- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

FotorCreated [1]Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները համատեղ ապրիլի 21-ին հայտարարություն են ընդունել, որով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնորոշվում է Ցեղասպանություն:

Մինչ այդ ավստրիական հեղինակավոր «Շտանդարտ» (Der Standard) պարբերականը անդրադարձել է հայտարարությանը ու ներկայացրել վերլուծություն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստաթղթում հղում է արվում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը, քանզի այդ տարիներին Ավստրո-Հունգարական կայսրությունը հանդիսանում էր Օսմանյան կայսրության դաշնակիցը:

Պարբերականը տեղեկացնում է, որ 1.5 միլիոն հայերի սպանության փաստը վերջին շրջանում հանրային հնչեղություն է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Եվրոպական պառլամենտի կողմից ցեղասպանություն որակվելու պատճառով: Ներկայացնելով Պապի հայտարարությունն առ այն, որ տեղի ունեցածը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»՝ «Շտանդարտը» նշում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար պապի խոսքերն «արժեք չունեն»:

«Առաջին անգամ իրավիճակն այլ է պաշտոնական Ավստրիայի համար»,- գրում է պարբերականն ու նշում, որ խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ հիշատակված է նաև Թուրքիայի տասնյակ հազարավոր քրիստոնյա այլ բնակիչների՝ արամեացիների, ասորիների, խալդեացիների, պոնտացի հույների կոտորածների փաստը:

Ըստ աղբյուրի, հայտարարության տեքստում ասվում է, որ «Ավստրիան պարտավորվում է սարսափելի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն»: Միևնույն ժամանակ հայտարարությամբ կոչ է արվում Թուրքիային՝ առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի էջերին և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ճանաչել որպես ցեղասպանություն:

Փաստաթղթում նաև նշվում է, որ հայերի դեմ ուղղված ոճրագործությունը չպետք է մոռացության մատնվի:

«Ազատության, խաղաղության ու մարդու իրավունքների մեր անքակտելի արժեքների ընկալումն անխզելիորեն կապված է բռնությունների, հետապնդումների, արտաքսումների ու զանգվածային սպանությունների զոհերի հիշատակն ըստ արժանվույնս պահելու հետ»,- ըստ պարբերականի՝ ասված է հայտարարության տեքստում:

Պարբերականը տեղեկացնում է, որ ավելի քան 20 երկրներ հայերի կոտորածները ճանաչել են որպես ցեղասպանությունը: Նշելով, որ դա պատմական փաստ է, «Շտանդարտը» տեղեկացնում է, որ Ավստրիան մինչ այժմ խուսափում էր փաստը ճանաչելուց՝ ներկայացնելով ընդամենը մեկ փաստարկ, թե դա տեղի է ունեցել է մինչև 1948թ.՝ մինչև ՄԱԿ համապատասխան կոնվենցիայի ընդունումը:

Թերթը նշում է, որ մինչև այդ տեղի է ունեցել նաև Հոլոքոստը, ինչը պաշտոնական Վիեննան ճանաչում է որպես այդպիսին:

Ինչ վերաբերում է ներկայացված հայտարարությանը, ապա աղբյուրի հաղորդմամբ՝ այս ամսին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դիմել էր Ավստրիայի նախագահ Ֆիշերին, կանցլեր Ֆայմանին, փոխկանցլեր Միթերլեներին և Ազգային ժողովի նախագահ Բուրեսին, խնդրանքով, որ Ավստրիան միանա «մյուս երկրների փորձին» և ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

panorama.am

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

bedo-672x372 (1) [2]
Այսօր Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Yerkir.am-ի հետ զրույցում այդ լուրը հաստատեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

«Այս առավոտյան ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունները միացյալ հայտարարություն են ստորագրել, որում կոչ են անում երկրի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը: Այդ հայտարարության մեջ նշվել է նաև, որ Ավստրիան այդ հարցում պատասխանատվության իր մասն ունի, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան եւ Գերմանիան Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին:

Բանաձևում հիշատակվում է նաև Օսմանյան կայսրության քրիստոնյա ազգային փոքրամասնությունների մասին, որոնք զոհ են դարձել ջարդերին»,-Yerkir-ի հետ զրույցում նշեց Պետո Դեմիրճյանը:

Նա հավելեց նաև, որ բանաձևում Թուրքիային կոչ են անում առերեսվել իր անցյալի սև էջերի հետ:

Yerkir-ի հարցին, թե արդյո՞ք բանաձևում հողային փոխհատուցման վերաբերյալ կոչ եղել է Թուրքիային, Պետո Դեմիրճյանը պատասխանեց. «Ոչ, բանաձևը միայն ճանաչում է և աջակցում Ցեղասպանության ճանաչման կոչերին»:

yerkir.am