ՀՅԴ պատգամավորը հիմնադիր խորհրդարանին
[1]Վերջին շրջանում «Հիմնադիր խորհրդարան» շարժման կողմից քննադատություն է հնչում ոչ միայն իշխանության, այլեւ ՀՅԴ-ի հասցեին: «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարությունը եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հրահանգը:
«Իրավունքն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:
– Պրն Մինասյան, ըստ Ձեզ` ինչու է ՀՅԴ-ը վերջին շրջանում «Հիմնադիր խորհրդարան» շարժման քննադատության թիրախում հայտնվել: Անգամ դանակահարության փաստը վերագրվեց Արմեն Ռուստամյանին:
– Կարծում եմ` «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամները խորը թյուրիմացության մեջ են, եթե մտածում են, որ ՀՅԴ-ին հարված հասցնելով, փորձում են կորզել նրա ուժը: Սա ոչ միայն աբսուրդ մոտեցում է, այլեւ թույլ ու թերի մոտեցում: Հայտարարելով, որ բազում դաշնակցականենր դուրս են եկել կուսակցությունից, որն իրականության մեջ ոչ մի կապ չունի, սրանց նպատակը, կարծում եմ, մեկն է`ցույց տալ, որ ազգային ողնաշար ունեցող ուժի անդամները տեղափոխվում են իրենց մոտ: Կամ փորձում են անհատական մակարդակով վիրավորանքներ հասցնել, մեղադրանքներ հնչեցնել, որը նույնպես աբսուրդ, անուղեղ, անպտուղ գործողությունների հետեւանք է:
-«Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարությունը եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հրահանգը: Արմեն Ռուստամյանն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու:
-Ես չգիտեմ, Արմեն Ռուստամյանին հարցրեք: Բայց իմ որպես կուսակցական գործընկերոջ գործողությունները հետեւյալն են լինելու` էդ ապուշություններին միշտ չէ, որ պետք է անդրադառնալ ու պատասխանել: Եթե նրանք շարունակեն նման կեցվածք ցուցաբերել, ապա պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, շատ ավելի կոպիտ, անշուշտ, օրենքի շրջանակներում: Չի կարելի անբարոյականությամբ կառուցել ապագա:
iravunk.com