[1]ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Թուրքիայի այս իրադարձությունները մտահոգիչ են, իշխանություններն սկսել են մեծ ռազմական արշավ Թուրքիայի քրդաբնակ շրջանակններում:
Քրդական հասարակության դեմ ու Իրաքում, Սիրիայում հակաքրդական քաղաքականություն է վարվում»,- ասաց Մանոյանը` հավելելով` «Մենք քննադատում ենք ու գտնում ենք, որ կատարվածն ուղղված է քուրդ ժողովրդի դեմ ու Թուրքիայի նման քաղաքականությունը հարվածում է բոլոր ժողովրդներին, ներառյալ հայությանը։ Մեզ համար հարցը մտահոգիչ է այնքանով, որ իր ազդեցությունը կարող է ունենալ մեզ վրա, մեր տարածաշրջանի վրա և սա, բնականաբար, Հայաստանի համար ևս դրական չէ»։
Մանոյանի խոսքով` Թուրքիան ոչ մի ցանկություն չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու, որովհետև իրենք էլ գնում են հասարակությունը պառակտելու ուղղությամբ և, հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, իրենք փորձում են առավել շիկացնել մթնոլորտն իրենց երկրում։ Անդրադառնալով Սիրիայում առկա լարված իրավիճակին`Մանոյանն ասաց, որ իրենց շահերի գլխավոր վտանգը Իսլամական պետությունից է գալիս:
«Այսօր Թուրքիան ոչ միայն չի պայքարում դրա դեմ, այլ նաև աջակցում է»,- նշեց նա: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի նախագահ Էրդողանն օգտագործի իր սահմանադրական իրավունքը և հետաձգի խորհրդարանական ընտրությունները, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Այսօր նրանք չեն ուզում ընտրությունները հետաձգել, քանի որ սա կնշանակի, որ այս մթնոլորտը պետք է ձգել ևս մեկ տարի»:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից` Կիրո Մանոյանն ասաց. «Ուորլիքի հայտարարությունն առանձնապես մեծ կարևորություն չունի: Արևմուտքը, ներառյալ ԱՄՆ-ն, Ադրբեջանից դժգոհ են և դա բարձրաձայնվում է Արևմուտքի կողմից:
Ադրբեջանը փորձում է փոխլրացնող հարաբերություններ պահել Ռուսաստանի և Արևմուտքի հետ, բայց դրանք ձախողվում են: Արևմտյան որևէ պետություն չի աջակցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը: Եթե նրանք համապատասխան ձևով չեն արձագանքում հայ-ադրբեջանակական լարվածությանը, դա չի նշանակում, որ չեն նկատում, բայց նրանց նման պահվածքն էլ ճիշտ չէ»:
Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու հարցում չի ուշանում, բայց նաև պետք չէ դանդաղել, շեշտեց Մանոյանը:
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանը մյուս բազմաթիվ երկրների համեմատ առավելություն ունի Իրանի հետ հարաբերությունների զարգացման և համագործակցության տեսանկյունից։
«Այստեղ ողջ հայությունը հնարավորություն ունի Իրանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, որովհետև այնտեղ ունենք հայկական համայնք, որը կարող է օգտակար լինել բազմաթիվ հարցերում»,-ասաց նա։
Կիրո Մանոյանը նշեց, որ նաև ԱՄՆ-ի հայությունը ևս կարող է իր դերակատարությունը ունենալ այս հարաբերութունների զարգացման գործում՝ վերջնականապես Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանելուց հետո։
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը չի կարելի բացառել, բայց հասկանալի չէ, թե ինչի մասին պետք է խոսեն նախագահները ստեղծված իրավիճակում:
«Ես չեմ պատկերացնում իրական արդյունավետ զրույց նախագահների միջեւ, եթե Ադրբեջանը 2009թ. սկսած դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների առաջարկներին ՝ փորձելով հարցի լուծումն այլ հարթակներ տեղափոխել»,- շեշտել է Կիրո Մանոյանը: Նրա խոսքով ՝ այս պահին Ադրբեջանը իրականացնում է նույն քաղաքականությունը, որը վարում էր Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումից առաջ: «Այդ ժամանակաշրջանում գրեթե ոչինչ չէր կատարվում սահմանների վրա: Սա ի դեպ ցույց է տալիս, թե որ կողմն է իրականում խախտում հրադադարի ռեժիմը»,-հիշեցրեց Կիրո Մանոյանը: Ադրբեջանը, շարունակեց նա, ուզում է լսելի դարձնել իր ձայնը, որպեսզի դժգոհություն հայտնի ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների կապակցությամբ: «Ադրբեջանում դեռ չեն հասկանում, որ իրենց վարած՝ իրավիճակի ապակայունացման քաղաքականությունը չի բխում հենց իրենց շահերից»,- հավելել է Կիրո Մանոյանը: