[1]Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին հաստատելու եւ վերահաստատելու է 1987թ. կայացրած որոշումը, որով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով վաղը սպասվելիք բանաձեւի քննարկմանը:
Նա հայտնեց, որ սա հատուկ բանաձեւ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, որով կոչ են անում Թուրքիային ճանաչել եւ ընդունել իր անցյալը, իսկ եվրոպական պետություններին՝ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը:
«Այս բանաձեւը խորհրդարան է մտել Հայ դատի եւ ֆրանսիացի ազատական պատգամավոր Ժան Մառի Քավադայի նախաձեռնությամբ: Մենք քննարկումներ ենք անցկացրել, մեր առաջարկները ներկայացրել, որից հետո բոլոր քաղաքական խմբակցություններն են իրենց առաջարկները ներկայացրել: Բանաձեւի վերջնական տարբերակը պատրաստ կլինի այսօր երեկոյան: Իսկ վաղն արդեն Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին կլինի քննարկումը, ապա քվեարկությունը»,- ասաց նա:
Հայ դատի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանն ամենայն հավանականությամբ ընդունելու է բանաձեւը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին իր լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումները տեղի կունենան լիագումար նիստի երկրորդ մասում:
news.am