ՀՅԴ-ն կարող է Հայաստանում լինել ընդդիմություն, Արցախում՝ իշխանություն և հակառակը

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ապակենտրոն քաղաքական կառույց է, և որևէ արտառոց բան չկա նրանում, որ Հայաստանում ՀՅԴ-ն կարող է ընդդիմադիր լինել օրվա իշխանությանը, իսկ և ԼՂՀ-ում ոչ միայն պաշտպանի գործող նախագահին, այլև չլինի ընդդիմություն և հակառակը: Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և հավելեց, որ նման օրինակները բազմաթիվ են:

«90-ականներին եղել են նման դեպքեր, երբ Հայաստանում Դաշնակցությունը կասեցված էր Արցախում Դաշնակցությունը բացահայտ գործում էր, և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ 2004-2005 թթ., Արցախում ՀՅԴ-ն ընդդիմություն էր, իսկ Հայաստանում իշխանության մաս էր կազմում՝ լինելով քաղաքական կոալիցիայի մաս»,- ասաց Դավիթ Իշխանյանը։

«Այնպես որ, անկախ նրանից, թե Հայաստանում Դաշնակցությունն ընդդիմություն է, թե իշխանություն, Ղարաբաղում ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր դիրքրորոշումը»:

Նրա պարզաբանմամբ՝ այս պահին Արցախում ընդդիմություն լինելու նախադրյալներ տեղի ՀՅԴ կառույցը չի տեսնում:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն Լեռանային Ղարաբաղում հուլիսի 19 –ին նշանակված նախագահական ընտրություններում առաջադրված 4 թեկնածուներից (գործող նանախագահ Բակո Սահակյան, պատգամավոր Վիտալի Բալասանյան, Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյան և գործազուրկ Վալերի Խաչատրյան) պաշտպանում է ԼՂՀ գործող նախագահին:

Այսօրվա մամուլում տեղեկություն կար, իսկ Facebook սոցիալական ցանցում քննարկում էր ծավալվել այն մասին, թե Արցախի դաշնակցականները սկսել էն լքել կուսակցության շարքերը, քանի որ իրենց կամքին հակառակ հայաստանյան Դաշնակցությունը պարտադրում է առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանել ոչ թե ընդդիմադիր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, այլ ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինը:

Ի պատասխան ՀՅԴ տեղի կառույցի ղեկավարը նշելով , որ վերջին շրջանում որևէ մեկը Դաշակցությունից հեռանալու դիմում չի գրել, ոչ էլ ԼՂՀ դաշնակցականներից որևէ մեկը որևէ առիթով հեռացվել է, ապատեղեկատվություն և սադրանք համարեց նման լուրերը:

Ի պատասխան հարցի, թե այնումենայնիվ, Բակո Սահակյանին պաշտպանելու որոշումը հայաստանյան կառո՞ւյցի՝ ՀՅԴ Բյուրոյի, թե Արցախի տեղական կառույցինն է, Դավիթ Իշխանյանը ասաց, որ համատեղ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանին ՀՅԴ-ն մանդատից չի զրկել. նա հեռացվել է խմբակցությունից:

Այս մասին Tert.am–ին ասաց ԼՂ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը՝ մեկնաբանելով Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, որ համաձայն ԼՂՀ «ԱԺ կանոնակարգ օրենքի» որևէ մեկն իրեն իրավունք չունի հեռացնել և միայն ինքը իրավունք ունի դիմում գրել և մանդատից հրաժարվել:

Վիտալի Բալասանյանը այս որոշումը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում որակել է՝«ծիծաղելի», «սխալ» և «հակաօրինական»:

ԼՂՀ տեղական կառույցի և ՀՅԴ Բյուրոյի համատեղ որոշմամբ՝ Արցախում դաշնակցականները որոշել են պաշտպանել ոչ թե իրենց խմբակցության անդամին, այլ գործող նախագահին: Եվ այստեղ, համաձայն, ԼՂՀ ՀՅԴ ԿԿ ներկայացուցչի՝ մեզ տված նախորդ հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների՝ որևէ արտառոց բան չկա, քանի որ ՀՅԴ-ն ապակենտրոն կառույց է, և բազմաթիվ օրինակներ կան, որ Արցախում դաշնակցականները կարող են լինել ընդդիմություն, իսկ Հայաստանում՝ իշխանություն, և հակառակը:

Վիտալի Բալասանյանի հարցադրմանն ի պատասխան Դավիթ Իշխանյանը ասաց. «Ի վերջո, ֆրակցիան պատասխանատու է Կենտրոնական կոմիտեին: Եվ դրանից առավել կա ԱԺ կանոնակարգը, որ համապատասխան քաղաքական քայլ անելուց առաջ անձը պատասխանատու էր ողջ ֆրակցիայի և կառույցի բարձրագույն մարմնի առջև»:

Ի պատասխան հարցի, թե այսինքն Վիտալի Բալասանյանը չէր կատարել ՀՅԴ տեղական կառույցի վերջնական որոշումը՝ այն է, որպես ՀՅԴ խմբակցության անդամ չառաջադրվել, Դավիթ Իշխանյանն ասաց. «Մենք իրեն պարզաբանել, բացատրել ենք»։ Նա նաև նշեց, որ որպես քաղաքացի՝ քաղաքացիական նախաձեռնությամբ Վիտալի Բալասանյանն, անշուշտ, ուներ առաջադրման իրավունք:

Ինչպես մեկնաբանվում է մամուլում՝ Բալասանյանին խմբակցությունից հեռացնելու որոշումը կայացվել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ ԼՂՀ այցելելուց հետո:

«Միայն Հրանտ Մարգարյանը չի եղել, Գեորգի Պետրոսյան, Բյուրոյի անդամներ, և Դաշնակցության Բյուրո և Կենտրոնական կոմիտե տարիներ ի վեր միշտ էլ կայացրել են համատեղ որոշում Արցախի նախագահի այս կամ այն թեկնածուին պաշտպանելու կամ սեփական թեկնածու ունենալու հարցում: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է»,- ասաց Դավիթ Իշխանյանը:

Հիշեցնենք, որ վերջինս Tert.am–ին տված հարցազրույցում մեկ անգամ հերքել էր տեղեկությունը, թե բազմաթիվ շարքային դաշնակցականներ, դեմ լինելով, որ կուսակցությունը պաշտպանում է գործող նախագահին, կուսակցության շարքերից ազատման դիմումներ են գրել:

Եվ այսօր էլ Դավիթ Իշխանյանն ասաց, որ գոնե այս պահի դրությամբ որևէ հեռացված դաշնակցական չկա, որևէ մեկն ազատման դիմում չի գրել:

Տպել Տպել