- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Գիտաժողով Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

FotorCreated [1]Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացը. նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին տասներկու երիտասարդներ ՀՀ տարբեր բուհերից ու գիտակրթական կենտրոններից: Մասնակիցներն ընտրվել էին նախապես ուղարկված զեկուցումների միջոցով:

Գիտաժողովը կազմակերպել էին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը և «Լազարյան ինստիտուտ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու, պ.գ.թ Մելինե Անումյանը նշեց, որ գիտաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Մասնակից ուսանողների զեկուցումները վերաբերում էին ինչպես Ցեղասպանության բուն գործընթացին, այնպես էլ հետագա սերունդներին՝ վերապրողներին և պահանջատիրության հարցին: Քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետևանքներին, իրավական գնահատականներին և մշակութային ժառանգության ոչնչացմանն առնչվող հարցեր:
Մելինե Անումյանը նշեց, որ զեկուցումները կտեղադրվեն կենտրոնի պաշտոնական կայքում (Akunq.net), իսկ լավագույնները կթարգմանվեն թուրքերեն:

Անդրադառնալով Ցեղասպանության թեմայի հանդեպ հետաքրքրությանը՝ Անումյանն ասաց. «Հայոց ցեղասպանությանը առավելապես անդրադառնում են պատմաբանները և թուրքագետները: Ցանկալի կլիներ, որ այլ ոլորտի մասնագետներ նույնպես իրենց նեղ մասնագիտական դիտանկյունով քննարկեին այս հարցը»:

Միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ ուսանող Գոռ Եդիգարյանը հանդես եկավ «Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրում (համեմատական վերլուծություն)» թեմայով զեկուցմամբ: Թեման Գոռն ուսումնասիրել է շուրջ տասը ամիս՝ ընթերցելով արտասահմանյան և թուրք հեղինակների գրքեր, որտեղ խոսվում է արձանագրված հրահրումների մասին:

«Հետազոտությանս նպատակն էր ցույց տալ, որ մինչև 1948 թվականը՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի» ընդունումը, ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը նույնպես եղել է պատժելի, կարգավորվել է` համաձայն սովորույթային միջազգային իրավունքի»:

Գիտաժողովից հետո Գոռ Եդիգարյանը որոշել է ընդլայնել իր զեկուցումը. «Մտադիր եմ լրացնել զեկուցումս թուրքական թերթերի օրինակներով, պետք է փնտրեմ և գնտեմ դրանք»:

Թուրքագետ, ԵՊՀ ուսանող Սոնա Սուքիասյանը կարևոր է համարում նման գիտաժողովների անցկացումը. «Փորձի և գիտելիքի փոխանակման, հետաքրքիր քննարկումների հնարավորություն է ստեղծում: Հատկապես հետաքրքիր էին Օսմանյան կայսրությունում հայության դերին և Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի համեմատական վերլուծությանն անդրադարձող զեկուցումները»:

«Հայերի վաստակը Օսմանյան կայսրության ճարտարապետության, արհեստագործության, գրատպության, թատրոնի և ֆինանսների բնագավառներում». սա Սերյոժա Գրիգորյանի զեկուցման թեման է: Նա թեմայի ուսումնասիրությունը սկսել է` ոսկերչության նկատմամբ հետաքրքրությունից դրդված:

«Զբաղվում եմ ոսկերչությամբ: Հետաքրքիր էր Թուրքիայում ոսկերչության բնագավառը: Նկատելով, որ Թուրքիայում հայերը, բացի ոսկերչությունից, նաև այլ ոլորտներում են մեծ դեր ունեցել, որոշեցի ուսումնասիրել: Ինձ համար բացահայտում էր Տիգրան Չուխաջյանի հոր վաստակը: Նա եղել է ոսկերիչ-ժամագործ, որ Օսմանյան կայսրությունում հիմք է դրել երաժշտական ժամացույցների»: Սերյոժան վստահեցնում է, որ կայսրությունում չի եղել մի այնպիսի բնագավառ, որտեղ հայերն իրենց ներդրումը ունեցած չլինեն:

akunq.net