հասարակության քաղաքացիական հասունության ցածր աստիճանը, քաղաքական համակարգի չկայացվածությունը, երկրի խոցելիությունը պատճառ են դարձել, որ նախագահական ընտրությունները նեքաղաքական կայունությունը խախտելու, գործող իշխանություններից ձերբազատվելու առիթ նկատվեն` առանց գիտակցելու, թե եղածը ինչով են փոխարինելու ելնում ՛«ամբոխները խելագարված» :

Կարծես` ինքնին փոփոխությունն է հենց նպատակը եւ ոչ թե առկա խնդիրները լուծելը:

Եվ ճիշտ այդ պատճառով նախագահական ընտրություններում միշտ էլ վիճակ է ստեղծել ընդդեմի տրամադրությունն ու քվեն:

Անշուշտ, չպետք է պարզունակ լինել եւ անցած բոլոր նախագահական ընտրությունները նույնացնել: Թեպետ արժեր անդրադառնալ չորս ընտրություններին էլ, բայց ժամանակի սղությունը ինձ ստիպում է խոսել միայն վերջինի մասին:

Նախ պետք է հաստատենք. երկրում առկա սոցիալական վիճակը, անարդարությունները, կոռուպցիան, արտոնյալ խավի անպատժելիությունը, տնտեսական մենաշնորհների ապօրինի, բայց իշխանությունների հովանավորչությամբ անարգել գոյությունը, գործարարությամբ ազատ զբաղվելու խոչընդոտները, մարդու հիմնարար իրավունքների անտեսումը պատճառ էին, որ երկրում մեծաթիվ ընդդիմադիր զանգված գոյություն ունենար: 1998 եւ 2003 թվականների ընտրությունների արդյունքները ապացույց:

Բայց որովհետեւ մի կողմից ՀՀՇ-ական քարոզչական մեքենան, մյուս կողմից իշխանությունների հետեւողական ճիգ ու ջանքը հեղինակազրկել, վարկաբեկել էր այդ ընդդիմադիր զանգվածի ղեկավարությունը, իշխանությունները շատ էլ մտահոգ չէին նախագահական այս ընտրություններով: Ազգային ժողովի ընտրությունները նոր էին ավարտվել, դրական փորձը կար, թվում էր` ամեն բան հանգիստ կընթանա :

Իշխանություններին, ծրագրերն, գաղափարների պայքարը պետք չէր եւ նրանք ամեն ինչ արեցին, որ ընտրություններն ընթանան ապաքաղաքական մթնոլորտում. քաղաքական ուժերի դեմ փակվեցին հեռուստաալիքները, քաղաքական հաղորդումներն ու ծրագրերը, խուսափեցին բանավեճերից, քննարկումներից:

Մյուս կողմից, տասը տարվա լռությունից հետո, ասպարեզ եկավ մի մարդ, որին կամ որի իշխած տարիները, եթե հիշում էր ժողովուրդը, ապա միայն ատելությամբ: Մեր երկրում նրա դավանած քաղաքական ուղեգիծը ջախջախիչ պարտություն է կրել: Հրաշալի գիտակցելով այդ` նախկինը վերադարձավ իր կազմակերպություն ՀՀՇ-ն, իր շրջապատի մարդկանց իր ունեցած-չունեցած ծրագրերը եւ վերջապես ինքն իրեն թաքցնելով երկրում առկա արդարացի դժգոհության ետեւում: Պարզվեց` նա չի եկել ծրագրային, գաղափարական պայքար մղելու:

Եվ ի սկզբանե որդեգրեց վերամբարձ, թշնամական ոճ ու գործելաձեւ, որն ի վիճակի էր միայն ատելության ալիք բարձրացնել: Իր շուրջ համախմբելով անգլուխ մնացած ընդիմադիր զանգվածը` նա այնպիսի մթնոլորտ ստեղծեց, ուր խոսքը, տրամաբանական միտքը, պայքարի բարոյական նորմերը իրենց տեղը զիջեցին կազմաքանդելուն, հայհոյանքին, ատելությանն ու ամբոխավարությանը:

Արհեստականորեն հեզհետե լարվեց, գերլարվեց, բեւեռացավ ընտրական մթնոլորտը: Այլեւս ընտրությունը թեկնածուների միջեւ չէր, այլ` նախկին եւ ներկա իշխանությունների: Նախկինի վերադարձից սարսափածները քվեարկում էին ներկային, ներկայից դժգոհները` նախկինին:
Մեկը մյուսի համար քվե ապահովեց: Մեկը մյուսով ահաբեկեց ժողովուրդը: Գերլարված, գերբեւեռացված, համատարած ընտրակաշառքի եւ կոպիտ ընտրախախտումների պայմաններում` այլ թենածուների շարքին փոշիացավ նաեւ մեր քվեն:

Վերջին շրջանում մենք առաջին անգամն էինք սեփական թեկնածուով մասնակցում ընտրություններին, եւ պետք է արժանին մատուցենք նախագահական մեր թեկնածուին: Նա իր պահվածքով, կեցվածքներով, քաջությամբ դաշնակցականներիս հպարտանալու առիթ տվեց: Այլ թեկնածուների հաջողության վախը պատճառ դարձավ, որ մեր թեկնածուի անվան դիմաց չգրանցվեր նրա իրական ժողովրդականության քվեն: Բայց եւ վեջնականորեն մեռավ այն կեղծ գնահատականը, թե Դաշնակցությունը չունի ժողովրդականություն վայելող հանրածանոթ ղեկավարներ: Նախագահական ընտրություններն ապացուցեցին, որ եթե ոչ լավագույնը, գեթ հազվագյուտ լավագույներից մեկը մեր կողքին է: Վարձքդ կատար, ընկեր Վահան:

Խորհրդարանական, նախագահական ընտրություններում, անկախ մեր արձանագրած արդյունքներից, մենք հաջողեցինք դրականորեն փոխել խորհրդային եւ ՀՀՇ- ական ժամանակաշրջանի խեղաթյուրված պատկերացումը Դաշնակցության մասին, որ ձեւավորվել էր պետական ծրագրված քարոզչությամբ: Մենք հաջողեցինք ժողովրդային լայն շերտերի մոտ ներկայացնել Դաշնակցությունը ինչպես որ է:

Հերթական անգամ ապացուցեցինք, որ անկախ, ինքնուրույն կուսակցություն ենք, մեր համագործակցություններն ու մրցակցությունները չեն կարող ազդել Դաշնակցության սկզբունքային էության վրա:

Մենք այլընտրանք էինք սոցիալական արդարության, համերաշխության մեր սկզբունքով, մեր հիմնավոր նախընտրական ծրագրով, մեր ազգային տեսլականով եւ քաղաքական պայքարի բարոյական մեր հասկացողություններով, մենք հրապարակի վրա էինք իբրեւ օրինակելի ուժ: Վստահ եմ` այսօրվա ցանած սերմերը մոտ ապագայում արդյունավորվելու են:

Շատերի մոտ հարց կա. ինչո՞ւ Դաշնակցությունը, իշխող վարչախմի` այդքան արմատական ախտաճանաչումից ու քննադատությունից հետո, այդուամենայնիվ մաս կազմեց կոալիցիային:

Բայց նախ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ ընտրություններում եւ ընտրություններից հետո:

Երկրում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր: Մեր երկիրը 18 տարի պարարտ դաշտ է եղել այլոց համար, մեր քթի տակ ձեւավորել է կազմակերպված մի մեխանիզմ կամ, ինչպես սիրում են իրենք ասել` ցանց, հար ու նման այլ պետությունների` Վրաստանի, Սերբիայի եւ Ուկրաինայի, ձեւավորվել է օտարի պատվերով, գծած պատկերով եւ ֆինանսներով: Նույն խորհրդանիշները, նույն նշանախոսքերը, պայքարի նույն ձեւերը` բամբասանք, սուտ, զրպարտանք. ամենը կիրառվեց նաեւ մեզ մոտ: Մերօրյա արտահանության ՛՛հեղափոխականները՛՛, մեթոդիկայի առումով չեն զանազանվում նախկին գերուժի` Խորհրդային Միության արտադրության «հեղափոխականներից», սրանք եւս հավատում են` նպատակը արդարացնում է միջոցը. նրանք ունեն նաեւ մեկ այլ նմանություն` կոսմոպոլիտ են, աշխարհաքաղաքացի: Իսկ նպատակը. թեպետ նրանք ամենուր խոսում են մարդու իրավունքներից, ազատություններից, արդար ընտրություններից, սակայն իրականում օտարի համար ազդեցության նոր դաշտ են ձեւավորում, այլ խոսքով` ազատությունը, արդար ընտրությունները, մարդու իրավունքները խնդիր են միայն այն երկրներում, որոնք դեռեւս ամբողջովին պատվիրատուի ազդեցության դաշտում չեն:

Աշխարհում ձեւավորվում է մի ուժ, որը հավակնում է բոլոր ժողովուրդների հարցերը ենթակա դարձնել իր շահին ու նպատակներին: Սա միայն մեր երկրի իրականությունը չէ, այսպիսին է ժամանակաշրջանը: Նրանք աշխատում են միջազգային NGO-ների, հիմնադրամների, ինստիտուտների անունով, նրանց թիրախն են ամբողջական ազդեցությունից դուրս երկրները, որտեղ իրենց քաղաքականությունը խանգարող, նույնիսկ ակամա խանգարող հարցեր, հարցերին լուծում բերող ինքնուրույն քաղաքականություն եւ ընթացք է առկա:

Ի սկզբանե ասենք` ազատությունը, արդար ընտրությունները, մարդու իրավունքները եւ դեռ սոցիալական արդարությունը միշտ էլ եղել են ու կմնան մեր հիմնական պահանջները եւ հետապնդվող նպատակները: Ավելին` դրանց պակասը, բացակայությունն էր, որ նպաստավոր պայմաններ ստեղծեց այլոց գործունեության համար: Ոչ միայն այդ, այլեւ պետական որոշ պատասխանատուների, գործարար աշխարհի արտոնյալ շերտի անզուսպ պահվածքը հասարկության մեջ եւ հասարակության դեմ հիմնական պատճառը եղան այս իրադարձությունների:

Մենք հակա ուժ չենք ու չենք դառնալու: Մենք ոչ հակաամերկիան, ոչ հակաանգլիական, ոչ էլ հակառուսական ուժ ենք, բայց գիտենք ամեն ինչից վեր դասել մեր երկրի ինքնիշխանությունը, մեր արժանապատվությունը: Այդպիսին է նաեւ Հայաստանը: Այն հակա պետություն չէ: Բայց, անկախ այլոց տրամադրություններից, ունենք ազգային հարց` Արցախի ազատագրումը հավերժացնելու, երկրի անվտանգությունն ապահովելու հարց: Եւ հենց այստեղ է խնդիրը. ինչո՞ւ են միջազգային կազմակերպությունները, զանազան NGO-ներ, հիմնադրամներ, այսպես կոչված ինստիտուտներ մարդուժ տրամադրում, փող ծախսում այս փոքրիկ ու դեռեւս իրենց բարեկամ երկրում իշխանափոխություն իրականացնելու կամ իշխանություններին թուլացնելու նպատակով :

Ցանցը ձեւավորեց օտարը, ցանցի վրա դրվեց, հագցվեց նախագահի ընդդիմադիր թեկնածուն: Եվ նա ինքնադրվեց հաճույքով: Իրեն հեռացնողների հանդեպ վրեժխնդրությունի՞ց դրդված, սեփական ես-ը չգոյությունից փրկելո՞ւ, թե այլ մղումով, արդեն կարեւոր չէ:

Այսպես կոչված գունավոր կամ, ինչպես իրենք են սիրում կոչել, ոչ բռնի հեղափոխությունը, նախատեսված արդյունքը չունեցավ: Իրենց թեկնածուն ավելի շատ դեմ քվե ուներ, քան կողմ: Բայց նախկինը պայքարի միայն խաղաղ միջոցների չէր ապավինել: Նրա ծրագիրը ավարտված չէր. ու երբ ընտրության օրը սպասված քվեն չունեցավ, հույսը դրեց երկրապահի, բանակի վրա, ամեն օր ազատության հրապարակում վանկարկեց գեներալների անունները: Ինչո՞ւ էր հիշել գեներալներին, ի՞նչ ծրագիր էր իրականացնելու նրանցով: Մարդ, որ ելել էր սահմանադրական պայքարի, ի՞նչ էր ուզում անել բանակով կամ զինված խմբավորումներով:

Երբ այս հույսն էլ ի դերեւ ելավ. մնում էր նվազագույնը` այն, որ կարող էր օտար ուժերի շարունակական միջամտության առիթ դառնալ: Եւ պատահեց մարտի 1-ի ողբերգական ու ամոթալի օրը: Մարտի 1-ը ձեռնտու չէր ոչ երկրին, ոչ ժողովրդին, ոչ իշխանությանը: Ձեռնտու էր միայն նրան, ու ցավոք նա ստացավ այդ: Այս մասին պիտ խորհեն դեռեւս նրան հավատացողները: Երիտասարդությունը` հատկապես:

Մարտի 1-ին իշխանությունները պատրաստ չէին: Ընդդիմությունը պատրաստ էր: Մեզ համար հարց է` ինչո՞ւ իշխանությունները պատրաստ չէին, բայց չենք շտապում եզրակացություններ անել, դեռ պետք է ավարտվի նախաքննությունը: Առճակատումը ձեռնտու էր միայն օտար ուժերին, մեկ էլ իր ժողովուրդն ու երկիրը չսիրողին կամ նրա շահը չգիտակցողին: Այդ արյունն ու առճակատումը արտաքին միջամտության դուռ բացեց, թուլացրեց մեր պետությունը: Պետության թուլացումը խնդրո առարկա է դարձնում երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ազգային հարցերը միջազգային բեմերում պաշտպանելու համարձակությունն ու ինքնավստահությունը:

Առճակատման պայմաններում ձեռքներս ծալած չէինք կարող նստել: Ամբողջ ընտրապայքարի ժամանակ, ինչպես շատ-շատերը, մենք էլ էինք զգում վտանգը եւ կարելին արեցինք կանխելու դեպքերի նման ավարտը, զգաստության կոչ արեցինք, փորձեցինք ստեղծել հանրային կարծիք, նույնիսկ մեզ հարազատ կանանց կազմակերպությունը` Հայ Օգնության Միությունը զգաստության երթ կազմակերպեց: Բայց, ցավոք, մեր կոչերը, հորդորները մնացին անարձագանք:

Ստեղծվել էր երկու բեւեռ. մեկում այստեսակ ընդիմությունն էր, ով թեպետ խոսում էր մեր էությանը մոտ ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների մասին, զոհի կերպարանք էր ընդունել, բայց հենված էր ու է օտար ուժի վրա: Ով առաջնորդվում էր եւ առաջնորդվում է` ով մեզ հետ չէ, մեր դեմ է, տականք է, դավաճան է նշանախոսքերով, ով ընտրություններում հաղթելու սահմանից շատ պակաս քվե էր բերել, բայց իրեն հաղթած էր համարում, ով վճռել էր Ղարաբաղի հարցը օր առաջ լուծել, ում համար Ղարաբաղի հարցից ձերբազատվելու մղումը այնքան մեծ էր, որ, թվում էր, ազգային շահն ու հաղթանակ ապահովելը երկրորդական էր իր համար, ով անպատասխանատու վարքագծով պառակտում էր ազգը, տեղայնամտությունը օգտագործում քաղաքական նպատակներով:
Քաղաքական նպատակը նույնիսկ իշխանությունը չէր, կարծես, այլ Ղարաբաղի հարցից ձերբազատվելը: Բայց մենք հո գիտենք, որ հակաղարաբաղցի շարժումը հակազգային շարժում է: Մենք պետք է գիտակցենք, որ մեկ ազգ ենք, եւ քանի դեռ պայքարը շարունակում է, մենք բոլորս պետք լինենք ղարաբաղցի, ջավախքցի, նախիջեւանցի: Ազգի մեջ արհեստական բաժանումները իբրեւ ժողովուրդ ու պետություն մեզ առաջնորդելու են ջլատման: Ինչքան էլ փորձենք հիշաչար չլինել, նրանք մեզ հիշեցնում են այն օրերը, երբ տասնյակ թերթեր էին փակված, երբ կուսակցություն էր արգելված, երբ քաղաքական մարդիկ ավելի շատ ճաղերի հետեւում էին, քան հրապարակի վրա, երբ Ազգային Ժողովում պատգամավորներ էին ծեծում, երբ բանտերում քաղաքական մարդիկ էին խոշտանգվում, երբ կոռուպցիան, ամենաթողությունը, անպատժելիությունը, անարդարությունը, նվազագույնը այսօրվա չափ համատարած էր: Ինչքան էլ տակտիկական նկատառումներով փորձեն թաքցնել ՀՀՇ-ին, անվանափոխություն անեն, մենք տեսնում ենք ՀՀՇ-ի ականջները:

Սակայն մենք թշնամի չենք փնտրում, ավելին` հայության մեջ մենք թշնամի չունենք: Հակադրությունները պետք է փոխադրել գաղափարական պայքարի դաշտ: Այդ իսկ պատճառով անընդհատ կոչ ենք արել երկխոսության: Ցավոք մնացել ենք անարձագանք:

Մյուս բեւեռում հաղթած կողմն էր, որ թեեւ մաքուր ընտրությամբ չէր նվաճել հաղթանակը, բայց ոչ մենք, ոչ էլ միջազգային հանրությունը չէր վիճարկել հաղթանակը: Արդեն ձեւավորված իշխանությունը նախորդի` վերջին տասը տարվա իշխանության ժառանգորդն է ու շարունակությունը, թեպետ չպետք է շտապել նույնը համարել կամ ամբողջությամբ նույնը համարել: Իշխանություն, որ, վերջին հաշվով, այսօրվա իրավիճակի պատասխանատուն է:

Հստակ էր` իշխանությունը առաջին իսկ պահից ենթակա էր արտաքին մեծ ճնշման: Հանուն մեր երկրի, մեր դիմագրաված հարցերի` անհրաժեշտ էր, որ պետությունը կարողանար հաղթահարել արտաքին ճնշումը, կարողանար որեւե բան չզիջել երկրի ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից: Արտաքին ճնշումներն այժմ նոր թափ են ստացել. նրանք ներքին ճակատում ձեւավորել են ուժ, կամ ցանց` բերդը ներսից գրավելու: Մեր ձեռքով մեր պետականությունը խեղճացնելու ծրագիր է իրականացվում:

Այս իրավիճակում մենք այլ ելք չունեինք. պետք է թիկունք կանգնեինք մեր պետականությանը, պետք է հաչս այլոց ցույց տայինք սեփական ուժերով ներքին հարցերը լուծելու, համերաշխությունը վերականգնելու մեր կամքը, մեր վճռականությունը: Եւ այդ պահին մենք ստորագրեցինք քաղաքական համաձայնագիր ընտրված, բայց դեռ պաշտոնապես պարտականությունները չստանձնած նախագահի հետ: Քանի դեռ վտանգը չի անցել, հասկանալի է կոալիցիայի մեջ մեր լինելը: Բայց կոալիցիայի տեւականությունը պայմանավորված է հստակ առաջադրանքներով, եւ մենք ժամանակ առ ժամանակ գնահատելու ենք համագործակցության արդյունքները: Կոալիցիան Դաշնակցության համար ինքնանպատակ չէ: Այս կարճ ժամանակի մեջ նշմարվող արդյունքները ինձ հետ շատերը եւս կարող են դրական գնահատել. առնվազն ինչ-որ բան փոխելուն ուղղված քայլ է կատարվում, հույս ու ակնկալիք կա:

Նաեւ ուզում ենք հավատալ, որ մեր ձեւակերպած քաղաքական առաջնահերթությունները թղթի վրա չեն մնալու: Ամբողջական պատասխանատվությամբ մենք բեռի տակ ենք մտել: Նույնն ակնկալում ենք մեր գործընկերներից:

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը պայմաններ է դրել մեր երկրի առջեւ, եւ շատերը ուրախացել են. առավոտից գիշեր խոսում են այդ մասին: Բայց իրականությունն այն է, որ մինչ 1609 բանաձեւը, կոալիցիոն ուժերը, ստորագրված համաձայնագրով, արդեն իսկ հանձն էին առել նույն այդ խնդիրների լուծումը: Ինչո՞ւ չեն ուրախանում կոալիցիոն հուշագրով, որի ոգուն ու տառին մենք հետեւելու ենք անկախ Եվրոպայից: Երբ դրանց կատարումը բխում է հենց մեր երկրի ու ժողովրդի շահից: Մյուս կողմից` այն, ինչ նաեւ մեր առաջարկությամբ ստանձնել է անել կոալիցիան, կարեւոր չափով համընկնում է Դաշնակցության նպատակներին ու պատկերացումներին պետական կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ:

Ի՞նչ պետք է անեինք մենք: Ինչպես որոշներն են կարծում` չմտնեինք իշխանություն, դառնայինք ընդդիմադիր, որ այդ դաշտը ինչ-որ մեկի ժամանակավոր մենաշնորհը չդառնա՞ր:
Ընդդիմադիր դառնայինք մեր նպատակների, մեր առաջադրանքների իրականացման համար: Մի՞թե սա քաղաքական, պատասխանատու կեցվածք է: Ոչ ու դարձյալ ոչ:

Ելույթս չափից ավելի երկարեց: Բայց, թեկուզ թռուցիկ, պետք է անդրադառնամ մի քանի հարցի եւս:

Նախ խոսքս ուղղում եմ քաղաքական, անվտանգության առումով ծանր վիճակի մեջ հայտնված լիբանանահայությանը: Մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին, կիսում ենք ձեր հոգսերը:

Ջավախքի Վրաստանի կազմում ինքնավարության պայքարը տեղքայլի մեջ է: Մեր բարյացակամությունը, նրբանկատությունը բախվում է միջազգային ե վրացական լռության պատին. հարկ է նոր ուժականությամբ շարունակել պայքարը: Ժամանակն է, որ հայկական պետականությունը եւս միջազգայնորեն ընձեռված կարելիությունները գործնականում օգտագործի:

Ղարաբաղ. մենք հավատում ենք` հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Սակայն նաեւ անհրաժեշտ ենք համարում միջազգային հանրությունից պահանջել` նախ ապահովել երաշխավորված խաղաղություն: Այլապես Ադրբեջանի սպառնալիքներն ու հոխորտանքները ներքին պարտվողական տրամադրությունների արեւմտյան հովանավորումը մեր դիրքերը օրըստօրե տկարացնելու վտանգ են պարունակում: Բանակցել, երբ կա երաշխիք անվտանգության:

Լուսահոգի ընկեր Մարուխյանը, Հայաստանի անկախացումից հետո այլեւս չէր օգտագործում Սփյուռք բառը: Ասում էր` Արտերկիր: Արտերկիրը Հայաստանի շարունակությունն է, այն մեր միասնական ազգի շարունակությունն է, մեր ամբողջացումն է: Եւ որեւէ ճիգ, որեւէ փորձ հայրենիքից այն անջատելու հակազգային ու հակադաշնակցական երեւույթ է: Ամեն ինչ պետք անել մտածված, ծրագրված, որ մեր ազգի հատվածները համարկվեն ընդհանուրի մեջ` ազգի մեջ: Դաշնակցությունը ազգային կուսակցությունն է եւ իր ծնունդից սկսյալ միակ կազմակերպությունն է, որ պետականության բացակայության պայմաններում կարողացել է իր մեջ, իր գաղափարների ու հետապնդած նպատակի շուրջ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր հատվածները:

Արտերկրում մենք վաղուց քաղաքական գործոն ենք: Այնտեղ մեր պայքարը Հայաստանի ու հայ ժողովրդի համար է, նրա անվտանգության, բարօրության, ազգային պահանջների համար: Փառք ու պատիվ բոլոր նրանց, դաշնակցական, թե ոչ, (մասնավորաբար մեր կազմակերպության մեջ գործող հայ դատի հանձնախմբերին), ում գործունեությունը հայ ժողովրդի հարստության ու ուժականության մաս է կազմում, բոլոր նրանց, ում գործունեության շնորհիվ հայկական ցեղասպանության ճանաչման հարցը շարունակ արծարծվող թեմա է դարձել թե միջպետական հարաբերություններում, թե միջազգային հանրային կարծիքի մոտ, ում գործունեության շնորհիվ Հայաստանը նոր կարելիություններ, նոր հեղինակություն ու ուժականություն է ձեռք բերում:

Մեր ընթացքը ճիշտ է, մեր պայքարը հաջողում է. վկա թուրք-ադրբեջանական հակազդեցությունը, որ փորձում է մեզ զուգահեռ կազմակերպվել աշխարհով մեկ` պետական լայն հնարավորություններ օգտագործելով, ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելով: Այս վտանգը նկատի ունենալով` նորովի կազմակերպվելու հարցն է մեր օրակարգի վրա:

Նոր, ժամանակին համահունչ վերակազմակերպվելու անհրաժեշտության առջեւ ենք: Վերջին իրադարձություններն ապացույց են` մեր երկիրը օտարների համար բաց դաշտ է: Մեր կազմակերպության ընդարձակումը եւ հզորացումը Հայաստանում այլեւս ազգային անվտանգության հարց է: Պահել մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, քայլել ազգային իղձերի իրականացման ճանապարհով հնարավոր է հզոր Դաշնակցական կառույցով` բառիս ամբողջական իմաստով:

Մենք հայ ժողովրդի կազմակերպությունն ենք: Մենք չենք ճշտում մեր օրակարգը: Ինքն է մեզ օրակարգ առաջադրում: Նաեւ` գործունեության ձեւ ու տեսակ. ՀՀ-ում պետական – քաղաքական կուսակցություն ենք, այլապես ազգային- ազատագրական պայքարի կազմակերպություն. մի տեղ` լոբինգային գործի, մի այլ տեղ` հայապահպանման, մշակութային աշխատանքի լծված: Հակասություններ չկա սրա մեջ, հակառակը` մեկ ամբողջության մասերն են: Եթե ազգային է կուսակցությունը, չի կարող այս պարտադրանքին չենթարկվել: ՀՀ անվտանգության, ինքնիշխանության, ժողովրդի բարօրության, համընդհանուր զարգացման կարելիություն ստեղծելու, ղեկավարելու հարցը մերն է, Ղարաբաղի երեկվա եւ վաղվա` ոչ ցանկալի կռվի բեռն էլ, հարցի քարոզչությունն էլ, Ջավախքի ժողովրդի պահանջն էլ, լիբանանահայության տագնապն էլ, Մարսելի հայ դպրոցի հոգսն էլ է մերը: Այսքան բազմազան է Դաշնակցությունը:
Միաժանակ շատ պարզ է ամեն բան. Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովրդի կազմակերպությունն է:

Տպել Տպել