- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նոր Սահմանադրությամբ մեր երկրի խնդիրները լուծվելու են, կամ դրա համար հիմքեր են ստեղծվելու

FotorCreated [1]Նոր Սահմանադրության այս նախագիծն 90-95%-ով համապատասխանում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատկերացումներին. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ նույնանուն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ նոր Սահմանադրության այս նախագիծ լուծում է երկրի խնդիրները, կամ հիմքեր է ստեղծելու դրա համար։

Պատգամավորը հայտարարեց, թե դեռ կան իրենց կողմից արված բազմաթիվ առաջարկություններ, որոնք չեն ընդգրկվել նախագծում, բայց, այդուհանդերձ, իրենք թե՛ քարոզչության, և թե՛ գործնական հարթությունում ամեն ինչ անելու են, որպեսզի երկիրը գնա նոր ուղղությամբ:

«Այս Սահմանադրությամբ մեր երկրի խնդիրները լուծվելու են, կամ հիմքեր են ստեղծվելու լուծվելու ուղղությամբ»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանն առանձնացրեց երեք հիմնական շեշտադրումները, որոնք ապահովելու են երկրի զարգացումը՝ անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, անցում 100 տոկոս համամասնական համակարգ, և ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ընդդիմությունն ունի ռեալ լծակներ՝ ազդել իշխանության վրա:

«Այս երեք հիմնական սկզբունքները ավելիով արտացոլված են ներկա Սահմանադրության տեքստում և կարող ենք արձանագրել, որ իբրև քաղաքական մտածողություն, քաղաքական ուժ, մեր մոտեցումները հաղթանակել են: Չլինելով իշխանության մեջ և ունենալով պառլամենտում հինգ պատգամավոր, հասանք նրան, որ երկիրը գնալու է այն ուղղությամբ, որը մենք պատկերացրել ենք, որևէ ուժի համար նման հաղթանակ դժվար իրագործելի էր»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց, թե կարևում են բովանդակային քննարկումները կոչ են անում, որ բոլորը մտնեն բովանդակային քննարկումների մեջ: «Կարծում եմ քաղաքացիական հասարակությունը, որ առողջ շերտեր ունի, մտնի բովանդակային քննարկման փուլ»,- ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը նշեց, թե շատերն ասում են քաղաքական և հասարակական պահանջ չկա, բայց քաղաքական պահանջ, ըստ նրա, միշտ էլ եղել է, իսկ հասարակական պահանջը դժվար է պատկերացնել: «Հասարակությունը դուրս չի գալիս փողոց, ասում է՝ պետք է փոխել, դա անում է ակտիվ զանգվածը»,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե բոլորովին նոր որակի Հայաստան ենք ունենալու այս Սահմանադրության փոփոխությունից հետո: Պատգամավորի խոսքով՝ գործող համակարգը մենիշխանություն ծնող համակարգ է և երկրի համար թիվ մեկ հարցն էր ազատվել այդ մենիշխանական համակարգից:

«Դրա համար առաջարկել էինք խորհրդարանական համակարգ և իշխանության ապակենտրոնացում: Երբևէ իշխանափոխություն տեղի չի ունեցել ընտրությունների միջոցով, և ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով»,-ասաց նա և նշեց, թե նոր Սահմանադրությամբ իշխանական լիազորությունները բաշխված են մի քանի տեղ, և դրանով գլխավոր հարցերից մեկը լուծվում է:

«Մյուս հարցը իշխանափոխության հարցն է. անհավասար մրցակցությունն առաջանում էր մեծամասնականի միջոցով, դա վերացվում են սահմանադրորեն: Ուրեմն բոլոր այն շահարկումները, տարընթերցումները, մեկնաբանությունները կտրված են տեքստից, համարում եմ քաղաքական սպեկուլյացիա, որովհետև պնդումները, թե վերարտադրության համար է այդպիսի բան գոյություն չունի այս տեքստում»,-ասա նա:

Ի պատասխան դիտարկմանը, թե գործող Սահմանադրությունը չի խանգարում լավ երկիր ունենալ, Արմեն Ռուստամյանն ասաց, թե, այո, չի խանգարում, բայց չի էլ նպաստում: «Այս Սահմանադրությունը վերարտադրության բոլոր հիմքերը էապես նվազեցնում է, և շատ հստակ»,-ասաց նա:

tert.am