[1]Այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց էին հավաքվել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ներկայացուցիչները:
Նրանք դեսպանատան աշխատակցին փոխանցեցին պահանջագիր, որում հորդորվում է ամերիկյան կառավարությանը՝ ճնշու, գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջիս ընդունի Հայոց ցեղասպանությունը:
Դեսպանատան աշխատակիցը վերցրեց պահանջագիրը և խոստացավ այն փոխանցել հասցեատիրոջը:
yerkir.am
ՀՅԴ Ուսանողական – Երիտասարդական Միութիւնները Խաղաղ Ցոյցեր Կատարեցին Միացեալ Նահանգներու Դեսպանատուներուն Առջեւ
Կազմակերպութեամբ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւններու, երէկ` հինգշաբթի, 16 ապրիլ 2015-ի կէսօրին, Հայաստանի, Լիբանանի եւ սփիւռքի տարբեր երկիրներու մէջ տեղի ունեցան նմանօրինակ ցոյցեր Միացեալ Նահանգներու դեսպանատուներուն առջեւ:
ՀՅԴ Լիբանանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնները երէկ Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպանատան առջեւ կազմակերպեցին խաղաղ ցոյց մը եւ դեսպանի ներկայացուցիչին յանձնուեցաւ պահանջագիր:
ՀՅԴ ԶՈՄ-ի եւ ԼԵՄ-ի անդամները հետեւեալ բովանդակութեամբ նամակ մը յանձնեցին Միացեալ Նահանգներու դեսպանատան պատասխանատուներուն:
aztagdaily.com
Դաշնակցականների ցույցը՝ Տորոնտոյում ԱՄՆ հյուպատոսարանի առջև
[3]
Ապրիլի 17-ին Կանադայի ՀՅԴ Երիտասարդական և «Արմեն Գարո» միությունների անդամները ցույց են կազմակերպել Տորոնտոյում ԱՄՆ հյուպատոսարանի առջև: Դաշնակցականները դեսպանատան աշխատակցին են փոխանցել պահանջագիր, որում հորդորել են ամերիկյան կառավարությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
yerkir.am
Նամակ-պահանջագիրն ամբողջությամբ` ստորեւ
Կոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը և Կոնգրեսին
2015թ. ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրն է: Հարուրամյակի նախօրեին, հարգելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած` կանխամտածված, ծրագրված և գործադրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը`չենք մոռանում նաև բարեգութ մարդկանց, ովքեր կանգնեցին ցեղասպանությունից հրաշքով փրկվածների կողքին և ջանացին մեղմել նրանց տառապանքը:
Գնահատում ենք Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի արիությունը, ինչպես նաև գավառներում` ամերիկյան հյուպատոսներին` Ջորջ Հորդոնին, Լեզլի Դեյվիսին, Ջեյսի Ջեքսոնին և այլոց, ովքեր չվարանեցին քողազերծել Օսմանյան կառավարության կողմից մարդկության դեմ գործած այդ ոճրի վայրագությունը:
Արժեվորում ենք ամերիկյան <> կազմակերպության ճիգերը, որը Միացյալ Նահանգներում կազմակերպեց հանրային արշավ` սատար կանգնելու հայ ժողովրդի բեկորներին և ապահով տանիք հայթայթելու Ցեղասպանության բազմաթիվ հայ որբերի համար:
Ակնածանքով ենք նշում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի խիզախությունը, որ պատերազմի ավարտին ստանձնեց Հայաստանի Հանրապետության սահմանների ճշտման առաքելությունը` մասնակի լուծում տալով հայ ժողովրդի պատմական, տարածքային իրավունքների վերականգման խնդրին:
Չնայած Միացյալ Նահանգների կառավարությունը 1951 և 1981թթ. պաշտոնապես ընդունել է Ցեղասպանություն իրողությունը, իսկ Կոնգրեսը 1975 և 1987 թթ. բանաձևերով ճանաչել է Ցեղասպանությունը, վերջին տասնամյակներին ամերիկյան իշխանությունները տեղի են տալիս թուրքական սպառնալիքներին և դիմում են անպատվաբեր ինքնագրաքննության: Ոճիրից մեկ դար հետո Թուրքիան տակավին չի զղջում և անամոթաբար համառորեն իրագործում է Ցեղասպանության վերջին հանգրվանը` ժխտումը: Բարոյական հրամայական է, որ Միացյալ Նահանգներն անհապաղ հրաժարվի` Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն իր առնչությունից:
Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին կոչ ենք անում Միացյալ Նահանգների Կառավարությանը և Կոնգրեսին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Հորդորում ենք ամերիկյան Կառավարությանը` ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդունի Հայոց ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկի նյութական և ոչ նյութական կորուստների հատուցման և Հայ ժողովուրդի տարածքային սեփականության վերականգնման ուղղությամբ:
Կոչ ենք անում ամերիկյան կառավարությանը` դառնալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավի կարևոր դերակատարներից մեկը` որպես նախաքայլ այլ ցեղասպանությունների կանխարգելման:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին մենք ` ցեղասպանությունը վերապրածների ժառանգներս, հաստատում ենք, որ առավել քան երբևէ մենք պահանջատեր ենք` Հայոց ցեղասպանության զոհերի և հայ ազգի անժամանցելի իրավունքերի արդար դատի հետապնդման գործում:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն
