Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողովի հայտարարությունը


Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին:

Հ. Յ. Դ. գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են՝ հայ անկախ պետականությունը` իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը£

Մեկնելով վերոնշյալից` Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր ժողովը գտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետությունը դիմագրավում է կայացման եւ ժողովրդավարացման դժվարին փուլ£
Արցախի հիմնահարցը սպասում է արդարացի լուծման, որին անհրաժեշտ է հասնել բանակցությունների միջոցով, նաեւ` Ադրբեջանի ծրագրերի չեզոքացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը արագացնելու ճանապարհով£
Վրաստանի կազմում Ջավախքը զուրկ է ինքնակառավարման հնարավորությունից£
Արեւմտահայաստանում, Թուրքիայի այլ տարածքներում Ցեղասպանությունից փրկված հայության բեկորները շարունակում են մնալ իրավունքներից զրկված£
Սփյուռքը Հայաստանից վերջին տարիներին տեղի ունեցած արտագաղթի հետեւանքով նոր մարտահրավերներ է դիմագրավում:

Հայության ներկա կացության այս գնահատման հիման վրա՝ Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր ժողովը կուսակցության գործունեության նորագույն հանգրվանը սահմանում է հետեւեալ տրամաբանությամբ.

Վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ներկայանալով իր ցանկով եւ սեփական թեկնածուով` Հ. Յ Դաշնակցությունը հաստատագրել է, որ անկախ, ինքնուրույն, միայն սեփական որոշումներով առաջնորդվող կուսակցություն է:

Հատկապես նախագահական ընտրություններից հետո Հ.Յ. Դաշնակցությունը բնական կերպով կարող էր որդեգրել խորհրդարանական առողջ ընդդիմության կեցվածք£ Սակայն հետընտրական շրջանի իրադարձությունների հետեւանքով անկախ պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները կուսակցությանը դրեցին երկրի կայունությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու առաջնահերթության եւ պատասխանատվության առջեւ:

Այդ պատասխանատուության գիտակցությամբ Հ.Յ. Դաշնակցությունն ընդառաջեց կոալիցիայի հրավերին՝ գտնելով, որ ստորագրված համաձայնագրի քաղաքական առաջնահերթությունների իրագործումը երկիրը զարգացման որակական նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն է ստեղծում£

Առ այդ` Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր Ժողովը հայտարարում է, որ՝

Կուսակցությունը, Երկրի եւ Սփյուռքի իր շարքերով, հետեւելու եւ վերահսկելու է քաղաքական կոալիցիայի համաձայնագրի սկզբունքային դրույթների բծախնդիր գործադրությունը£ Կոալիցիայի կողմից այդ դրույթների հանձնառությունից հրաժարվելու կամ քաղաքական կամք չդրսեւորելու դեպքում Հ.Յ. Դաշնակցությունը իր ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական առաջադրանքները կարող է հետապնդել նաեւ կոալիցիայից դուրս՝ առանց վտանգելու երկրի անվտանգությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, գաղափարական ու քաղաքական իր սկզբունքներին£

Հ. Յ. Դաշնակցությունը գտնում է, որ քաղաքական կոալիցիան գործնական քայլերով առողջ ընդդիմության ձեւավորման դաշտ պետք է երաշխավորի, որպեսզի որեւէ իշխանությունից դժգոհ հասարակությունը իր պահանջները օրինական միջոցներով արտահայտելու հնարավորություն ունենա:

Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր Ժողովը նաեւ վերահաստատում է Սփյուռքի ռազմավարական կարեւորությունը Հայաստանի Հանրապետության, հայության անվտանգության ու զարգացման համար եւ հայտարարում, որ կուսակցությունը մնում է հանձնառու նրա կազմակերպման« հզորացման, հայրենիքի հետ համարկման հրամայականներին£

Այս հետեւությամբ էլ Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր Ժողովը կոչ է ուղղում սփյուռքահայությանը` ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն£ Հայաստանի քաղաքացիություն ընդունելով` սփյուռքահայությունը կամրապնդի իր ազգային ինքնությունը, կշեշտի հանձնառությունը` հատկապես հայրենիքի զարգացմանը բերելիք ներդրումի առումով:

Հայրենիքի զարգացման գործում այս ներգրավմամբ կխրախուսվի հայրենադարձությունը եւ հայրենիքից արտագաղթը նվազեցնելու հիմքեր կստեղծվեն:

Կենսունակ, կազմակերպված, հայրենիքի հետ մեկ ամբողջություն կազմող Սփյուռքը այսօր, առավել` քան երբեք, անհրաժեշտ է` դիմագրավելու Թուրքիայի նախաձեռնությամբ, Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ ընթացող հակահայ արշավի նոր հանգրվանը:

Կարեւոր է հատկապես վերջին տարիներին առաջընթաց արձանագրած` Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, արդար հատուցման պայքարի շարունակումը` որպես ուրացման թրքական պետական քաղաքականության փորձերի չեզոքացման երաշխիք:

Հ.Յ.Դ. 30-րդ Ընդհանուր Ժողովը հաստատում է կուսակցության վճռական կամքը` անմնացորդ նվիրումով ծառայելու հայ անկախ պետականության հզորացմանը, հայութեան կազմակերպ միասնականության ապահովմանը, որի նպատակն է տարածաշրջանում` ազդեցիկ պետության, աշխարհում` հայության հաշվառելի գործոնի վերածվելը:

Հ.Յ. Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողով
Ծաղկաձոր, 27 մայիսի 2008

Տպել Տպել