- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Անընդհատ բարձրաձայնում ենք ոչ այն պատճառով, որ Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ էր

minasyan [1]Այսօր ԱԺ քառօրյա նիստում, երբ քննարկվում էր գլխավոր դատախազի` 2014թ. գործունեության հաշվետվությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նախ կարևորեց ԱԺ-ում հաղորդում ներկայացնելը, որն առաջին անգամ է տեղի ունենում, կարծիք հայտնելով, որ դա կարող է բարելավել գլխավոր դատախազության գործունեությունը:

Պատգամավորն այդ հաշվետվության մեջ նկատեց հակասություններ, երբ մի բաժնում ներկայացված է, թե ինչպես է գլխավոր դատախազությունը նպաստել հանցագործությունների նվազմանը, բայց, մյուս կողմից, մեկ այլ բաժնում գրված է, որ գլխավոր դատախազությունը չի կարող անմիջական մասնակցություն ունենալ հանցավորության դեմ պայքարում: Նա ցանկալի համարեց, որ հաշվետվության մեջ լիներ օրենսդրական վերլուծություն, ինչը օգտակար կարող էր լինել օրենսդիր մարմնի ներկայացուցիչների համար:

Իրավապահ համակարգի գործունեությանն անդրադառնալով` Արծվիկ Մինասյանը նշեց, որ զեկույցում չներկայացվեցին համակարգային բնույթի խնդիրները: Պատգամավորը ոչ բավարար գնահատեց հանրային հնչեղություն ունեցող գործերի բացահայտմանն ուղղված` գլխավոր դատախազության գործողությունները:

Նա, մասնավորապես, անդրադարձավ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը` այն համարելով ոչ լիարժեք ու անբավարար:

«Հավատացեք` եթե մենք անընդհատ բարձրացնում են այդ հարցը, ապա ոչ թե այն պատճառով, որ Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ էր, այլ պատճառներն ավելի խորքային են. օրը ցերեկով սպանվել է Մարտական խաչի շքանշանակիրը, հերոսը, համայնքի ղեկավարը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ գործը մինչ օրս բացահայտված չէ:

yerkir.am