- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պուտինն այդքան ծուռ քաղաքականություն չի վարի

FotorCreated [1]Այս օրերին քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Արդյոք՞ նա կգա մասնակցելու ապրիլի 24-ի Հայոց ցեղասապանության 100 ամյա տարելիցի միջոցառումներին:

Yerkir.am-ի այս հարցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում` ինչու չպետք է գա, եթե ասել է, որ գալու է»:

Կիրո Մանոյանը չի հասկանում, թե ինչու հանկարծ սկսեցին խոսել, որ Պուտինը կարող է և չգալ Հայաստան, մանավանդ երբ ՀՀ նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկկողմանի պայմանավորվել են , որ հաջորդ հանդիպումները լինելու են Երևանում, երբ Պուտինը կգա ու կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, և Մոսկվայում, երբ ՀՀ նախագահը կմեկնի այնտեղ` Հայրենական Մեծ պատերազմի տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու: «Այդքանը երկու նախագահներով համաձայնվել են, հիմա ինչ է եղել, որ խոսում են Պուտինի չգալու մասին, ես չգիտեմ»,- ասաց Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը կմեկնի Թուրքիա Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու, Կիրո Մանոյանը նշեց, որ դա էլ զարմանալի չէ, որովհետև սպասել, որ Ռուսաստանը իր հարաբերությունները պետք է խզի Թուրքիայի հետ ապրիլի 24-ի համար, դա սխալ է:Հարցն այն է, թե որ միջոցառմանը նրանք կտան իրենց նախապատվությունը: «Թուրքիայի ուզածը այն չէր, որ մարդիկ նաև գտնվեն Անկարայում: Թուրքիայի ուզածն այն էր, որ մարդիկ Անկարա գնան, բայց Հայաստան չգան: Իմ կարծիքով, Պուտինը չի գնա Թուրքիա, չեմ բացառում իհարկե, բայց չեմ կարծում նա այդքան ծուռ քաղաքականություն կվարի, մանավանդ որ արդեն ասել է, որ գալու է Հայաստան»,- ասաց Կիրո Մանոյանը:

Գնահատելով ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման ազդեցության գործընթացները, հատկապես` Վատիկանում Հռոմի պապի ելույթից հետո, ասաց, որ Հայաստանը հասել է մի հանգրվանի, երբ տարբեր նախաձեռնություններ, մեկը մյուսին հաջորդելով, մեծ ալիք են ստեղծել, և այդ համատեքստում դժվար է ասել, թե որևէ իրադարձություն որ քայլերի արդյունքում հնարավոր դարձավ: «Վատիկանում տեղի ունեցածը` Պապի ուղերձը, հայ կաթողիկոսների ելույթները բավական մեծ լսարան ունեցան: Հռոմի պապն անդրադարձավ ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ նաև մյուս ցեղասպանություններին և ժխտման քաղաքականության վատ հետևանքներին: Անշուշտ, Թուրքիայի անտրամաբանական պահվածքը ինչ-որ տեղ նպաստում է, որպեսզի մենք մեր աշխատանքների համար ավելի շատ արդյունք ստանանք, քան եթե չլիներ Թուրքիայի այս ձևի հակազդեցությունը, որը կոտրել-անցել է տրամաբանական և էթիկական բոլոր չափանիշները»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ Թուրքիան շատ մեծ ճնշման տակ է գտնվում:

Նրա խոսքով` ապրիլի 20-ին Թուրքիայի կառավարության նիստ է լինելու, որը նախագահելու է երկրի նախագահը, իսկ դա սովորական բան չէ, և օրակարգում քողարկված ձևով կլինի Հայոց ցեղասպանության հարցը, թեև նրանք հայտարարում են, որ քննարկելու են Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերը:

yerkir.am