[1]ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին ժամը 10:00-ին «Անի Պլազա» հյուրանոցում իր աշխատանքներն է սկսելու Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովը (IUSY World Council):
Ժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել աշխարհի շուրջ 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ: Ժողովին մասնակցում են նաև ՀՅԴ Հայաստանի և սփյուռքի երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում հյուրընկալվող այս ժողովի ընթացքում ելույթով հանդես կգան Ը.Ե.Մ.Մ-ի նախագահ Ֆելիպե Խելդերեսը, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Ընկերվար-Միջազգայնականի (Սոցինտեռն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, հրավիրյալ բարձրաստիճան հյուրեր:
«Հավասար աշխարհ հնարավոր է» կարգախոսի ներքո անցկացվող երկօրյա ժողովի օրակարգը քննելու է մարդու հիմնարար իրավունքների իրացման գործում երիտասարդության դերի, վերջինիս զբաղվածության, աշխատունակության և այլ հարցեր: Ժողովը հատուկ քննարկման առարկա է դարձնելու արդի աշխարհի առջև ծառացած բնապահպանական խնդիրները` աշխարհի կայուն զարգացման հեռանկարում:
Մայիսի 9-ին ժամը 1030-ին նախատեսված է հյուրերի այցը Ծիծեռնակաբերդ և ծաղկամատույց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: