[1]Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) Խորհրդի ժողովը Հայաստանում կազմակերպելը՝ ՀՅԴ Երիտասարդականի, առնուազն վերջին տասնամեակների, արտաքին-յարաբերական աշխատանքների պատմութեան մէջ կարելի է անկիւնադարձային իրադարձութիւն համարել։
Յիշեցնենք, որ 2015 թ. մայիսի 8-9-ին Երևանում տեղի ունեցաւ ԸԵՄՄ Խորհրդի ժողովը, որին մասնակցեցին 160 պատուիրակներ մօտ 60 երկրներից, որոնց թվում Չիլի, Մեքսիկօ, Կանադա, Բուրկինա Ֆասօ, Ուգանդա, Շուեդիա, Գերմանիա, Նոր Զելանդիա, Տիբետ և այլ երկրներ։
Ժողովը անկիւնադարձային է մի քանի առումով.
Առաջին. ՀՅԴ Երիտասարդականը երկար տարիների աշխատանքի արդիւնքում յաջողեց հասնել այն բանին, որ նման մեծ աշխատանքի կազմակերպումը վստահեն իրեն։ Ճիշտ է, որ արդէն երեք տասնամեակից աւելի է, ինչ ՀՅԴ Երիտասարդականը ներկայութիւն է միջազգային երիտասարդական տարբեր սեմինարներում, ժողովներում, փառատօններում, համագումարներում և այլն, սակայն այս մասշտաբով միջազգային ժողովի չէր առնչվել։ Նման ժողովի հիւրընկալման պատասխանատւութիւնը անդամ կազմակերպութիւններից որևէ մէկին յանձնելը՝ վկայում է այն վստահութեան մասին, որ տուեալ անդամ կազմակերպութիւնը, այս պարագային ՀՅԴ Երիտասարդականը, ներշնչել է երկար տարիների գործունէութեան և կազմակերպական որակների դրսևորման արդիւնքում։
Երկրորդ. սրանով ՀՅԴ Երիտասարդականն ապացուցեց, որ ինքնամփոփ, ինքն իր խնդիրներով ապրող, աշխարհից կտրուած կառոյց չէ։ Նա, ո՛չ միայն հետաքրքրուած է համամարդկային հարցերով, այլ պատրաստակամ է իր ներդրումն ունենալ հաւասար աշխարհ և արդար հասարակարգ կերտելու պայքարում։ Այս առումով յիշատակման արժանի է Երևանի Ազատութեան հրապարակում կազմակերպուած ֆլեշ մոբը՝ Միջերկրական ծովում խեղդուած ապաստանեալների հարցը բարձրաձայնելու նպատակով, որին իր անվերապահ մասնակցութիւնն ունեցաւ ՀՅԴ Երիտասարդականը։
Երրորդ. 160 երիտասարդներ մօտից տեսան Հայաստանը, ճանաչեցին հայութեանը, վայելեցին հայոց հիւրընկալութիւնը, խորքով տեղեկացան Հայոց ցեղասպանութեան մասին՝ Ծիծեռնակաբերդ և ցեղասպանութեան թանգարան այցելելով։ Կասկածից վեր է, որ այս երիտասարդներից ոմանք հետագայում պատասխանատու դիրքեր են զբաղեցնելու իրենց կուսակցութիւններում եւ երկրներում։ ՀՅԴ Երիտասարդականն այս քայլով, ահաւասիկ, փորձեց Հայաստանն ու հայութիւնը ներկայացնել այնպէս, ինչպէս կա, դրանով յուսալով հիմքը դնել հետագայ համագործակցութեան եւ բարի յարաբերութիւնների։
Չորրորդ. մասնակիցներն իրենց պաշտօնական և անպաշտօն խօսքերում դրուատանքով արտայայտուեցին ՀՅԴ Երիտասարդականի կազմակերպական աշխատանքի մասին։ Պատասխանատու դէմքեր խոստովանեցին, որ ժողովն իրօք բարձր մակարդակով էր կազմակերպուել և, նոյնիսկ, առաջարկ հնչեց յաջորդ տարի այլ ժողով կազմակերպել Հայաստանում։ Եղածը արդիւնքն է ժողովի կազմակերպման գործում ներգրաւուած ՀՅԴ Երիտասարդականի անդամների անմնացորդ և անշահախնդիր աշխատանքի։
Հինգերորդ. թէև Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը նախապէս` 2004 թ. բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանութեան ճանաչման և, 2007 թ. Հրանտ Դինքի սպանութեան դատապարտման առիթով, սակայն 2015 թ. Խորհրդի ժողովում ևս միաձայնութեամբ ընդունեց ՀՅԴ Երիտասարդականի կողմից ներկայացուած բանաձևը, որը ուներ պահանջատիրական բնոյթ։ Սա իր հերթին վկայում է հայոց պահանջատիրական պայքարը միջազգային երիտասարդական դաշտում մէկ այլ փուլ տեղափոխելու փաստի մասին։
Վեցերորդ. ՀՅԴ Հայաստանի, Արցախի և Սփիւռքի երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնը ժողովին և նրանց համակարգուած աշխատանքը, օտար կազմակերպութիւնների պատուիրակութիւններիհամար վկայութիւնն էր այն բանի, որ ՀՅԴ Երիտասարդականն ունի համաշխարհային ցանց, որի օղակները թէև աշխատում են տարբեր երկրներում, ուստի և տարբեր միջավայրերում, սակայն ունեն գաղափարական միևնոյն համոզումներն ու սկզբունքները և, կազմակերպական կարգապահութեան ըմբռնումը։ Որպէս օրինակ մէջբերենք ժողովից յետոյ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակին ուղարկուած Գերմանիայի JUSOS կազմակերպութեան շնորհակալական նամակից մի հատուած. «Երբ մեր պատուիրակութեանը առաւօտուայ ժամը 4։00-ին դիմաւորուեցին օդանաւակայանում, մենք մեզ շատ լաւ զգացինք…Մենք յատկապէս տպաւորուած ենք ձեր կազմակերպական կառոյցով, ամբողջ աշխարհում գոյութիւն ունեցող ձեր կազմակերպական միաւորներով։ Դա իրական օրինակն է այն բանի, թէ ինչ է նշանակում լինել միջազգային կազմակերպութիւն։ Վստահաբար շատ բան կայ ձեզանից սովորելու…»։
Եօթերորդ. ՀՅԴ Հայաստանի, Արցախի և Սփիւռքի երիտասարդական և ուսանողական միութիւնների այն անդամների մասնակցութիւնը ժողովին, ովքեր մինչ այդ ներգրաւուած չէին ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-յարաբերական աշխատանքներում, օգտակար էր այն առումով, որ այդ երիտասարդները ուղղակիօրէն տեսան ու մասնակցութիւն ունեցան իրենց իսկ կազմակերպութեան գործունէութեան մէկ կարևոր ոլորտին։ Դա կարող է նոր հորիզոններ բացել ՀՅԴ Երիտասարդականի տեղական կառոյցերի համար։
Շարքը կարելի է շարունակել։ Բաւարարուենք այսքանով և կարևորութեամբ ընդգծենք, որ արձանագրուած յաջողութիւնը՝ ծրագրուած, կազմակերպուած ու հետևողական աշխատանքի, աշխատանքում ներգրաւուած երիտասարդների միջև փոխհասկացողութեան մթնոլորտի, միմեանց օգնելու, բացերը յուշելու ու լրացնելու գիտակցութեան և, դաշնակցականավայել կարգապահութեան արդիւնք է։
Մնում է ասել՝ վարձքներդ կատար։
Երևան, ՀՀ
30 մայիս, 2015 թ.
Սարգիս Մկրտչեան