- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Եթե ճիշտ շարժվենք, կարող ենք օգուտ քաղել Ցեղասպանության շուրջ ստեղծված ալիքից

FotorCreated [1]ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին, ասաց, որ մենք այնպիսի վիճակում ենք, որ եթե ճիշտ շարժվենք, կարող ենք բավական օգուտ քաղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ստեղծված ընդհանուր ալիքից։

«Իշխանությունը չպետք է Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտագործի այլ խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, ընդդիմությունն էլ չպետք է այդ խնդիրների համար Ցեղասպանության հարցն օգտագործի»,- ասաց նա:

Կիրո Մանոյանի համոզմամբ՝ այս ալիքի շարժառիթը նաև այն է, որ Թուրքան այնքան էլ ցանկալի չէ ոչ միայն իր հարևանների, այլև դաշնակից Արևմտյան երկրների համար:

«Նույն արաբ ժողովուրդը, որը մի քանի տարի առաջ պաշտում էր Էրդողանին, այսօր ցանկալի դաշնակից չի համարում նրան, ինչպես նաև Թուրքային դաշնակից Արևմտյան երկրները»,- ասաց նա։

Այդուհանդերձ, ըստ նրա, կարևոր դերակատարություն ունի նաև հայությունը՝ և՛ պետությունը, և՛ ժողովուրդը: «Ուստի անհրաժեշտ է, որ ճիշտ հաշվարկներից ելնելով այս իրավիճակից օգուտներ քաղենք»,- ասաց նա:

Կիրո Մանոյանի կարծիքով՝ ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է ինչ-որ ձևով երաշխիք ՀՀ-ի անվտանգության համար, այլ հենց Թուրքիայի կողմից ճանաչումը:

«Միջազգային ճանաչման գործընթացը նպատակ է, որ Թուրքիային ստիպի հայոց ցեղասպանությունը ճանաչել»,- ասաց նա և հավելեց, թե ճանաչումը բավարար չէ և պետք է լինի համապատասխան հատուցում:

ՀՅԴ Բյուրոյի անդամը նկատեց, թե պետք է հասկանալ, որ Թուրքիայի պետական մտադրության մեջ Հայաստանի անկախ հանրապետություն գոյություն չունի:

«Եթե գոյություն պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունը, ապա պետք ամբողջությամբ կախված լինի Թուրքիայից, դա է, որ իրենք նախընտրում են այս քաղաքականության մեջ»,- նշեց նա:

tert.am