Մամլո հաղորդագրություն

FotorCreated 2015թ. մայիսի 8-ին, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների հյուրընկալությամբ, Երևանում իր աշխատանքներն սկսեց Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության համաշխարհային Խորհրդի ժողովը: «Հավասար աշխարհ հնարավոր է» կարգախոսի ներքո անցկացվող ժողովին մասնակցում են աշխարհի 60 երկրների ընկերվարական կուսակցությունների երիտասարդական կառույցների 160 պատվիրակներ, ինչպես նաև Հայատանի, Արցախի եւ սփյուռքի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները ներկայացնող առավել քան երկու տասնյակ երիտասարդներ:

Ժողովին բացման խոսքով հանդես եկան Ընկերվար-միջազգայնականի (Սոցինտեռն) փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը, ԸԵՄՄ-ի նախագահ Ֆելիպե Իգնասիո Խելդրես Կարդան և ՀՅԴ երիտասարդականը ներկայացնող Կարապետ Շադոյանը:

Վերջինս իր խօսում նշեց, որ 2015 թվականը զուգադիպում է Հայոց ցեղասպանության 100-րդ տերելիցին և շեշտեց , որ հայ երիտասարդությունը հայ ժողովրդի իրավունքների հատուցման պայքարի համար նոր փուլ է թևակոխում՝ փուլ, որի ընթացքում մեր երիտասարդությունը զուգահեռաբար հետևողական է լինելու նաև մեր երկրի շարունակական զարգացման ու հզորացման գործին:

Աշխարհի մեծագույն երիտասարդական կազմակերպության ընդհանուր ժողովը քննարկելու է իր երկամյա քաղաքական և նյութաբարոյական գործունեության տեղեկագիրը: Ժողովն անդրադառնալու է բնապահպանական, երիտասարդության զբաղվածության, նրանց կրթության, ինչպես նաեւ մարդու հիմնարար իրավունքների պահպանման գործում երիտասարդության դերին առնչվող հիմնահարցերին:

Վաղը՝ մայիսի 9-ին նախատեսված է մասնակիցների այցը Ցեղասպանության թանգարան ինստիտուտ և ծաղկամատույց՝ հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին:

Նախատեսված է նաեւ պատվիրակների այցելություն Երևանի տեսարժան վայրեր և թանգարաններ՝ հյուրերին Հայոց պատմությանն ու մշակույթին հաղորդակից դարձնելու համար:

Ժողովի փակումը տեղի կունենա մայիսի 9-ի ուշ երեկոյան։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ

08 մայիս, 2015 թ.

Տպել Տպել