- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պաստասխանատվություն խոսքի եւ գործի համար

FotorCreated [1]Արմեն Ռուստամյանը՝ Սեֆիլյանի պատասխանատվության եւ բանակում մարտավարությունը փոխելու մասին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն օրերս հրավիրած ասուլիսում կոչ էր արել ժողովրդին, որ բանկերից վերցրած վարկերի տոկոսները չմարեն:

Նա ասել էր. «Բանկային, վաշխառուական այս համակարգի վերջը պետք է տրվի, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Այդ ամբողջ համակարգը ծառայում է մի քանի անհատի, որոնք կեղեքելով ժողովրդին՝ տիրապետում են մեծ ունեցվածքների: Նրանք պետք է պատասխան տան: Մենք չենք պատկերացնում, որ հարուստներ պետք չեն, պարզապես մարդիկ, ովքեր ունեցվածք են դիզել, պետք է ապացուցեն, որ դրանք արդար ճանապարհով են»:

«Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանի այս կոչը տեղավորվո՞ւմ է օրինաչափ պայքարի շրջանակներում եւ ի՞նչ հետեւանքներ կունենա՝ ըստ Ձեզ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես, իհարկե, չեմ պատկերացնում, նա այդ ասելով՝ հասկանո՞ւմ է, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում: Եթե հանկարծ ինչ-որ մեկը իր կոչին անսաց եւ վարկերը վերցրեց, բայց տոկոսները չմարեց՝ համարելով, որ կգա Ժիրայր Սեֆիլյանը՝ Թուր Կեծակին ձեռքին, եւ բոլոր հարցերը կլուծի: Բա որ հանկարծ այդպես չեղավ, այդ մարդկանց պատասխանն ո՞վ է տալու»:

Ժիրայր Սեֆիլյանը նաեւ առաջարկել էր սահմանը պաշտպանելու նոր տարբերակ: Նա վստահեցրել էր, որ սահմանին արյունաքամ չլինելու տարբերակ կա. «Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին: Զոհերի մեծ մասը զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդներ են, որոնք դեռեւս ժառանգ չունեն: Սա արյունաքամություն է եւ գենոֆոնդի սպառում: Ռեժիմի հեռացումից հետո հիմնովին վերանայվելու է հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության համակարգը: Առաջին հերթին զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդները հանվելու են առաջին գծից եւ զբաղվելու են բացառապես մարտական պատրաստությամբ: Բացի այդ՝ առաջին գիծը սարքավորվելու է միանգամայն այլ տարբերակով, եւ այնտեղ ծառայելու են միայն համեմատաբար տարիքն առած, ժառանգ ունեցող, ավելի փորձված եւ ամենակարեւորը՝ այսօր սահմանը պահող զինծառայողների համեմատությամբ առնվազն հինգ անգամ պակաս քանակով պայմանագրային զինծառայողներ»:

Այս առնչությամբ մեր հարցին՝ չե՞ք կիսում այս առաջարկները, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բանակի կառուցվածքի փոփոխության մասին մենք ունենք մեր մոտեցումը: Խորհրդարանական կառավարման համակարգին որ անցնում ենք՝ ամբողջությամբ այդ ամեն ինչը պետք է վերանայվի: Դա մեր հայեցակարգի մեջ է մտնում: Բանակի կառուցվածքը խորհրդարանական կառավարման համակարգում բոլորովին այլ է դառնում, քան այն, ինչ հիմա կա: Քաղաքացիական վերահսկողության հնարավորություններն են մեծանում, եւ շատ հարցեր են լուծվում»:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ պետք է վերանայվի մեր մարտավարությունը եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմաններին, պետք է փոխվի. «Մենք այսօր, ըստ էության, պատերազմի մեջ ենք: Եվ դրան համապատասխան պետք է մարտավարություն արձանագրենք ու դիվանագիտություն իրականացնենք: Այն ենթադրում է, որ թույլ չտանք այս մաշող մարտավարության մեջ ներքաշի մեզ Ադրբեջանը եւ իր նպատակներն իրականացնի՝ դանդաղ բնույթ հաղորդելով պատերազմին: Սա պատերազմ է, պարզապես այդ ոճով է իրականացվում այդ պատերազմը: Սա ենթադրում է նաեւ ասիմետրիկ՝ անհամաչափ հարվածների հնարավորության մասին մտածել, նոր ձեւեր ու մեթոդներ կիրառել, բաժանարար գիծն իսկապես պետք է դարձնել անանցանելի, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնել: Իհարկե, դա իրենից ծախսեր է ենթադրում, բայց պետք է գնալ այդ ծախսերին, ոչ թե թողնել այն վիճակում, որն այսօր հեռու է ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառման մակարդակից»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

01.03.2015