[1]Դաշնակցության Հայաստանի կառույցի «Արամ Պողոսյան» կոմիտեության նախաձեռնությամբ հրատարակվել է Ցեղասպանությունը վերապրած Մելքոն Մանուկյանի հուշերն ամփոփող՝ «Արյունոտ անապատ» գիրքը։
Մանուկյանի հուշերը 1 տարուց ավելի ուսումնասիրել եւ հրատարակության է պատրաստել Արթուր Մկրտչյանը:
Գրքի շնորհանդեսին Մկրտչյանը նշել է, որ այսօր, երբ Թուրքիան ժխտում է Ցեղասպանության իրողությունը, դողդոջուն ձեռագրով գրված այս օրագրությունն անգնահատելի նշանակություն ունի։ Ցեղասպանության ողջ արհավիրքն ապրած Մելքոն Մանուկյանը թղթին է հանձնել իր ապրումները. Զեյթունում անկացրած մանկության տարիները, հետո՝ գաղթի տեսարանները, նաեւ 1946 թվականին ընտանիքով հայրենիք վերադառնալու պատմությունը։
Մելքոն Մանուկյանը մահացել է 1981 թվականին, սակայն նրա որդին՝ Արմենակ Մանուկյանը, խնամքով պահել է հոր հուշատետրերը։ 100-րդ տարելիցի նախօրեին արդեն ընթերցողի սեղանին է «Արյունոտ անապատ» գիրքը։ «Շիրազը մեր տանն էր հաճախ լինում։ Հայրս պատմում էր, որ ուշադիր կարդում էր իմ գրածները, որովհետեւ Շիրազն ասում էր, թե իր գրածը նրա գրածի նման էր։ Իսկ Ապրիլի 24-ին, երբ Շիրազին տնային կալանք էին տալիս, նա հորս ասում էր, դու կգնաս Ծիծեռնակաբերդ ու կկարդաս գրածներդ»,- պատմում է Արմենակ Մանուկյանը։
Նրա խոսքով, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտման քաղաքականության պարագայում դողդոջուն ձեռագրով գրված հուշերն այսօր անգնահատելի նշանակություն ունեն։ «Ես ուզում եմ մեջբերել Մելքոն Մանուկյանի հուշերից մի հատված. «Արաբական ցեղերի մոտ ապաստան գտած հայերին թվացել էր, թե աշխարհում հայ այլեւս գոյություն չունի «որովհետեւ մեր աչքերը տեսան, որ բոլորը կոտորվեցին: Այս գիրքը իսկական մի գան է, հուշերի ոսկյա մի մատյան, որը դեռ իր ասելիքը կունենա։ Այս հուշագրությունը նաեւ հորդոր ու պահանջ է՝ մեզ ապրողներիս»,- ասում է Արթուր Մկտչյանը։
«Յուրքանչյուր տող բաց նյարդ է մեզ համար։ Սա մեր պատմության թանձրուկի ճշմարտություն է։ Այդքան վիշտ տեսած Մելքոն Մանուկյանը իր հուշերում ասում էր, որ հայության ճակատագրի ոսկե բանալին մեր միասնակության ուժն է։ Սա է նրա պատգամը»,- նշում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Մելքոն Մանուկյանը ծառայել է ֆրանսիական բանակում, Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո նրան առաջարկում են մնալ, բայց մերժում է։ Հայրենիքում որմնադիր Մելքոնը աշխատում է, տուն կառուցում, մեծացնում 4 զավակներին։ «Երբ թոշակառու էր արդեն, Հաղթանակի այգում պահակ էր աշխատում։ Երեք շուն էր պահում, որոնց անունները դրել էր Թալեաթ, Էնվեր եւ Ջեմալ։ Մի օր ֆրանսիացի զբոսաշրջիկներ են գալիս, եւ նրանց մեջ հայեր էլ են լինում։ Երբ լսում են,թե ինչպես է հայրս կանչում շներին, որոնք վազում ու պառկում են նրա ոտքերի տակ, մոտենում են հարցնում, թե ինչու են այդ անունները դրել։ Ասում է, թե այդ երեքը արժանի են հայի ոտքի տակ պառկելու, ինչպես Սողոմոն Թեհյլերյանը Թալեաթին պառկացրեց իր ոտքի տակ»,- ասում է Արմենակ Մանուկյանը: