[1]Մայիսի 30-ին Հադրութի շրջանում ՀՅԴ Արցախի ԿԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության անդամների եւ համակիրների համաարցախյան հավաք:
Ներկաներին ողջունեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախագահ Դավիթ Իշխանյանը, ով նախ շնորհավորեց բոլորին Հայաստանի Առաջին Հանրապետության ու հայկական պետականության վերակերտման օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ՝ կարևորելով 1918 թվականի մայիսի 28-ի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
Նա ՀՅԴ Արցախի ԿԿ անունից երախտիքի խոսք փոխանցեց բոլոր նրանց, ովքեր վերջերս կայացած ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին համախմբվեցին նույն հենքի, այն է՝ ՀՅ Դաշնակցության գաղափարի շուրջ՝ միասնական ուժերով պայքարելով ազգային եւ սոցիալիստական ուժի հաղթանակի համար:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն իր խոսքում ամփոփեց ընտրական եւ հետընտրական զարգացումները, անդրադարձավ ՀՅԴ անելիքներին:
Միջոցառման ընթացքում ներկաներին խոսք հղեց նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:« Որպես ԼՂՀ Աժ-ում ներկայացված քաղաքական ուժ՝ մենք շատ անելիքներ ունենք՝ գերխնդիր ունենալով ազգային պետականության ամրապնդումը: Սա շատ կարեւոր է, քանզի նախընտրական շրջանում, ժողովրդի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, մենք հասկացանք, որ ժողովրդի մի ստվար հատվածն այնպես չի արժեվորում պետականության դերն ու նշանակությունը, ինչպես մենք կցանկանայինք: Ձեզ հետ միասին դեռ երկար ժանապարհ ունենք անցնելու՝ մեր երկրի ներքին կյանքը բարելավելու, բազմաթիվ մարտահրավերների դիմակայելու, քաղաքական եւ տնտեսական համակարգը բարեփոխելու համար»,- նշեց Վ. Բալայանը:
Ելույթներին հաջորդեցին երդման եւ խոստման արարողությունները: Մի շարք համակիրներ համալրեցին ՀՅ Դաշնակցության եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շարքերը:
aparaj.am
«Ազդակ»