- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ի առաջարկը գազամատակարարման ոլորտի վերաբերյալ

FotorCreated [1]Այսօր ԱԺ քառօրյա նիստում շարունակվեց գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկումը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ եզրակացության մեջ կա մի ձևակերպում, որը ճշգրիտ չէ ու կարող է ընկալվել որպես Հայաստանի օրենսդրության ոչ պատշաճ մոտեցում:

Խոսքը վերաբերում է բաժնետիրոջ պարտավորության հարցին, մասնավորապես` կառավարությունը հանդիսանում է բաժնետեր, և երբ կնքում էր պարտավորություն «Գազպրոմ»-ի հետ, ՀՀ օրենսդրության համաձայն, բաժնետերը, այս դեպքում` կառավարությունը, որպես քսան տոկոսի բաժնետեր, պարտավոր է փոխհատուցել վնասների դեպքում:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի եզրակացությանը, պատգամավորը նշեց, որ եզրակացությունը, ըստ էության, ախտորոշիչ տեղեկատվության դեր է ունեցել, քանի որ ցույց է տվել բացթողումները:

Ըստ Միանսյանի` լավ կլիներ, որ հանձնաժողովը նաև այդ բացթողումների լրացման, խնդիրների լուծման առաջարկներ ներկայացներ: «Կատարվել է աշխատանք, և լավ կլիներ, որ այն հետագա ընթացք ունենար: Ամենավատ բանը այն կլիներ, որ այս քննարկումներից հետո մենք չկարողանանք շարունակություն ապահովել: Գազամատակարարման համակարգը Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության բաղկացուցիչներից է, հարկավոր է ճիշտ օգտագործել այդ համակարգի ողջ պոտենցիալը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանի 95 տոկոս գազաֆիկացումը Հայաստանի ձեռքբերումներից է, և դա պետք է ճիշտ օգտագործել:

Նրա խոսքով` այդ քննարկումները քաղաքականից պետք է իջեցնել մասնագիտականի, և եթե այն զարգացում չունեցավ, ապա պատգամավորները օրերից մի օր նորից պետք է հավաքվեն ու բարձրաձայնեն խնդիրների մասին:

Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկն այն է, որ, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, տնտեսական հարցերի հանձնաժողովին իրավունք է վերապահվել այդ փաստաթուղթը քննարկել կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, գազամատակարարման հարցերով զբաղվող կազմակերպությունների, սպառողների շահերի կազմակերպությունների հետ` հիմքում ունենալով գազամատակարարման ոլորտում ռեֆորմների իրականացումը և սպառողների շահերի պաշտպանությունը: