- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահել եւ հավատացել են Դաշնակցությանը

FotorCreated [1]Aparaj.am-ի հարցին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

– Պարոն Իշխանյան, Արցախում ավարտվեց եւս մեկ քաղաքական գործընթաց՝ ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրությունները. ինչպիսի՞նն է Ձեր գնահատականը, որքանո՞վ արդարացան ՀՅԴ ակնկալիքները:

– Մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ հերթական ընտրություններն, իմ դիտարկմամբ, անցել են առանց լուրջ ընտրախախտումների, նորմալ մթնոլորտում, ժողովրդի մոտ առկա էր բարձր տրամադրություն եւ սա, իհարկե, ողջունելի է:

Մեր ժողովուրդն իր ակտիվությամբ ապացուցեց, որ վստահում է Արցախի քաղաքական ուժերին, եւ այդ ուժերը աստիճանաբար դառնում են դերակատար՝ իրենց շուրջը համախմբելով որոշակի ընտրազանգվածի:

Պետք է նշեմ, որ ՀՅԴ քարոզարշավն անցավ բավականին կազմակերպված եւ նպատակուղղված: Մեր թեկնածուները հնարավորություն ունեցան գտնվելու Հանրապետության բոլոր շրջաններում եւ տեղում ծանոթանալ ժողովրդին հուզող խնդիրներին: Ես, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին՝ ակտիվ գործունեության համար եւ բոլոր նրանց, ովքեր վստահել եւ հավատացել են ՀՅ Դաշնակցությանը: Մենք քարոզարշավի ընթացքում շեշտը դրել էինք երկրի առջեւ ծառացած մարտահրավերների վրա եւ ժողովրդին ներկայացրել եւ նրա հետ քննարկել այդ ուղղությամբ արվելիք աշխատանքները:

Ընտրությունների արդյունքներն, իհարկե, ՀՅ Դաշնակցության համար գոհացուցիչ չեն, մեր ակնկալիքներն, անկեղծ ասած, առավել էին: Սակայն, ես գնահատում եմ այն առաջընթացը, որ այս ընտրություններում արձանագրվեց՝ հաջողվել է վերականգնել մարդկանց վստահությունը ընտրությունների նկատմամբ, այդ է վկայում ընտրողների մասնակցության թիվը: Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ փաստեց, որ անտարբեր չէ իր երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ:

Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել նաեւ ԼՂՀ Խորհրդարան մուտք գործած կուսակցություններին՝ հնարավորինս կազմակերպված ընտրություններ անցկացնելու համար եւ մաղթել նրանց արդյունավետ աշխատանք ԱԺ-ում՝ ի շահ Արցախի ժողովրդի եւ նրա բարօրության:

aparaj.am