ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի հայտարարութիւնը

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յայտարարում է քաղաքական կոալիցիային իր մասնակցութիւնը դադարեցնելու մասին:

Նկատի ունենալով խնդրի քաղաքական նշանակութիւնը, հանրային հնչեղութիւնը եւ հետեւանքները` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս քայլի պատճառները:

Նախ` ՀՅԴ-ն կոալիցիային մաս կազմեց նախագահական ընտրութիւններից յետոյ երկրում ստեղծուած ճգնաժամը, հայկական երկու պետութիւնների անկախութեանն ու անվտանգութեանն ուղղուած ռազմաքաղաքական սպառնալիքները միասնական ուժերով յաղթահարելու եւ համակարգուած բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումով:

Այս ընթացքում որոշակի յաջողութիւններ արձանագրուեցին, սակայն անյաղթահարելի սկզբունքային տարաձայնութիւն առաջացաւ արտաքին քաղաքականութեան ուղեգծի շուրջ:

Մենք մշտապէս համոզուած ենք եղել, որ պետութեան ազգային անվտանգութեան ռազմավարական ուղղութիւններից մէկը Հայոց ցեղասպանութեան համընդհանուր, մասնաւորապէս` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Սա դիտարկուել է ոչ միայն պատմական արդարութեան վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահութեան մթնոլորտի բարելաւման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում: Այս առումով, ինչպէս արդէն յայտարարել ենք, մեզ համար անընդունելի ու դատապարտելի էր ապրիլի 24-ի անմիջական նախօրէին եւ Թուրքիայի ղեկավարների հակահայկական, նախապայմաններ թելադրող կեցուածքների համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարութիւնների համատեղ յայտարարութեան ընդունումը: Ունենք նաեւ սկզբունքային տարաձայնութիւններ Հայաստան-Թուրքիա բանակցութիւններում արծարծուող որոշ դրոյթների վերաբերեալ ՀՀ-ի իշխանութիւնների դիրքորոշման հարցում: Այդ դրոյթների վերաբերեալ ամբողջական տեսակէտները կ’արտայայտենք դրանց հրապարակային քննարկումների ժամանակ:

Հետայսու ՀՅ Դաշնակցութիւնը Հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր` ընդդիմադիր ուժի կարգավիճակով: Մեր հիմնական առաջնահերթութիւնները լինելու են.

Դառնալ իշխանութեան լիարժէք այլընտրանք` բոլոր հիմնահարցերի վերաբերեալ առաջարկելով սեփական ծրագրերն ու լուծումները:

Որպէս ընդդիմութիւն ստանձնել իշխանութիւններին արդիւնաւէտօրէն հակակշռելու եւ զսպելու դերակատարութիւն:

Իրականացնել անհրաժեշտ գործառոյթներ` քաղաքական դաշտի առողջացման եւ բիւրեղացման, իշխանութիւն-ընդդիմութիւն քաղաքակիրթ յարաբերութիւնների ձեւաւորման, սոցիալական արդարութեան հաստատման եւ ժողովրդավարութեան ամրապնդման նպատակով:

Ծաւալել նախընտրական խոստումներից բխող ամբողջական գործունէութիւն, դրսեւորելով ՀՅ Դաշնակցութեան գաղափարաքաղաքական ինքնատիպութիւնը:
Հայ-թուրքական յարաբերութիւնների, Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացներում առաջնորդուել բացառապէս ազգային-պետական շահերի եւ նպատակների գերակայութեամբ:

Մենք գնահատելի ենք համարում կոալիցիոն գործընկերների հետ համատեղ գործունէութիւնը եւ յաջողութիւն ենք մաղթում նրանց աշխատանքներին` ի շահ մեր պետութեան եւ ժողովրդի:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
27 ապրիլի 2009թ.

Տպել Տպել