- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կալանավորման հիմքերը ապրիլի 24-ից հետո կվերանան

FotorCreated [1]Ժիրայր Սեֆիլյանը եւ «Հիմնադիր խորհրդարանի» նրա ընկերները կարծես իրենք էին ցանկանում, որ իրենց ձերբակալեն։

Այս մասին ապրիլի 10-ին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ ակտիվիստներն այնքան ուղղակիորեն էին հայտարարում հանրության համար անընդունելի գործողությունների մասին, որ իրավասու մարմիններին այլ ելք չէր մնում, քան գործել։ Այսուհանդերձ, պատգամավորը չի բացառում, որ ապրիլի 24-ից հետո ձերբակալության հիմքերը կվերանան։ Քանի որ ակտիվիստներն իրենց գործունեությունը կապել էին հենց այս օրվա հետ, ապա ապրիլի 25-ին իրավապահները դժվար թե կարողանան հասարակությանը բացատրել, թե ինչու նրանց ազատ չեն արձակում։

«Ապրիլի 24-ը մեզ համար միայն մեկ բովանդակություն ունի, եւ փորձել այն փոխել, նշանակում է անել այն, ինչ փորձում է կատարել Թուրքիան իր Գալիպոլիով։ Սակայն ապրիլի 24-ից հետո այդ փաստարկի ժամկետը կսպառվի»,- ասել է Ռուստամյանը։

Ըստ Արմեն Ռուստամյանի, Ժիրայրն ու իր ընկերները ունեն հնարավորություն դիմելու Եվրոպական դատարան: Իսկ քաղբանտարկյալ նրանց անվանել, Արմեն Ռուստամյանի խոսքերով, ոչ թե պետք է հայտարարություններ արվեն, այլ 5 չափորոշիչներով պետք է համապատասխանի այդ եզրույթին:

Հարցին՝ ինչո՞ւ Եվրոդատարան, երբ կարելի է մեր դատարաններում արդարությունն ապահովել, Հայաստանն էլ փողեր չի ծախսի, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ Եվրոդատարանը բաղկացուցիչ մասն է մեր դատական համակարգի: Պարտադիր չի հասնեն Եվրոդատարան: Դա զսպող համակարգ է մեր ներսում եղած դատական համակարգի համար, որ իրենք հասկանան՝ եթե ինչ-որ բան սխալ դատեն, կա վերին ատյան, որը կարող է տույժեր սահմանել:

Հնարավո՞ր է այցելեք Ժիրայր Սեֆիլյանին եւ իր ընկերներին՝ Արմեն Ռուստամյանը չբացառեց. «Կարող է պարտադիր չի անձամբ ես այցելեմ, եթե հնարավորություն լինի, իրենք էլ մեզ թշնամաբար չվերաբերվեն, պատրաստ ենք մեր ձեռքը մեկնել ցանկացած մեր օգնության կարիքն ունեցող մարդու»:

Հարցին` թե ինչպե՞ս է գնահատում Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, և ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել այդ այցից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ակնկալիքներ թող ունենա նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են Քիմ Քարդաշյանի հետ: Ես նման ակնկալիքներ չունեմ, բայց չեմ էլ ուզում դրան ուռճացված բնույթ տալ: Հիմա մարդը հայ է արմատներով, եկել է իր հայրենիքը, պետք չէ ուրիշ երանգավորումներ դրան տալ: Պետք է այս ամեն ինչին պարզ նայել»:

Լրագրողները հարցրեցին նաև, թե կարո՞ղ է Քիմ Քարդաշյանը ներգրավվել պահանջատիրության պայքարի մեջ: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Քարդաշյանը ինքն է որոշում ներգրավվել պահանջատիրության պայքարի մեջ, ինչո՞ւ` ոչ որ: Ի՞նչ պակաս պահանջող է որ»: