Ցեղասպանության 100-րդ տարելիցին առիթով` աշխարհի տարբեր երկրներում գտնվող ՀՅԴ Երիտասարդական միությունների անդամները միաժամանակ ցույց էին կազմակերպել տվյալ երկրների բրիտանական դեսպանատների առջև:
Դաշնակցականների ցույցը՝ Բեյրութում Բրիտանիայի դեսպանատան առջև
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև ցույց էին կազմակերպել:
Ցույց է տեղի ունեցել նաև Բեյրութում: Դաշնակցական երիտասարդները Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող պաստառներով շարժվել են դեպի Բրիտանական դեստանատուն:
Դեսպանատան դիմաց հավաքված երիտասարդները կոչեր են արել, ապա Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին հանձնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ պահանջագիրը:
Դաշնակցականների ցույցը՝ Հունաստանում Բրիտանիայի դեսպանատան առջև
Ապրիլի 2-ին, ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական միության անդամները ևս ցույց են անցկացրել Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև:
Ցույցի մասնակիցները նախ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են պարզել, այնուհետև դեսպանատան աշխատակցին են հանձնել պայմանագիր:
Դաշնակցականների ցույցը՝ Նիդերլանդներում Բրիտանիայի դեսպանատան առջև
ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միության անդամները ևս ցույց են կազմակերպել Նիդերլանդներում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև:
Ինչպես Հայաստանի, Լիբանանի, Հունաստանի և այլ երկրների երիտասարդական միությունները, այնպես էլ Նիդերլանդների Երիտասարդական միության ընկերները Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են պարզել, այնուհետև դեսպանատան աշխատակցին հանձնել պահանջագիրը:
Դաշնակցականների ցույցը՝ Մոնրեալում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի առջև
Ապրիլի 2-ին ՀՅԴ Կանադայի Երիտասարդական և «Արմէն Գարօ» ուսանողական միության անդամները ևս բողոքի ցույց են անցկացրել Մոնրեալում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի առջև. տեղեկացնում է Horizonweekly-ն:
Ցուցարարները հյուպատոսարանին են փոխանցել պահանջագիր, որով Մեծ Բրիտանիային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:



