Հայտարարություն

ARF_Logo-coloredՎերջին օրերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կազմակերպեցին բողոքի գործողություններ, պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության բնակչության մեծամասնության ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ: Հունիսի 22-ին ոստիկանությունը ցրեց ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատավամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, այլեւ տուժեց երկրի վարկը, կրկին անգամ խաթարվեց հասարակական հանդուրժողականության մթնոլորտը:

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու եւ լարվածության հետագա խորացումից խուսափելու նպատակով պահանջում ենք՝ որպես առաջնահերթ քայլ ազատ արձակել բոլոր կալանավորվածներին: Անհրաժեշտ է առանձին քննության նյութ դարձնել ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք:

Իշխանությունները պարտավոր են կատարվածի հետ կապված հետագա գործողությունները իրականացնել լիարժեք հրապարակայնության պայմաններում, ինչպես եւ քննության նյութ դարձնել հասարակայնության ներկայացուցիչների արդարացի պահանջները:

Միաժամանակ կոչ ենք անում բոլորին ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրմանը, հասարակության պառակտմանը, երկրի վարկին ու հեղինակությանը հարվածող եւ հավանական միջամտությունների առիթ տվող գործողություններից:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Տպել Տպել