Հայ Յեղափոխական Դաշնակցության 29-րդ ժողովի հայտարարությունը


ՀՅԴ 29-րդ Ընդհանոր Ժողովը, քննարկելով ՀՅ Դաշնակցության անցնող քառամյա գործունեությունը, արձանագրեց. կուսակցությունը կարողացել է նկատելի քայլեր կատարել ինչպես հայոց պետականության ամրապնդման, ողջ հայությանը հուզող հիմնահարցերի արծարծման, Հայաստանի քաղաքական կյանքում կազմակերպության ունեցած դերակատարության ընդլայնման, այնպես էլ ՀՅԴ համահայկական ներկուսակցական-կազմակերպական կյանքի վերաաշխուժացման եւ զորաշարժի ենթարկելու գործում:

Անցնող քառամյակում կուսակցությունը նոր մակարդակի բարձրացրեց հայ ժողովրդի քաղաքական իրավունքների վերատիրացման՝ Հայ Դատի աշխատանքները, եւ Հայաստանի, Արցախի ու հայության շահերի պաշտպանության գործը: Հիմնեց Եվրոպայի Հայ Դատի գրասենյակ՝ ծավալուն աշխատանքով, կազմակերպեց հայության քաղաքական խնդիրներին աջակից գործիչների «Պրո Արմենիա» համաժողովը եւ վերահաստատեց իր լիիրավ անդամակցությունը Սոցիալիստական Ինտերնացիոնալին

ՀՅԴ 29-րդ Ընդհանուր Ժողովը, քննարկելով հայության ու Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները, արձանագրեց. Հայրենի պետականությունը եւ հայ ժողովուրդը կանգնած են ինչպես ներազգային, այնպես էլ միջազգային դժվարին խնդիրների լուծման հրամայականի առջեւ.

– Համաշխարհային ժամանակակից գործընթացների բացասական դրսեւորումները վտանգավոր ազդեցություն են թողնում տնտեսական-ֆինանսական, քաղաքական, ընկերային, մշակութային, բնապահպանական եւ այլ բնագավառների վրա՝ սահմանափակելով ազգերի եւ պետությունների ինքնուրույն զարգացման հեռանկարները,

– Հայաստանը գտնվում է արդարության եւ օրինականության հաստատման, ժողովրդի սոցիալ¬տնտեսական կացության արմատական բարելավման, կոռուպցիայի վերացման հրամայականների առաջ,

– Հայաստանում քաղաքական Կոալիցիայի ձեւավորման նախադեպը նոր որակ բերեց հանրապետության քաղաքական կյանքում: Սակայն Կառավարությանը մաս կազմելը ինքնանպատակ չէ, եւ ՀՅԴ մասնակցությունը Կոալիցիային պայմանավորված է Կոալիցիայի Հուշագրում ամրագրված նպատակների եւ սկզբունքների իրականացմամբ,

– Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է պայքարել ժողովուրդների ինքնորոշման եւ անկախության իր իրավունքի միջազգային հանրության կողմից ամբողջական ճանաչման ուղղությամբ,

– Ջավախքի հայությունը ձգտում է սրբագրել տարիներ շարունակ Վրաստանի նախկին իշխանությունների վարած խտրական քաղաքականության հետեւանքով երկրամասում տիրող ծանր կացությունը, պահպանել եւ ամրապնդել իր ազգային, մշակութային ինքնությունը, բարելավել ժողովրդի ընկերային¬տնտեսական վիճակը,

– Սփյուռքը դիմագրավում է համաշխարհային նոր գործընթացների, Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի, հայահոծ գաղութներից հայության նոր տեղաշարժերի եւ համայնքների վերաձեւավորման արդյունքում նպատակների եւ ինքնության վերաիմաստավորման խնդիրներ£:

ՀՅ Դաշնակցության 29¬րդ Ընդհանուր Ժողովը հայտարարում է.

– Շարունակելու է պայքարը հայրենի պետության ամրապնդման ու զորացման ուղղությամբ, հետամուտ լինելով, որ պետությունը տեր լինի Արցախի եւ հայ հավաքականությունների իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման պայքարին ու Սփյուռքի հայության ազգային ինքնության պահպանման եւ Հայրենիքի հետ հարաբերությունների ամրապնդման գործին:

ՀՅ Դաշնակցությունն իր բոլոր ուժերով աշխատելու է Հայաստանում ընկերային¬տնտեսական կացության որակական վերափոխման, տնտեսական մենաշնորհների եւ կոռուպցիայի վերացման, ընկերային արդարության եւ օրենքի գերակայության հաստատման, քաղաքացիական հասարակության ձեւավորման, քաղաքական համակարգի արմատական բարեփոխման ուղղությամբ:

ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է անդուլ պայքարը Հայ Դատի հետապնդման ուղղությամբ: Հիմնովին մերժելի սադրանք է համարում առաջ քաշված հայ¬-թուրքական կեղծ հաշտեցման նախաձեռնությունները£ Ընդհանուր Ժողովը շեշտում է Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի վարած ուրացման քաղաքականությունը չեզոքացնելու եւ հայ ժողովրդի իրավունքների վերատիրացման աշխատանքները ավելի մեծ թափով առաջ տանելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունը:

ՀՅ Դաշնակցությունը անընդունելի է համարում ԼՂՀ անվտանգության երաշխիքներից որեւէ զիջում£ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է նպաստի մայր Հայրենիքի հետ վերամիավորմանը:

Ադրբեջանական իշխանությունների այսօրվա մերժողական քաղաքականության պայմաններում՝ Ղարաբաղյան բանակցություններին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ Հայաստանը հանդես պետք է գա իբրեւ Արցախի անվտանգության ու անկախության երաշխավոր:

ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է հետեւողական աշխատանք տանել Արցախի տնտեսության զարգացման, ընկերային եւ ժողովրդագրական վիճակի բարելավման, երկրում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ:

ՀՅԴաշնակցությունը սատարելու է ջավախքահայության ընկերային¬տնտեսական ծանր կացության հաղթահարմանը, մշակութային, կրթական կյանքի աշխուժացմանը, արձագանքելու է Ջավախքի հայության: Վրաստանի սահմանադրության մեջ ամրագրվելիք ինքնավարության ձգտումներին:

Անհրաժեշտ է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հստակեցումը եւ վերարժեքավորումը՝ այն դարձնելով ամբողջական եւ համակարգված£ Սկզբունքային պահանջ է Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում երկքաղաքացիության դրույթի ամրագրումը:

ՀՅ Դաշնակցությունը, ազգի ապագայի հիմնական կռվան նկատելով հայ ժողովրդի նորահաս սերունդները նորովի զարկ է տալու իր գաղափակական եւ կազմակերպական աշխատանքների՝ հայ երիտասարդությանը ազգային, քաղաքական հիմնական առաջադրանքների շուրջ համախմբելու եւ հանձնառության մղելու նպատակով:

ՀՅ Դաշնակցությունը կարեւորում է ազգային միասնականության եւ համագործակցության անհրաժեշտությունը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության 29-րդ Ընդհանուր Ժողովը շարքերի եւ մարմինների անունից վերահաստատում է իր վճռականությունը ամբողջական ուժերով ու նվիրումով մասնակցել մեր ժողովրդի եւ Հայրենիքի բարգավաճման եւ քաղաքական առաջադրանքների իրականացման նվիրական գործին՝ իբրեւ վերջնական նպատակ ունենալով իր ծրագրային պահանջների կենսագործումը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության
29-րդ Ընդհանուր Ժողով
Ծաղկաձոր
17/02/2004թ

Տպել Տպել